Ընտրություններ 2026Քաղաքական

Ռուսական անձնագիր ունեցողները չեն կարող մասնակցել Հայաստանի ընտրություններին․ Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Հայաստանի առաջիկա ընտրություններին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք ունեն բացառապես ՀՀ անձնագիր՝ ընդգծելով, որ դա բխում է երկրի Սահմանադրությունից, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական գործընթացներին։ Նա նշել է, մեր երկիրը ժողովրդավարական է, և քաղաքական ակտիվությունը բնական երևույթ է։

«Մեզ մոտ սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և այդ ընտրությունները, փաստացի, նաև վարչապետի ընտրություններ են»,- ասել է նա։

Փաշինյանը հատուկ շեշտել է ընտրություններին մասնակցության սահմանադրական պահանջները։

«Այս ընտրություններին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, ովքեր ունեն բացառապես հայկական անձնագիր։ Այսինքն՝ ռուսական անձնագիր ունեցող մարդիկ, ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, չեն կարող լինել ոչ պատգամավորի թեկնածու, ոչ էլ վարչապետի թեկնածու»,- նշել է Փաշինյանը։

Նա նաև ընդգծել է, որ այս սահմանափակումը իրավական բնույթ ունի և վերաբերում է բոլոր երկքաղաքացի անձանց՝ անկախ քաղաքական դիրքորոշումից։

Փաշինյանը հավելել է, որ Հայաստանում քաղաքական գործընթացները մշտական են, իսկ սոցիալական ցանցերը լիովին ազատ։

Նույն հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մինչ այդ հայտարարել էր, որ Հայաստանում կան բազմաթիվ ռուսամետ քաղաքական ուժեր և գործիչներ, ինչպես նաև նշել էր, որ նրանցից ոմանք գտնվում են ազատազրկման մեջ։

Պուտինը նաև հույս էր հայտնել, որ այդ քաղաքական ուժերը կկարողանան մասնակցել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, միաժամանակ ընդգծելով, որ Ռուսաստանը չի միջամտում երկրի ներքին գործերին։

Կարդացեք նաև

Back to top button