ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հակամարտությունների փոխակերպում․ կանանց հզորացումը հետպատերազմյան համայնքներում

Հետպատերազմյան իրականությունը փոխել է մարդկանց դերն ու պատասխանատվությունը հասարակության ներսում։ Այս փոփոխությունների պայմաններում այժմ փորձ է արվում հասկանալու՝ ինչպե՞ս է ձևափոխում հակամարտությունը հասարակությանը և ի՞նչ դեր կարող են ունենալ կանայք այս փուլում։

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը՝ «Էդուարդո Ֆրայ» հիմնադրամի հետ իրականացրել է «Հակամարտության փոխակերպում․ կանանց դերը, կարիքները և կարողությունների զարգացումը հետպատերազմյան հասարակություններում» խորքային հետազոտությունը։

Հետազոտության հեղինակ, սոցիոլոգ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը «Ռադիոլուր»-ին պատմում է, որ աշխատանքը բացառիկ է եղել իր ծավալով ու նշանակությամբ, քանի որ նախկինում նման ուսումնասիրություն չի իրականացվել։ Հետազոտությունը ներառում է հարցազրույցներ Հայաստանի քաղաքային և գյուղական բնակավայրերում ապրող մի խումբ կանանց հետ։ Այդ զրույցների միջոցով վերհանվում են նրանց առջև ծառացած հիմնական խնդիրներն ու կարիքները։

«Աշխատանքը էքսլյուզիվ է շատ տեսանկյուններից և շատ արդիական։ Նախապայմանը այս ուսումնասիրության հետևյալն էր, և նախաձեռնության հիմքում դրված էր այն գաղափարը, որ  և՛ մեր հասարակությունը, և՛ ղարաբաղյան հակամարտությունը փոխակերպվում են»։

Սոցիոլոգի խոսքով՝ հակամարտության փոխակերպումը ցույց է տալիս, որ այն լիովին չի լուծվել․ այն ստանում է նոր ձև ու տեսք, ներգրավվում են նոր դերակատարներ։ Իսկ դա նշանակում է, որ փոխվում են նաև հակամարտության ընկալումները։

«Կոնֆլիկտը լուծվում է, երբ բոլորը գալիս են իրենց բավարարող լուծումներինբնականաբար, հայկական կողմին այս վիճակը բավարար չի կարող լինել, որևէ պետությանը բավարար չէր լինի, բայց այս ընկալումների առումով և նոր մասնակիցների ներառվածության ուժերի վերաբաշխման տեսանկյուններից մենք ունենք փոխակերպվածություն ղարաբաղյան կոնֆլիկտում»։

Հետազոտությունը միայն հակամարտության փոփոխությունների մասին չէ։ Արթուր Աթանեսյանն ասում է, որ անկախության հաստատումից ի վեր զգալի փոփոխություններ են եղել նաև հայ հասարակությունում։ Փոխվել են արժեքները, մարդկանց պատկերացումները, ինչպես նաև կնոջ դերի ընկալումը։ Այս պայմաններում հետազոտողները փորձել են պարզել, թե հասարակության մի զգալի հատվածը՝ բնակչության կեսից ավելին կազմող կանայք ու աղջիկները, ինչպես են ընկալում 2020 թվականի պատերազմից և 2023 թվականին Արցախից բնակչության բռնի տեղահանումից հետո ստեղծված իրավիճակը երկրում։

«Հայ կինը պատրաստվում է և՛ ուժեղանալ, և՛ օրինակ ծառայել, և՛ ուժեղացնել իր համայնքն ու իր ընտանիքը»։

Հետազոտության հեղինակը նշում է, որ Հայաստանի կանայք սկսում են հանդես գալ որպես առաջնորդներ։ Նա կարծում է, որ կանայք լավ առաջնորդներ են անձնական կամ ընտանեկան մակարդակում, որոշ չափով նաև համայնքային կյանքում, սակայն պետական մակարդակում Հայաստանում փաստացի կին առաջնորդներ չկան։

«Մենք ունենք կին պաշտոնյաներ, բայց իրենց աշխատանքի արդյունքը նույնն է, ինչ տղամարդկանցը։ Արդյունքները հասարակության կողմից յուրաքանչյուր տարի գնահատվում են ավելի ցածր։ Եվ սա նշանակում է՝ կարևոր չէ՝ կին ես, թե տղամարդ մեզ պետք են էֆեկտիվ գործիչներ»։

Հետազոտության մեկ այլ հատվածն այն մասին է, թե ինչպես է ձևավորվում, այսպես կոչված, կեղծ առաջնորդության ֆենոմենը։ Սոցիոլոգը «Ռադիոլուր»-ին բացատրում է, թե ինչ է նշանակում «կեղծ առաջնորդություն»։

«Կեղծ առաջնորդությունն այն է, որ կոմունիկատիվ դաշտում լինելով պոպուլյար, պոպուլիստ և հայտնի, դու իրականում ոչինչ չես անում, որպեսզի այս իրականությունը դառնա ավելի լավը։ Կոպիտ ասած՝ կեղծ առաջնորդությունն այն է, որ դու կարող ես ֆեյսբուքում կոչ անել գնալ գարնանային ծառատունկի, բայց ինքդ չգնաս և անգամ չհավատաս դրան»։

Արթուր Աթանեսյանի խոսքով՝ 21-րդ դարում կեղծ առաջնորդության օրինակները հաճախ են հանդիպում։ Նրա կարծիքով դա հիմնականում պայմանավորված է սոցիալական մեդիայի ազդեցությամբ։ Սոցիոլոգն ընդգծում է, որ իրական առաջնորդը նա է, որը սեփական օրինակով փորձում է փոփոխություններ մտցնել իր միջավայրում։

«Պարզապես առաջնորդ է, որովհետև իր փողոցն է մաքրում, իր հարևաններին սովորեցնում է չաղտոտել, ծառ չջարդել, տերև չպոկել, տնկել է ծաղիկներ, օրինակ է ծառայում աղբահանության համար։ Եվ ցույց է տալիս, որ պետք չէ ամեն ինչ սպասել պետությունից պիտի ինքդ ցույց տաս օրինակ։ Տեսեք՝ փոքր համայնքային առաջնորդություն, որը որ չի ցուցադրվում, չի գովազդվում, բայց կարևոր է շատ»։

Հետազոտության հեղինակը նշում է, որ աշխարհում պոպուլիստ առաջնորդներ շատ կան, սակայն իրական փոփոխություններ բերում են իրական առաջնորդները։ Իսկ ո՞րն հետազոտության ամենաանսպասելի բացահայտումը․

«Հատկապես սահմանամերձ գոտիներում, Ադրբեջանի հետ սահմանին ապրող կանայք պատրաստ են պահելու իրենց համայնքը, տեղը, դերը՝ չլքելու, չարտագաղթելու, չփախչելու և ամրապնդելու, որպեսզի վերականգնեն այն, ինչ կորել է, և դա պաթոս չէր։ Իրենք հանրային գործիչ չեն, որ այդպիսի ելույթ ունենան, իրենք իշխանության չեն ձգտում, բայց այսպիսին է դիրքորոշումը»։

Հետազոտության հեղինակը առանձնացնում է հարցազրույցներից մեկը, որն իր համար ամենահետաքրքիրն ու ամենատպավորիչն է եղել․

«Սյունիքի մարզում ապրող կին էր, ով ստիպված հիմա իր բնակավայրի հենց դիմացը տեսնում է մեծ ադրբեջանական դրոշ, որը տնկվել է այնպես։ Նա ասում է՝ իսկ մենք ի պատասխան պարան կախեցինք և մեր երեխաների շորիկների լվացքն ենք կախում այդտեղ, որ իրենք տեսնեն, որ մենք չենք վախենում»։

Սոցիոլոգը կարծում է, որ մեր հասարակության մասին բացասական պատկերացումները հաճախ գերակշռում են։ Սակայն հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ 2020 թվականին հասարակությունը իրականում եղել է միասնական և ուժեղ։ Արթուր Աթանեսյանը կարևորում է այս իրականության արձանագրումը, որպեսզի ապագայում ոչ ոք հետին թվով չպնդի, որ հասարակությունը չի արել այն, ինչ կարող էր անել։

Կարդացեք նաև

Back to top button