
Անցած շաբաթ Հայաստանի շուրջ զարգացումների շարքում առանցքայինն, անշուշտ, Աբու Դաբիում կայացած վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի հանդիպումն էր։
Այդ հանդիպումները, փաստորեն, այլևս կանոնավոր բնույթի են։ Այն, ինչ հայտնի է հրապարակավ ու պարունակում է կոնկրետություն հետևյալն է՝ կողմերը գլխավորապես քննարկում են առևտրա-տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր։
Սա ուշագրավ է այն առումով, որ հարց է առաջանում՝ արդյո՞ք անվտանգության հարցերի շուրջ այլևս առկա է պայմանավորվածություն, օրինակ՝ սահմանազատման հարցի, թե՞ այն կետերը, որոնց շուրջ Երևանն ու Բաքուն տակավին չեն կարողանում փոխհամաձայնության հասնել, մի կողմ են դրվել։




