Ընտրություններ 2026ՌեպորտաժներՔաղաքական

Զգուշացեք, ընտրակաշառք է․ թե’ իշխանական, թե’ ընդդիմադիր թևերում հիշեցնում են խստացված պատիժների մասին

Օրերս Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց ընտրակաշառքի դեպքի մասին, որը վերագրվեց ընդդիմադիր դիրքերից խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող առանցքային ուժերից մեկին։  Ընտրական գործընթացում տարբեր թևերից ներգրավվել պատրաստվողները կարևոր են համարում  հիշեցնելն ու իրազեկելը, որ Հայաստանում սահմանվել է լուրջ պատիժ ընտրակաշառքի համար։

Ընտրություններից երկու ամիս առաջ քաղաքական և իրավապահ համակարգերը սկսել են ահազանգել խախտումների մասին, որոնք արգելված են ընտրական և քրեական օրենսգրքերով։ Օրերս բացահայտված դեպքի օրինակով Հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է զերծ մնալ քողարկված կամ որևէ այլ եղանակով ընտրակաշառք բաժանելու, ինչպես նաև բարեգործության վերաբերյալ օրենսդրական արգելքը խախտելու հանցավոր վարքագծից, իսկ քաղաքացիներին կոչ է արվում խուսափել ընտրական հանցագործությունների կամ դրանց հետ առնչվող կասկածելի գործողությունների  ներգրավվելուց, այդ թվում՝ առանց աշխատանք կատարելու վարձատրվելուց։ Հակակոռուպցիոն կոմիտեն հատկապես նախընտրական  շրջանում մշտադիտարկելու է ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ փոխկապակցված կազմակերպություններում գրանցված կամ դրանց  առնչվող անձանց քայլերը:

Կոմիտեի վերջին բացահայտման հիմք են հանդիսացել հեռախոսազրույցների ձայնագրությունները։ Դրանցից մի քանիսը Կոմիտեն հրապարակել է․

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ այսպիսի փաստերի հիման վրա ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքով կա 5 ձերբակալված: Ըստ հաղորդման՝ մի խումբ անձինք նախ Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակ, Արմավիրի տարբեր բնակիչների ձևական գրանցել այնտեղ և հանձնարարել հավաքագրել անձանց, որոնք ընտրություններին կքվեարկեն Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։ Խոստացված ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ: Մեկ այլ դրվագով նաև բարեգործության անվան տակ գումար է բաժանվել:
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից արձագանքել են ներկայացվող մեղադրանքներին: Կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը շեշտել է․    

««Ուժեղ Հայաստան»-ը իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում։ Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է»։

Հայտնի ձեռագրի մասին խոսում են նաև իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

Հայկ Կոնջորյան . «Գիտե՞ք որն էր ամենանողկալին այդ ձայնագրություններից։ Մեկի մեջ մի մարդու 120 000 դրամ փող են խոստանում որպես ընտրակաշառք, որ գնա իր հիվանդանոցային ծախսերը հոգա։ Հիմա դուք հասկանու՞մ եք՝ հունիսի 7–ին մենք ինչերի միջև պետք է ընտրենք։ Մի կողմից այն քաղաքական ուժն ու կառավարությունն է, որն ասում է` Հայաստանի արժանապատիվ քաղաքացի, քո վճարած հարկերից քեզ տալիս եմ առողջապահության ապահովագրություն, կգնաս, կբուժվես երկու, նույնիսկ չորս միլիոնի վիրահատություն կանես, հետո առողջ ու հանգիստ կգնաս տուն ու ոչ ոքի պարտք չես մնա։ Մյուս կողմից այն քաղաքական ուժն է, որ ասում է` այս 120 000–ը վերցրու որպես «թուլափայ» գնա՝ տես ինչ ես անում որպես ընտրակաշառք։ Բայց այդ 120 հազարի տեղը միլիոն 200 հազարի տանջելու է այդ մարդուն։ Հասկանու՞մ եք»։

Տարոն Չախոյան. «Այո, ընտրակաշառքի միջոցով փորձում են այս ժողովրդին նորից ստրկացնել։ Հետաքրքիր է, հիմա ի՞նչ են ասելու Տաշիր Սամոն, նրա արհեստական բանականությունը, նրա թիմակիցները ու «ձևիստները»։ Էլի՞ կապ չունեն նախկինների հետ, թե՞ նախկինների բարքերի ու վարքերի հետ կապ չունեն»։

Սա իրավապահների  արձանագրած և իրավական ընթացք տված առաջին գործերից է, որը քաղաքական դաշտում փոխադարձ մեղադրանքների նոր թեմա է դարձել։  Կողմերը միմյանց մեղադրում են իրենց հանդիպումներին ավտոբուսներով մարդկանց տեղափոխելու  հարցում։

Ընդդիմադիր գործիչները վարչական ռեսուրսի չարաշահման ռիսկ են տեսնում, խոսում  ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումների ու ընտրական իրավունքի սուբյեկտիվ ընկալման եւ շանտաժի մասին։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավոր Արծվիկ Մինասյանն, օրինակ, համոզված է, որ հնարավոր պատերազմով ընտրողին վախեցնելով պետք է զբաղվեր գլխավոր դատախազությունը։

«Մարդկանց կամքի վրա ազդելու սպառնալիք է, որն արգելված է և քրեորեն պատժելի արարք է, և եթե մենք ունենայինք նորմալ դատախազություն, չեմ ասում ընդդիմությանը լսող, օրենքը, սահմանադրական նորմը պահող դատախազություն, Հակակոռուպցիոն կոմիտե, Քննչական կոմիտե, հիմա արդեն քրեական վարույթը պիտի նախաձեռնված լիներ»։  

Ընդդիմադիրները չեն բացառում, որ կդիմեն իրավապահներին Քրեական օրենսգրքի 421–րդ հոդվածի հիմքով։ Այդ հոդվածով պատժելի է համարվում ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելը։ Դրան է հղում անում ընդդիմությունը, երբ պնդում է, որ իշխանության «պատերազմի սպառնալիքի» հռետորաբանությունը ընտրողների կամքի վրա ապօրինի ներազդում է։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը Հայաստանի ներքաղաքական դաշտի իրադարձություններից ենթադրում է, որ գործ ունենք մի քանի խախտման հետ։ Տարիներ շարունակ ընտրական գործընթացներում  դիտորդ հանդես եկող Իոաննիսյանը, սակայն, կարևոր է համարում հիմնական ուղերձն ուղղել հենց քաղաքացիներին՝ ընտրողներին․օրենքով ընտրակաշառքի համար մինչև 7 տարվա ազատազրկում է նախատեսված։

«Եղբայր, եթե դու ընտրակաշառք ես վերցնում, դա բոլորիս քթից բերելու են, որովհետև եթե դու ընտրակաշառք ես վերցնում, դա արդեն քաղաքականություն չէ, դա առևտուր է։ Որքան էլ դա վատ չհնչի՝ ապրանք ես, որը մարդիկ առել են, որպեսզի օգտագործեն քաղաքացիների դեմ, որովհետև քաղաքացիների քվեն քեզանով ուզում են աղավաղեն։ Իսկ  քանի որ դա բոլորին է վնաս հասցնում, դա հանրային վտանգավորություն ունի, քրեականացված է։  Եթե դու չես հասկանում առաջին ուղերձը, իմացիր, որ եթե դու չգնաս քո ոտքով իրավապահներին չասես, որ դու վերցրել ես ընտրակաշառք, դու կարող է մինչև 2033 թիվը անցկացնես քրեակատարողական հիմնարկում»։

Ի պատասխան մեղադրանքների՝ իշխող ուժի ներկայացուցիչներն ընդդիմադիրներին անվանում են «պատերազմի կուսակցություններ» և պնդում, որ գործող իշխանությունը խաղաղություն երաշխավորող միակ ուժն է։ «Քաղաքացիական պայմանագրից» ընդդիմության առավելապես վերագրում են քրեական բնույթի խախտումներ, այն է՝ ընտրակաշառք, որի մի քանի դեպք արդեն բացահայտվել է, ու հիբրիդային պատերազմ՝  ապատեղեկատվության տեսքով։ «Քաղաքացիական պայմանագրի» անդամները կեղծ են որակում ընդդիմադիր լրատվամիջոցների լուրերը իշխանության ներկայացուցիչների կողմից իբր իրականացվող բռնությունների մասին։

Փոխադարձ մեղադրանքների ֆոնին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը կարևորում է կուսակցությունների ֆինանսական թափանցիկության հարցը՝ պարզելու, թե ընդդիմադիրները որքա՞ն են ծախսում օնլայն և ոչ միայն օնլայն քարոզարշավի վրա և որտեղի՞ց նրանց այդ փողը։

Կարդացեք նաև

Back to top button