
Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»
«Մոսկվա» կինոթատրոնում օրերս կայացավ Լուսինե Գևորգյանի՝ «Իմ Աստծուն փնտրելիս» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Հայաստանի ու Երուսաղեմի բազմաթիվ սրբավայրերում: Առանձքում Աստծուց ու բնությունից օտարված՝ 21-րդ դարի մարդու մտորումներն են, մարդ, որը փորձում է վերագտնել այդ կապը:
Տարիներ առաջ առողջական լուրջ խնդիրներ ի հայտ եկան: Բժշկին դիմել չցանկացավ, գերադասեց եկեղեղին: Աղոթքը եկեղեցում օգնում և զորացնում էր:
«Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցի էի այցելում: Այդ ընթացքում այնքան լավ բաներ հայտանաբերեցի, որ մտածեցի՝ այս ամենը ֆիլմի նյութ է, բայց գաղափարն ավելի որոշկի դարձավ միայն երեք տարի հետո»:
Ռեժիսոր Լուսինե Գևորգյանի ֆիլմն ի սկզբանե պիտի կոչվեր «Իմ ապաշխարհությունը», սակայն ուխտագնացությունը դեպի Երուսաղեմ փոխեց ոչ միայն ֆիլմի վերնագիրը:
Նախնական բոլոր պլանները միանգամից հօդս ցնդեցին, իսկ ֆիլմի սցենարը ծնվեց ետդարձի ճանապարհին՝ ինքնաթիռում:
«Տեքստը միանգամից եկավ, համակարգչով սկսեցի արագ-արագ հավաքել: Չորս էջ իմ մեմնախոսությունն էր՝ ինչու է մարդը գալիս աշխարհ, երբ նա գալիս դեպի Աստված, երբ է սկսվում այդ ճանապարհը: Երբ տանը փորձում էինք խմբագրել, հասկացանք, որ ոչինչ փոխել հնարավոր չէ: Դա պարզապես տրվել էր ու վերջ»:
Մարդը գալիս է աշխարհ իր Աստծուն փնտրելու՝ գիտակցված, թե անգիտակցաբար: Դիտողին սա է փորձում հասցնել Լուսինե Գևորգյանի արդեն միս ու արյուն ստացած ֆիլմը, որի պրեմիերան կայացավ օրերս՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմում հեղինակի՝ 21-րդ դարի մարդու մտորումներն են, մարդ, որն օտարվել է բնությունից, բայց Աստծո միջոցով փորձում է վերագտնել այդ կապը:
Ֆիլմը եզրափակում է աստվածաշնչյան ամենամեծ սփոփանքը. «Մի երկնչիր և մի վախեցիր, որովհետև քեզ հետ է քո Տեր Աստվածը՝ ուր էլ, որ գնաս»:




