
Առաջին ատյանի դատարանը բավարարել է «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանի փաստաբանի միջնորդությունը. Նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով, հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
2025 թ. նոյեմբերի 13-ին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին։ 2026 թ. հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր նրանց կալանքի ժամկետը։ Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին։ Հացադուլը սկսելուց 15 օր անց Սամսոնյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել էր։ Դրանից հետո Սամսոնյանի կալանքը փոխարինվել էր խիստ սահմանափակումներով տնային կալանքով։
Սամսոնյանին ու Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։




