
Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները ի՞նչ ուղղակի և անուղղակի ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Փորձագիտական դաշտում ռիսկային են համարում հատկապես էներգետիկ, անշարժ գույքի ու ֆինանսական շուկաները։ Իրանի հետ ապրանքաշրջանառության անկում նույնպես ակնկալվում է։ Տարածաշրջանային պատերազմի սրման պատճառով Արաբական Միացյալ Էմիրությունները առևտրային շաբաթվա սկզբից փակել է երկրի հիմնական ֆոնդային բորսաները։
Ապակայունացնող քայլ տարածաշրջանում․ Հայաստանի փորձագիտական դաշտում այսպես են բնորոշում Իրանի դեմ պատերազմը։ Այս պահին մասնագետները դժվարանում են կանխատեսել, թե այն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական կյանքի վրա։ Որոշ դիտարկումների համաձայն՝ ամեն ինչ կախված է ճգնաժամի տևողությունից ու հետագա գործողությունների սցենարներից։ Փորձագետներն ընդգծում են էներգետիկ ոլորտում Իրան–Հայաստան ռազմավարական գործակցությունը։ Տնտեսագետ Աղասի Թավադյան․
«Դեպի Իրան մենք հիմնականում արտահանում ենք էլեկտրաէներգիա, փախարենը ներմուծում ենք գազ։ Գործում է «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։ Ինչո՞վ է սա կարևոր․ էլեկտրաէներգիան այն ապրանքն է, որը արտադրման պահին պետք է սպառվի։ Իրանը մեզ համար յուրահատուկ մարտկոց է, որին փոխանցում ենք հավելյալ էլեկտրաէներգիան։ Այս տեսանկյունը պիտի հաշվի առնվի»։
Տնտեսագետն ընդգծում է, որ տարածաշրջանի ապակայունացմանը զուգահեռ՝ միգրացիոն հոսքերը կարող են ավելանալ, ուստի Հայաստանը պետք է պատրաստ լինի, թեև այս պահին դժվար է ասել, թե ինչպես կընթանան իրադարձությունները։
Տարածաշրջանում ռազմական գործողությունների պատճառով Արաբական Միացյալ Էմիրությունները առևտրային շաբաթվա սկզբին փակել է երկրի հիմնական ֆոնդային բորսաները։ Երկրի կապիտալի շուկայի վարչությունը հայտնել է, որ Աբու Դաբիի ֆոնդային բորսան և Դուբայի ֆինանսական շուկան մարտի 2–ին ու 3–ին չեն գործելու։ Հայտարարության մեջ ասվում է, որ գերատեսչությունն ուշադրությամբ հետևելու է տարածաշրջանում տիրող իրավիճակին և անհրաժեշտության դեպքում քայլեր կանի: Սա կարող է խնդիրներ ստեղծել Հայաստանի անշարժ գույքի շուկայում՝ ասում է փորձագետը․
«Ֆինանսական հզոր հանգույց ԱՄԷ–ն այս պահին կորցնում է իր ֆինանսական կշիռը, քանի որ հարվածների տակ է Իրանի կողմից։ Սա կարող է ազդել մեր ֆինանսական ու անշարժ գույքի շուկայի վրա»։
Nasdaq Dubai-ը նույնպես հայտարարել է առևտրի դադարեցման մասին։ Տնտեսագետ Էդգար Աղաբեկյանն ընդգծում է՝ նման իրավիճակներում շուկաները փակելը բնական է, մեծ տատանումների և անգամ գնային շոկերի ժամանակ դրանք չեն գործում։ Նպատակը շուկայում խուճապ չստեղծելն է, գնային հանդարտություն ձևավորելը։ Ամեն ինչ ռիսկերից ու շոկերից է կախված լինելու՝ ասում է տնտեսագետն ու թվարկում գլխավոր վտանգները․
«Հիմնական ազդեցությունները կարող են լինել էներգետիկ ռեսուրսների գնաճի, Իրանի հետ արտահանման կամ ներմուծման շղթաների խզման կամ, ընդհանրապես, ապրանքների լոգիստիկ շղթաների խզմամբ կամ դրանց փոփոխությամբ առաջացած գնաճի հետևանքով։ Նաև որոշակիորեն արդեն Իրանի հետ բնակչության, այսինքն՝ Իրանից որոշակի բնակչության Հայաստան գալու կամ դրա հետ կապված որոշակի ռիսկերի առումով»։
Վտանգված է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի և հեղուկ գազի շուրջ 20 %-ը։ Էներգակիրների գների վերաբերյալ կանխատեսւոմներ անելիս մասնագետները նաև նախկինում տեղի ունեցած ազդեցություններն են վերլուծում, օրինակ՝ ռուս–ուկրաինական պատերազմը։ Տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը նշում է՝ կախված է նրանից, թե ինչպես իրենց կպահեն նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ–ի անդամները։ Նավթի գինը արդեն իսկ զգալիորեն աճել է։ Առհասարակ, սցենարները դիտարկելիս պետք է հաշվի առնվեն բացասական ու դրական բոլոր գործոնները․
«Այստեղ պետք է նայենք, թե Մերձավոր Արևելքում որոշակի խնդիրների հանդիպող էներգետիկ ռեսուրսները կամ ապրանքային շղթաները կամ դրանց մի մասը կարող ենք անցկացնել մեր տարածաշրջանով, կկարողանանք օգուտ քաղել այդ ամենից, թե ոչ»։
Փորձագիտական դաշտում ընդգծում են, որ լուրջ վերլուծությունների համար ժամանակ կպահանջվի։ Ամեն ինչ կախված է իրավիճակի հետագա փոփոխությունից։




