
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժերը որդեգրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերանայելու քաղաքականություն։ Նրա խոսքով՝ նման մոտեցումը կարող է բացել պատերազմի դուռը և հանգեցնել նոր էսկալացիայի։
Փաշինյանը շեշտել է, որ գործող պայմանավորվածությունների փոփոխությունը կարող է փլուզել բանակցային գործընթացը և վտանգել երկրի անվտանգությունը։ Նա նաև նշել է, որ խաղաղությունը ձեռք է բերվել ծանր կորուստների գնով և պետք է պահպանվի՝ հիմնվելով սեփական ուժերի վրա։ Վարչապետը վստահություն է հայտնել, որ հասարակությունը կպաշտպանի խաղաղության օրակարգը առաջիկա ընտրություններում։




