
Այսօր մեկնարկում է Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա: Անկարայում Ռուսաստանի նախագահն իր թուրք պաշտոնակցի հետ կվարի ռուս-թուրքական բարձր համագործակցության խորհրդի նիստը։ Օրակարգի գլխավոր հարցերից են տարածաշրջանային խնդիրները, երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունն ու գազը։
Թուրքիան «Գազպրոմի» մեծությամբ երկրորդ շուկան է Գերմանիայից հետո: Միայն անցյալ տարի այդ երկիր է մատակարարվել 26,7 միլիարդ խորանարդ մետր գազ: Օրերս Թուրքիայի էներգետիկայի նախարարն ասել էր, որ Անկարան հույս ունի ռուսական կապույտ վառելիքը զեղչով ստանալ։
Պուտինն ու Էրդողանը քննարկելու են նաև միջազգային ասպարեզի գլխավոր խնդիրներից մեկը՝ սիրիական հակամարտությունը, որի վերաբերյալ Մոսկվայի և Անկարայի մոտեցումները տարբերվում են։ Թուրքիան պնդում է, որ Բաշար Ասադի ռեժիմը պետք է փոխվի, մինչդեռ Ռուսաստանը պաշտոնական Դամասկոսի հետ երկխոսության կողմնակից է։
Անկարան նաև հուսով է Ռուսաստանի նախագահի այցի ընթացքում պայմանավորվել արևմտյան պատժամիջոցների ֆոնին ռուսական շուկայում թուրքական ապրանքների իրացման ծավալները մեծացվելու մասին։
Նշենք, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիա է մեկնել պետական այցով: Հատկանշական է, որ Ռուսաստանի նախագահը դիվանագիտական արարողակարգի ամենաբարձր՝ պետական այցով վերջին անգամ եղել է Հայաստանում՝ անցյալ տարվա դեկտեմբերի 2- ին։




