Տնտեսական

39 մլն եվրոյի վարկ՝ մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի ստեղծման համար

Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն, որի նպատակն է մեկ համակարգում միավորել արտահանման եւ ներմուծման գործընթացներին ներգրավված բոլոր կառույցները, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Նրա խոսքով՝ ներկայում մաքսային գործառույթները իրականացվում են տարանջատված՝ փաստաթղթային գործընթացներն իրականացնում են մաքսային մարմինները, իսկ զննման աշխատանքները՝ առանձին տերմինալներում։ Նոր կենտրոնի ստեղծումը թույլ կտա այս գործընթացները համախմբել մեկ հարթակում՝ ապահովելով ավելի արդյունավետ վերահսկողություն եւ արագ սպասարկում։

Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 19-ին։ Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 39 մլն եվրոյի վարկ, ինչպես նաեւ 6 մլն եվրոյի դրամաշնորհ՝ Եվրոպական միությունից։ Նախատեսվում է նաեւ ՀՀ կառավարության համաֆինանսավորում։ Վարկը տրամադրվում է լողացող տոկոսադրույքով՝ 6-ամսյա Euribor + 1% մարժայով, իսկ մայր գումարի մարումը կսկսվի 4 տարի անց։

Ծրագրի շրջանակում կկառուցվի շուրջ 9000 քմ մակերեսով պահեստային եւ զննման համալիր, 408 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի, երկհարկանի լաբորատորիա, ճառագայթային զննման սարքավորումների հարթակ, ինչպես նաեւ կարգո եւ հավաքական բեռների մշակման այլ ենթակառուցվածքներ։

Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը կտեղակայվի Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հարեւանությամբ։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարվա երկրորդ կեսին։

Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը նշել է, որ կենտրոնի ստեղծումը կնպաստի Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների հոսքերի ավելացմանը եւ տնտեսավարողներին կտրամադրի ծառայություններ «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով։

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին՝ առաջարկելով այն ներառել առաջիկա նիստերի օրակարգում։ Հարցը քննարկվել է մարտի 23-ի արտահերթ նիստում։

Կարդացեք նաև

Back to top button