
Իտալիայում՝ Պարմա քաղաքի մերձակայքում, գտնվող Մանյանի-Ռոկա հիմնադրամից գողացել են մի քանի միլիոն եվրո արժողությամբ արվեստի գործեր։ Գողացված աշխատանքների թվում են Պիեռ-Օգյուստ Ռենուարի «Ձուկը», Պոլ Սեզանի «Նատյուրմորտը բալերով» և Անրի Մատիսի «Օդալիսկը տեռասի վրա» կտավները։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ կողոպուտը տեղի է ունեցել մարտի 22-ի լույս 23-ի գիշերը։
Դիմակավորված չորս անձինք կոտրել են թանգարանի մուտքի դուռը, ներխուժել առաջին հարկի սենյակներից մեկը և կարճ ժամանակում հափշտակել ցուցադրված գլուխգործոցները՝ հեռանալով այգու տարածքով։
Իրավապահների գնահատմամբ՝ ամբողջ գործողությունը տևել է 3 րոպեից պակաս և եղել է մանրակրկիտ պլանավորված։
Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գողերը, հավանաբար, խուճապի են մատնվել ակտիվացված ազդանշանից և ներսում թողել են ևս մեկ կտավ, որը պատրաստվում էին տանել։
Ոստիկանությունն ուսումնասիրում է թանգարանի և հարակից տարածքների տեսահսկման համակարգերի ձայնագրությունները՝ հանցագործներին հայտնաբերելու նպատակով։
Պարմայից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող հիմնադրամում պահվում է արվեստի պատմաբան Լուիջի Մանյանիի հավաքածուն, որը ներառում է նաև Դյուրերի, Ռուբենսի, Վան Դեյքի, Գոյայի և Մոնեի ստեղծագործությունները։
Հիմնադրամը ստեղծվել է 1977 թվականին։
Սա արվեստի ոլորտում գրանցված խոշոր գողությունների հերթական դեպքն է, գրում է BBC-ին։




