ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Խորհրդարանի աշխատանքի օրվա խճանկարը. առանցքում՝ կառավարության ծրագրի կատարողականը

Խորհրդարանում ակտիվ քննարկումներ են․ կառավարությունը ներկայացնում է, թե ի՞նչ է արել անցած տարվա ընթացքում, և ի՞նչ արդյունքներ են գրանցվել տարբեր ոլորտներում։ Հանձնաժողովների նիստերում նախարարները հաջորդաբար ներկայացնում են իրենց զեկույցները՝ խոսելով ինչպես ձեռքբերումների, այնպես էլ առկա խնդիրների մասին։ Պատգամավորներն էլ իրենց հերթին փորձում են պարզել՝ որքանով արդյունավետ են ծախսվել միջոցները և իրականացվել նախանշված ծրագրերը։

Խորհրդարանում այս շաբաթվանից սկսած գերատեսչությունները ներկայացնում են կառավարության 2021–2026 թվականների ծրագրի 2025 -ի կատարման ընթացքը և արդյունքները։ Հանձնաժողովների նիստերում պատգամավորները լսում են նախարարների հաշվետվությունները․ հարցերն ու դիտարկումները, քննադատություններ էլ քիչ չեն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության  ծրագրերն ու արդյունքները։

«2017 թ-ին ունեցել ենք 85 983 գրանցված աշխատանք փնտրող, այնինչ 2025 թվականի վերջի դրությամբ այդ թիվը՝ 46 508 է։ Այսինքն՝ կրկին գրեթե կրկնակի  ցածր, և սա նորից խոսում է առաջընթացի մասին»։

Քրեակատարողական համակարգում սպասվում են էական փոփոխություններ։ Քննարկվում է  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի փակման հարցը՝ դիտարկելով  ավելի արդիական և արդյունավետ լուծումներ։ Հնարավոր է թե պետություն-մասնավոր գործակցությունը, թե՛ ամբողջությամբ պետական միջոցներով նոր հիմնարկի կառուցումը։ Մյուս քրեակատարողականները պետք է վերանորոգվեն․ այս մասին ԱԺ-ում իր զեկույցը ներկայացնելիս ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հետ կապված մենք ունենք որոշում, որ ինչ-որ պահի, և այդ պահը պետք է լինի հնարավոր ամենաշուտ պահը, պետք է այդ հիմնարկը փակվի, և շատ ակտիվ այլընտրանքային լուծումներ գտնելով ենք զբաղված։ Այս պահին ունենք 1 մասնա վոր ընկերությունից առաջարկ։  Մասնավոր-պետական գործընկերության շրջանակներում կառուցել քրեակատարողական  հիմնարկ։ Հիմա այդ առաջարկն ենք դիտարկում, պետք է նաև գնահատենք այն ֆինանսական բեռը, որ պետությունը կարող է կրել այդ ձևաչափով գործընկերության դեպքում, և համ համադրենք այն հնարավոր տարբերակի հետ, որ պետությունը ինքը կառուցի քրեակատարողական հիմնարկը կամ վերանորոգի, օրինակ, Էրեբունի քրեակատարողական հիմնարկը, այդ տարբերակները քննարկել և մոտ ապագայում մենք կունենանք հստակ որոշում, թե ինչ ուղղությամբ ենք առաջ շարժվում, բայց այն, որ մեր ապագայում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը չի լինելու,դա միանշանակ է»։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր զեկույցը ներկայացնելիս շեշտել է՝  նախորդ տարի գյուղատնտեսության համախառն արտադրանքը գերազանցել է 1 տրլն դրամը՝ 2024-ից 5.6 տոկոսով ավելի։   

«2025 թ տարեվերջի դրությամբ գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 380 մլրդ դրամ, որը 2024թ համեմատ աճել է 10.4 տոկոսով, իսկ 2017թ-ի համեմատ՝ 2.3 անգամ: Սա նշանակում է, որ գյուղոլորտում ներդրումների ծավալը շարունակաբար ավելանում է, որովհետև այս վարկային միջոցները ներդրվել են ոլոր տում»։

Վերջին երեք տարում Հայաստանում զգալիորեն նվազել են այն բնակավայրերը, որտեղ նախադպրոցական ծառայությունները հասանելի չեն՝ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր զեկույցը ներկայացնելիս։Նախարարն ընդգծել է, որ իրականացված ծրագրերը արձանագրել են նկատելի առաջընթաց։

«Այս պահին մեր 1011 բնակավայրերից միայն 87-ում նախադպրոցական ծառայություն հասանելի չէ կամ 8,6 տոկոսում։ Ընդամենը 3 տարի առաջ այդ ցուցանիշը 229 կամ 22,7 տոկոս էր»

Խորհրդարանում քննարկումները շարունակվում են․ դրանց առանցքում տարբեր ոլորտներում գրանցված արդյունքներն ու առկա խնդիրներն են։ Գործադիրի ոլորտային պատասխանատուները ներկայացնում են իրենց կատարած աշխատանքը, իսկ պատգամավորները փորձում են հասկանալ՝ ի՞նչն է ստացվել, ի՞նչը՝ ոչ։

Back to top button