
Մոսկվայում՝ Սավելյովսկի երկաթուղային կայարանի հրապարակում կեսգիշերին մոտ պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ ոստիկան եւ հանցագործության մեջ կասկածվողը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իրավապահների տեղեկություններով` գիշերը մոտավորապես ժամը 00։05-ին ծառայողական ավտոմեքենայում գտնվող պարեկներին մոտեցել է անհայտ անձը, որից հետո գործի է դրվել պայթուցիկ սարքը։
«Նախնական տվյալներով՝ հանցագործի գործողությունների հետեւանքով Պետավտոտեսչության մեկ աշխատակից ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ»,- հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ-ն։
Ավելի ուշ՝ ուսումնասիրելով Սավելյովսկի կայարանի տեսախցիկների տեսաձայնագրությունները, իրավապահ մարմինները պարզել են, որ հանցագործը եւս տեղում մահացել է։
«Եւս երկու ոստիկան տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, նրանց ցուցաբերվում է որակյալ բժշկական օգնություն»,- հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն։
Քրեական գործեր են հարուցվել իրավապահների կյանքի դեմ ոտնձգության եւ պայթուցիկ սարքերի ապօրինի շրջանառության հատկանիշներով։
Ըստ RBK-ի` դեպքի վայր է ժամանել ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը։




