ՀասարակությունՌեպորտաժներ

ՔՊ խմբակցությունը կասեցրել է Վանաձորում կասկածելի օտարումների նախագիծը․ 1 տարվա դադարից հետո ավագանին արտահերթ նիստ է գումարել

1 տարվա դադարից հետո Վանաձորի ավագանին արտահերթ նիստ էր գումարել՝ օրակարգային հարցերի մեծ փաթեթով։ Քվորումն ապահովվել էր «Ապրելու երկիր» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանի մասնակցությամբ․ վերջինս գրեթե 2 տարի բոյկոտում էր նիստերը։ Մինչև ավագանու նիստը նա  հայտարարել էր, որ հանուն վանաձորցիների որոշել է մասնակցել արտահերթին։

Նիստին հաստատվել է մոտ 32 մլն դոլար արժեքով սուբվենցիոն ծրագրերի փաթեթ, նաև՝ Վանաձորի մանկապարտեզներն անվճար դարձնելու նախագիծը, իսկ ահա շուրջ 1200 կտոր հողամասերի օտարման ու վարձակալման նախագիծը ձեռնպահ քվեարկությամբ կասեցրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

5 ժամից ավելի տևած արտահերթ նիստ, 40-ից ավելի հարց, մանդատից հրաժարում։ Վանաձորի ավագանին 1 տարվա դադարից հետո վերջապես նիստ էր գումարել։ Սուբվենցիոն փաթեթ, 2026-ի բյուջե, նախորդ տարվա կատարողական ու էլի շատ հարցեր բուռն քննարկման առիթ էին։ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանն առաջարկեց համայնքային ենթակայության հիմնարկների ոչ ղեկավար կազմի աշխատողների աշխատավարձերը բարձրացնել առնվազն 50 տոկոսով, համայնքի ղեկավարի պաշտոնակատարն արձագանքեց՝  30 տոկոսից ոչ ավելի, բայց դեռ նախագիծ պիտի լինի։

2025-ի բյուջեի 98 տոկոս կատարողականին առնչվող հարցեր ուներ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  անդամ Լուսինե Թադևոսյանը։

«Սկսած շների ստերջացումից՝ մինչև համայնքի ծրագրերի կատարողականներ։ Երբ դիտարկում ենք՝ բավականին շատ շինաշխատանքներ կան, գրեթե բոլորը կամ չեղարկվել են, կամ տեղափոխել են հաջորդ տարի, կամ կատարման փուլում են, ինչը մանրամասն ուսումնասիրման կարիք ունի։ Ես գտնում եմ, որ պետք է սա առանձին ուսումնասիրվի»։

Ավագանու անկախ անդամ Արմեն Այվազյանին մտահոգում է՝ ինչպե՞ս են առանց ավագանու որոշման բյուջեի ծախսային մասում փոխոխություններ արել։

«Իմ մոտ անհանգստություն կա կատարողականին քվարկելու հետ կապված, որ 30 միլիոն զուտ Վանաձորի քաղաքային տնտեսությանը գումար է փոխանցվել, որը առանց ավագանու որոշման չէիք կարող փոխանցել։ Դա հետագայում, համոզված եմ, որոշակի խնդիրներ առաջացնելու է»։

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը հակադարձեց՝ «Բայց ով է ասել, որ  այդ 30 միլիոնը ծախսվել է։ Ծախսելը կապ չունի, բայց առանց ավագանու բյուջեի մեջ 30 միլիոնի փոփոխությո՞ւն»։

Երկար ու խնդրահարույց էր բյուջեի կատարողականի քվեարկությունը, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջին քվեարկությանը ձեռնպահ էր։

«Որ խնդրեմ մի հատ էլ կքվեարկե՞ք։ 10 կողմ։ Ալավերդյանը՝ դեմ»։ 

Թեև ավագանին կրկնակի քվեարկություն անցկացրեց, բայց այդպես էլ չչեղարկեց բյուջեի կատարողականը հաստատելու նախորդ որոշումը՝ նկատում է համայնքային գործընթացները մշտադիտարկող Գևորգ Քոթանջյանը: Ստացվում է՝ նույն հարցի շուրջ 2 տարբեր որոշում է ընդունվել: Այս հարցում կառավարության ասելիքն է որոշիչ՝ ասում է։ Փաստացի, ավագանին նոր քվեարկությամբ անվստահություն հայտնեց նախորդ տարվա բյուջեի կատարողականին:

«Ձևավորված համայնքային իշխանության ներքո համայնքի ղեկավարը պիտի գրություն ուղարկեր կառավարություն՝ իր իմփիչմենտի հարցը քննակելու։ Քանի որ պաշտոնակատար է, նման հնարավորություն չկա։ 1-ին անգամ ունեին քաղաքական դիրքորոշում, 2-րդ անգամ փոխվեց դիրքորոշումը, որովհետև սուբվենցիաների ծրագիրը կարող էր ձախողվել։ Քանի որ իրենց 1-ին որոշումը առոչինչ չճանաչվեց, հիմա կա 2 հակասական որոշում»։

Վանաձորի փոքրիկ բնակիչների համար մանկապարտեզներն անվճար կդառնան։ Վանաձորի զարգացման 32 միլիոն դոլարի սուբվենցիոն փաթեթը ևս ընդունվեց։ Ձեռնպահ էր միայն «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը։ Նա օրեր առաջ էր հայտարարել, որ նիստի կգա՝ քվորում ապահովելու, բայց սուբվենցիոն ծրագրերի   հիմնավոր լինելու հարցում թերահավատ է։

Օրակարգում էր նաև  մոտ 800 կտոր հողամասերի օտարումն ու վարձակալությունը։ Մինչ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, որ կոռուպցիոն մեղադրանքներով կալանավորված նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի տեղակալն էր, ու ավագանու անկախ անդամ Արմեն Այվազյանը պնդում էին, որ որոշումը հրատապ ընդունման կարիք ունի, որովհետև հարյուրավոր քաղաքացիներ են դիմում՝ օրինականացնելու և վարձակալելու ապօրինի կառույցները, «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ քվեարկությամբ կասեցրեց որոշման ընդունումը։    

«43-րդ հարցին ովքե՞ր են կողմ։ 8 կողմ 9 դեմ»։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Հարությունյանը չմանրամասնեց՝ կասկածներ ունե՞ն հողամասերի օտարման թափանցիկության հարցում։ Ասաց՝ ժամանակ է պետք ծանոթանալու։

«Մենք բոլորին հավաստիացնում ենք, որ հարցերը կուսումնասիրենք։ Ով էլ ջանացավ է մեր ժողովրդի հարցերը լուծելու համար, բարի լինեն գան նիստի, հաջորդ նիստում կհաստատենք»։

Քաղաքացի Ռոբերտ Աղազարյանը հողերի օտարման մասով վերապահումներ ունի։ 

«Եթե այդ տվյալ տարածքը այդ շենքի բնակիչների, երեխաների համար է, պիտի այդտեղ խաղահրապարակ լինի, ոչ թե 3 հոգի տզրուկներ իրենց համար շինություններ կառուցեն, նույնիսկ բակեր կան, որտեղ3 հարկանի սեփական տներ են կառուցել, բայց խաղահրապարակ գոյություն չունի»։

Համայնքային գործընթացները մշտադիտարկող Գևորգ Քոթանջյանի դիտարկմամբ՝ 2025-ին ընդունված Վանաձորի  հատակագծով՝ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ներքո գտնվող հողամասերը ենթակա չեն օտարման, մինչդեռ դիտարկվող հողամասերի մեծ մասը հենց  դրանց շարքից էին։

«Նախկինում հողեր են եղել, որ 60 հոդվածի չէին, նոր հատակագծով արդեն 60 հոդվածի տակ են դիտարկվում, և հակառակը։ Հողային օրենսգրքի 60 հոդվածն է, ըստ որի՝ հողն օտարման ենթակա չէ, ոչ ոք սրա մասին տեղեկացված չի։ Պետք է ընդունեն հողային բալանս, քաղաքաշինական սխեմա, նոր համայնքը կազմում է հողերի օտարման տարեկան պլան։ Փաստացի վկայականները կան, քաղաքացիները գնացել, հանել են։ Մեծ խնդիր է, թե քաղաքացիների չափագրած հողերից որքանն է 60 հոդվածի հող, քանիսը չէ։ Օտարելու պարագայում խնդիր է առաջանում, որովհետև և որոշումն է հակաօրինական, և  քայլերը, և այս դեպքում կձևավորվեր հանցակազմ»։

Ավագանու նիստի ավարտին անկախ անդամ Արմեն Այվազյանի մանդատը վայր դրեց․ խորապես հիասթափված է ավագանու ինստիտուտից՝ պատճառաբանեց։

Այս ընթացքում Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը սոցցանցում գրել էր՝ մարզկենտրոնի կառավարման ճգնաժամը լուծված է։ 5 ամիս շարունակ տասնյակ հանդիպումներ, ժամեր տևած քննարկումներ եմ ունեցել ավագանու նիստի կայացման նպատակով` հավատալով, որ  նիստը կայանալու է։ 

Կարդացեք նաև

Back to top button