ԿարևորՔաղաքական

Ռազմական հետախուզության օրը հայ զինծառայողները ցույց տվեցին իրենց առավելությունը հակառակորդի նկատմամբ

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

«Ադրբեջանի Հանրապետության պետական կոշտ դիրքորոշումը, բանականության բացակայությունը եւ մարդասիրական նորմերի բացակայությունը՝ ուղղաթիռի խոցումը եւ խոցումից հետո համապատասխան միջոցառումների կատարումից հրաժարվելը ստիպել է ՊԲ ղեկավարությանը դիմել հատուկ գործողությունների: Նրանց զինծառայողների հմուտ գործողությունների արդյունքում դիտարկվել է ուղղաթիռի ընկած վայրը, դուրս բերվել զինծառայողներից մեկի դին եւ մյուսի մասունքները, նաեւ հետագայում ճիշտ հետաքննություն անցկացնելու համար նաեւ ուղղաթիռի կարեւոր մասերից մի քանիսը: Այդ ընթացքում հակառակորդի կողմից կազմակերպված ծուղակը ամբողջովին ոչնչացվել է ՊԲ զինծառայողների կողմից»,- այսօր հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ  ռազմական հետախուզության ստեղծման 22- րդ տարեդարձին նվիրված արարողության ժամանակ։

Այդ առիթով Քանաթեռի զորամասում կազմակերպվել էին զորավարժություններ: Շնորհավորանքները եւ պարգեւատրումները շատ էին, սակայն հայ հետախույզները կարեւոր նվերը մատուցեցին իրենք իրենց: Այսօր հենց հետախույզների աշխատանքի շնորհիվ է, որ վերջապես դուրս են բերվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմինները։

Զոհված էդայուների ընտանիքներին եւս մեկ անգամ ցավակցություն հայտնելով՝ նախարար Օհանյանը միաժամանակ նշեց, որ հպարտանում է  Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներով, ովքեր իրենց առջեւ դրված բարդ խնդիրը կատարեցին պատվով:

Ռազմական հետախուզության հատուկ ստորաբաժանումների  զինծառայողներն այսօր մեկ ժամից ավելի ցուցադրում էին, թե ինչի են ընդունակ եւ ինչպես կարող են կատարել տարբեր հանձնարարությունները: Այս գործում ավագ գործընկերներին էին միացել նաեւ «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները, ովքեր իրենց ճարպկությամբ եւ հնարհքներով չէին զիջում ավագ զինծառայողներին:

Կարդացեք նաև

Back to top button