
ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը ուղերձ է հղել Գործարարի օրվա առթիվ
«Արդեն իններորդ տարին է՝ 2017 թվականից սկսած, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ, մարտի 3-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես Գործարարի օր։ Ամսաթիվը պատահական չէր ընտրված․ հենց այդ օրն է ծնվել հայ ականավոր գործարար և մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը։ Իսկ նախաձեռնողը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն էր, որն այս տարի բոլորում է իր գործունեության երրորդ տասնամյակը։
Թվերն ու փաստերն, ինքնին, խոսուն են, բայց ցանկացած վիճակագրություն ներառում է որոշակի պատմություն, տարողունակ ջանքեր ու աշխատանք, վերելքներ ու վայրէջքներ, մարդկային ճակատագրեր։
Հեշտ չի եղել անկախ Հայաստանում գործարարության ձևավորման ու կայացման ուղին։ Այն անցել է մասնավոր տնտեսության ու շուկայական հարաբերությունների հաստատման ոչ սովոր ճանապարհով, հաղթահարել պատերազմների, շրջափակումների, սոցիալական լարվածության ծանր փուլեր, մասնակցել տնտեսական օրենսդրական դաշտի ձևավորմանը։ Հայ տնտեսվարողը ջանադրաբար ու հետևողականորեն կարողացել է ստեղծել գործարար ավանդույթներ, արտադրական հզորություններ, տնտեսական կապեր, դուրս գալ արտերկրի շուկաներ։ Եվ, իրավամբ, ներկայումս հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ ունենք կայացած ու միջազգայնորեն մրցունակ գործարար համայնք, որն արհեստավարժ է, գիտակ, ունակ ճկուն և յուրահատուկ լուծումների, պատրաստ առաջատար տեխնոլոգիաների ու նորարարությունների կիրառման։
Էապես փոխվել է նաև հայ գործարարի կերպարի հանրային ընկալումը։ Այսօր գործարարը պետության գործընկերն է, բյուջեի գլխավոր համալրողը, աշխատատեղեր ու բարիք ստեղծողը, առաջընթաց ապահովողը, սոցիալական խնդիրների լուծմանն աջակցողը, բարերարն ու հովանավորը»,- ասված է ուղերձում։




