Հայաստանում հայտարարում են, որ Ռուսաստանի իշխանությունները, օգտագործելով իրենց հատուկ ծառայությունների` ФСБ-ի կարողությունները, ճնշում են գործադրում ռուսաստանաբնակ հայ գործարարների նկատմամբ, որպեսզի նրանք գումար տրամադրեն այնտեղ բնակվող Հայաստանի քաղաքացիներին, որպեսզի նրանք էլ գան Հայաստան և հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին քվեարկեն կոնկրետ ուժի օգտին։
«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող, «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը ասում է, թե փաստեր ունեն և այդ հիմքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ ընդդեմ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության։
Հյուրընկալել ենք «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող, «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանին։ Յուրաքանչյուր կիրակի «Կիրակիի» եթերում Սարգիս Հարությունյանն անդրադառնում է անցած շաբաթվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, իրավական, ինչպես նաև միջազգային զարգացումներին։




