
Լուսինե Վասիլյան
Արմեն Վարդանյան
«Ռադիոլուր»
Նոյեմբերի 24-ին դրամը կտրուկ արժեզրկում արձանագրեց: Ազգային արժույթի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 21–ի համեմատ աճեց 16.6 կետով՝ հասնելով 435 դրամի և թարմացնելով 8–ամյա վաղեմության առավելագույն ցուցանիշը։ Վերջին անգամ Հայաստանում դոլարի փոխարժեքը գրեթե նույն մակարդակում՝ 435 դրամ, եղել է 2006 թվականի մայիսին: Ինչպես են գնահատում այս երևույթը մասնագետները, ինչի արդյուքն են համարում և ինչ հետևանքներ են կանխատեսում: Այս հարցերի մասին է մեր թեմատիկ անդրադարձը:
Մասնագետների համար դրամի արժեզրկումն անկանխատեսելի չէր , փոխարենը դժվար կանխատեսելի են առաջիկա զարգացումները: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ՝ դրամի արժեզրումը կանխատեսելի էր դեռևս ամռանը կամ ռուսական ռուբլու աննախադեպ արժեզրկման մեկնարկին: Այդ փուլում դրամի կայունությունը հնարավոր եղավ պահպանել ի հաշիվ հակակշռող գործոնների՝ մասնավորապես ամռան ամիսներին նկատված գործարար աշխուժության: Աշնան վերջին սակայն հակակշռող գործոնների ազդեցությունն անհամեմատ նվազ է: Արդյունքում՝ դրամի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 24–ին նոյեմբերի 21–ի համեմատ, աճեց 16.6 կետով՝ հասնելով 435 դրամի և թարմացնելով 8–ամյա վաղեմության առավելագույն ցուցանիշը։ Վերջին անգամ Հայաստանում դոլարի փոխարժեքը գրեթե նույն մակարդակում՝ 435 դրամ, եղել է 2006 թվականի մայիսին : Տնտեսագետը հորդորում է, սակայն, զուգահեռներ հատկապես 2009 թվականի հետ չտանել:
«Ես զուգահեռներ չէի տանի նախ այն պատճառով, որ 2009-ին տեղի ունեցավ այն, ինչ կուտակվել էր տարիների ընթացքում , զսպող քաղաքականության արդյուքնում: Բացի այդ ՝ 2009-ը տնտեսական ճգնաժամի տարին էր Հայաստանում, երբ գրանցվեց երկնիշ տնտեսական անկում»:
Թաթուլ Մանասերյանի գնահտմամբ՝ եթե մոտ երկու ամիս առաջ կանխատեսվում էր այն, ինչ կատարվում է այսօր, ապա նույն հաջողությամբ այսօր անհնար է կանխատեսել, թե ինչ կլինի տարեվերջին:
Կանխատեսումներ անելը, թե ինչ է սպասվում դրամին առաջիկա ամիսներին, անլուրջ է համարում Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Տնտեսագետի գնահատմամբ ՝ դրամի արժեզրկումը մեծապես պայմանավորված է Հայաստանի տնտեսության վիճակով և տարվա ընթացքում արձանագրված զարգացումներով ՝ ներդրումների ծավալի, մասնավոր տրանսֆերտների նվազում: Ասատրյանի խոսքով ՝ այս գործոններն են նպաստել են դրամի արժեզրկմանը:
Ինչ վերաբերում է դրամի և ռուբլու կապին, ապա տնտեսագետի խոսքով, որքան էլ տարօրինակ է հնչում , բայց արժեզրկումը իրավիճակին հավասարակշռության որոշակի տարրեր է հաղորդում, քանի որ Հայաստանը շարժվում է դեպի Եվրասիական տնտեսական միություն, դեպի միասնական տնտեսական տարածք և պետք է հարմարվի նոր իրողություններին:
«Ցավոք, այդ իրողությունների մեջ նաև ռուբլու արժեզրկումն է: Սա վատ իրողություն է, բայց դրան պետք է հարմարվել, հակառակ դեպքում կորուստներն ավելի մեծ են լինելու: Դրա համար հարկավոր է մտածված քաղաքականություն: Այն մոտեցումները, որոնք մինչ այդ Հայաստանը կիրառում էր, պետք է վերանայվեն»:




