
«Իմ քայլը» հիմնադրամին նվիրատվությունները հերթական անգամ դարձել են խորհրդարանական բուռն քննարկումների առարկա։ Պետական մաքսատուրքային արտոնություններ ստացած ընկերությունների նվիրատվություններում ընդդիմությունը կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։ Իշխանական պատգամավորները, սակայն, այդ պնդումները կտրականապես մերժում են՝ դրանք որակելով անհիմն և քաղաքական շահարկում։ Թեման ԱԺ օրակարգում հայտնվեց Հակակոռուպցիոն կոմիտեի 2025-ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ՝ վերածվելով իշխանություն-ընդդիմություն հերթական բանավեճի։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում իշխող կուսակցությանը և «Իմ քայլը» հիմնադրամին նվիրատվություններում։ Մինչդեռ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, 2023–2025 թթ․ ՀՀ կառավարությունից շուրջ 149 մլրդ դրամի մաքսատուրքային արտոնություններ ստացած 202 ընկերություններից 11-ը նվիրատվություններ են կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և «Իմ քայլը» հիմնադրամին։
«Արտոնություն ստացած 202 ընկերությունից 11-ը կատարել են 12 մլն դրամի նվիրատվություն կուսակցությանը։ Սա ի՞նչ կոռուպցիա։ Սա ի՞նչ թվեր են ընդհանրապես։ 95 մլն դրամն էլ այն 11 ընկերությունը նվիրաբերել են «Իմ քայլը» հիմնադրամին, որը բարեգործական գործունեություն է ծավալում»։
Արման Եղոյանը համամիտ չէ ընդդիմադիրների՝ ենթադրյալ կոռուպցիոն ռիսկերի մասին պնդումներին։ Պատգամավորը նաև դժգոհություն հայտնեց, որ ստիպված է իր ժամանակը տրամադրելու, իր գնահատմամբ, ոչ հիմնավոր բովանդակությամբ ընթերցումներին։
«Բան ու գործ չունեմ՝ դնեմ ձեր ցնորքները կարդամ»։
Այստեղ կոռուպցիոն ռիսկեր չի նկատում նաև ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Պատգամավորը կարծում է, որ զարմանալու ոչինչ չկա, որ արտոնություն ստացած 202 ընկերությունից 11-ը նվիրատվություն են կատարել իշխող կուսակցությանը։
«Շատ նորմալ է, որ այդ կազմակերպությունները պետք է իրենց աջակցությունը հայտնեն, այս դեպքում, նվիրատվության տեսքով այն քաղաքական թիմին, որն ապահովում է այն միջավայր, որտեղ նրանք աշխատում են ազատ և անկաշկանդ։ Բա ու՞մ պետք է գային նվիրատվություն տային։ Քոչարյանի՞ն պիտի տային ժամանակին, Սերժի՞ն պիտի տային, որ իրենց ամեն օր թալանում էին, թափ էին տալիս մարդկանց։ Ոտքերից թարս բռնում էր բիզնեսմեններին թափ էր տալիս մինչև վերջին կոպեկը»։
ԱԺ-ում այս թեմային անդրադառնալու առիթը Հակակոռուպցիոն կոմիտեի 2025-ի գործունեության մասին զեկույցն էր, որը խորհրդարանին ներկայացրեց կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
35 էջից կազմված փաստաթղթից 12-ը ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին ավելի շատ հիշեցրել են 2000-ականների արխիվային նյութերի ընթերցում։ Նրա գնահատմամբ՝ զեկույցում հիմնականում անդրադարձ է կատարվել նախկին պաշտոնյաներին վերաբերող կոռուպցիոն գործերին։
«Արձանագրել եմ, որ ընդամենը մեկ մարդ կա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ՝ Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանն ու իր ընտանիքի անդամները, որոնք անցնում են քրեական գործով։ Ուզում եք ասել, որ գործող իշխանության որևէ ներկայացուցիչ կոռուպցիոն որևէ գործի մեջ ներգրավված չէ՞»։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պատգամավորի հարցերը համարեց քաղաքական և առաջարկեց դրանց անդրադառնալ իրավական հարթությունում։
«Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության համար չկան նախկին և ներկա պաշտոնյաներ։ Կա հստակ ընթացակարգ, կա քրեական դատավարություն, և համապատասխան հաղորդումների հիման վրա քննվել են քրեական վարույթներ, նաև նախկին տարիներին նախաձեռնված քրեական վարույթներ և հասել են իրենց տրամաբանական ավարտին»։
Ընդդիմադիր պատգամավորը հարցնում է՝ եթե Հակակոռուպցիոն կոմիտեի համար տարբերություն չկա նախկին և գործող պաշտոնյաների միջև, ապա ինչո՞ւ է կարճվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նվիրատվությունների և դրամահավաքների վերաբերյալ հարուցված քրեական գործը։ Պատգամավորը հիշեցրեց, որ իր ներկայացրած բազմաթիվ հաղորդումների ուղղությամբ կոմիտեն միջոցներ չի ձեռնարկել։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյան․ «Այդ հաղորդումները մանրակրկիտ ուսումնասիրվել են, և այդ ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ Դուք գրավոր իրազեկվել եք, նաև ես Ձեզ համապատասխան գրություն եմ հասցեագրել, թե որ դեպքում ինչ պատճառով Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդման որևէ դրվագով քրեական վարույթ չի նախաձեռնել»։
Կոմիտեի նախագահը պատգամավորին կոչ արեց՝ իրավական առումով էական հակափաստարկների առկայության դեպքում՝ օրենքով սահմանված կարգով դիմելու համապատասխան իրավասու մարմիններին։
Կոմիտեի լիազորությունների և դրանց կատարման արդյունավետության վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ բարձրաձայնվող կոռուպցիոն դեպքերից հետո հանրությունը հաճախ չի տեսնում հստակ և տեսանելի գործողություններ։ Նա հետաքրքրվեց՝ ինչ քայլեր է անում կոմիտեն այդ ուղղությամբ։
«Բա այդ, որ ասում եք, ասում եք այդքան անուններ և այլն։ Այդ ունեցվածքը դեռ տնօրինում են այդ մարդիկ, օրինակ՝ Աղվան Հովսեփյանը։ Մի հսկա ցանկ։ Դատարանում է, ընթանում է պրոցեսը։ Բայց ինքը Սարյանի իր հսկա տնից դուրս է գալիս ճոխ մեքենաներով, հետո գնում է Բյուրական։ Հասարակությունը դա տեսնում է, և հարց է առաջանում․ բացահայտումների և իրացման պահանջարկը կա, եթե կոռուպցիոն դրսևորման հետևանքով կուտակվել են գումար, անշարժ գույք, ապա դրանք օր առաջ պետք է ստանան իրենց առանձնացումը տվյալ անձնավորությունից, որը քրեադատավարական պրոցեսներով պետք է կարողանա տալ այդ հարցերի պատասխանը»։
Հակաոռուպցիոն կոմիտեի նախագահը ընդգծեց, որ Անդրանիկ Քոչարյանի նշած դեպքերով, երբ գույքի վրա կալանք է դրվում, և դատավարական գործընթացներ են տեղի ունենում, այստեղ Հակակոռուպցիոն կոմիտեն անելիք չունի․ դրանք պետական այլ մարմինների լիազորության տիրույթում են։
Արթուր Նահապետյանը տեղեկացրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում 2025–ին քննվել է 2․585 քրեական վարույթ։ Քննված գործերից 890-ը ավարտվել են, 617-ը՝ կարճվել, իսկ ավարտված 273 վարույթով 661 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունները ուղարկվել են դատարան։ Ըստ զեկույցում հրապարակված տվյալների՝ 2025-ին քննված վարույթների թիվը 296-ով գերազանցել է 2024-ի ցուցանիշը։




