
Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականում հնարավոր է ընդգրկվի նոր դարպասապահ ռուսական ազգանանվամբ եւ հայկական արմատներով։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ուֆայի » 28- ամյա դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հայտնվել է Հայաստաանի ֆուտբոլի ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում։
Յուրչենկոն, ով վերջին շրջանում բավականին վստահ է հանդես գալիս, Ռուսաստանի առաջնության լավագույն դարպասապահներից մեկն է։ Ճիշտ ՝է Յուրչենկոն այնքան էլ բարձրահասակ չէ, բայց հիանալի ռեակցիա ունի, ցատկունակ է և բավականին գրագետ է գործում ստանդարտների խաղարկման ժամանակ։
Տեղեկություններ կան, որ նրա մայրը հայ է, իսկ դա բավարար է, որպեսզի ՖԻՖԱ-ն թույլատրի Դավիթ Յուրչենկոյին հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Սա թերևս լավ լուծում կլինի մեր ազգային ընտրանու համար: Շատերին է հայտնի, որ Հայաստանի հավաքականում առկա է դարպասապահի խնդիր:
Ճիշտ է՝ այժմ մեր ընտրանու դարպասը պաշտպանում է փորձառու Ռոման Բերեզովսկին, բայց նա 40 տարեկան է և, ամենայն հավանականությամբ, կավարտի ֆուտբոլիստի իր կարիերան։ Հայաստանի հավաքականի մարզչական շտաբն իր տրամադրության տակ ունի նաև «Միկայի» դարպասապահ Գևորգ Կասպարովին և «Ուլիսի» դարպասը պաշտպանող Արսեն Բեգլարյանին, սակայն այս դարպասապահները նույնիսկ Հայաստանի առաջնությունում աչքի չեն ընկնում հուսալի խաղով։
Այնպես որ՝ ռուսական ազգանվամբ, բայց հայկական արմատներով Դավիթ Յուրչենկոն մոտ ապագայում կարող է համալրել Հայաստանի հավաքականը։




