ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ի՞նչ ախտանշաններ և տարածում ունի չիկունգունյա տենդը

Հայաստանում արձանագրվել է չիկունգունյա տենդի մեկ դեպք։ Հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից։ Տվյալ պահին հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Հիվանդը չիկունգունյա տենդով վարակվել է Սեյշելյան կղզիներում՝ մոծակի խայթոցից։ Տվյալ պահին նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Չիկունգունյա վարակի գաղտնի շրջանը 2-12 օր է, հիմնական ախտանշաններն են տենդ, սաստիկ հոդացավ, մկանացավ, ցանավորում, թուլություն։ Վարակը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով։ Մարդուց մարդու չի փոխանցվում և հատուկ բուժում չունի։ Վարակի դեմ պատվաստանյութը լայն կիրառում չունի։ Ռիսկի խմբեր են համարվում քրոնիկ հիվանդություններ ունեցողներն ու տարեցները, ինչպես նաև հղիները։ Մահացության դեպքերը հազվադեպ են և վարակվածների շրջանում կազմում են մոտավորապես 0,1 %։

Վարակվելու հավանական ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է օգտագործել հակամիջատային ցանցեր, կրել փակ հագուստ, երկարաճիտ կոշիկ, օգտագործել միջատավանիչ նյութեր և սարքեր։

Չիկունգունյա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1952 թվականին Տանզանիայում, բայց արևադարձային շրջաններից դուրս չի տարածվել, թեև այնտեղ տարեկան գրանցվում են միլիոնավոր վարակներ: Հիվանդությունն առաջացնում է հոդերի ուժեղ և երկարատև ցավ, որը չափազանց թուլացնող է և կարող է անգամ մահացու լինել փոքր երեխաների և տարեցների համար։ Վերջին տարիներին ավելի քան տասը եվրոպական երկրում գրանցվել են փոքրաթիվ դեպքեր, սակայն 2025–ին Ֆրանսիայում և Իտալիայում եղել են բռնկումներ՝ հայտնում է Guardian պարբերականը։ Մեծ Բրիտանիայի էկոլոգիայի և հիդրոլոգիայի կենտրոնի (UKCEH) աշխատակից Սանդիպ Թեգարն ասել է.

«Եվրոպայում գլոբալ տաքացման տեմպը գրեթե կրկնակիորեն գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։ Քանի որ վիրուսի տարածման համար սահմանային՝ նվազագույն ջերմաստիճանը վճռորոշ նշանակություն ունի, մեր նոր գնահատականներն իսկապես մտահոգիչ են։ Հիվանդության հյուսիսային ուղղությամբ տարածումը, ըստ էության, ժամանակի հարց է»։

Եվրոպայում կլիմայի փոփոխության հետևանքով աճում է արևադարձային վարակների տարածման վտանգը՝ զգուշացնում են գիտնականները։

Մեծ Բրիտանիայի էկոլոգիայի և հիդրոլոգիայի կենտրոնիգիտաշխատող դոկտոր Սթիվեն Ուայթի խոսքով՝ դեռ երկու տասնամյակ առաջ դժվար էր պատկերացնել, որ Եվրոպայում կարող են տարածվել չիկունգունյա և դենգե տենդը։ «Քսան տարի առաջ եթե ասեիք, որ Եվրոպայում կունենանք չիկունգունյա և դենգե, բոլորը կմտածեին, թե դուք չափազանցում եք դրանք համարվում էին բացառապես արևադարձային հիվանդություններ։ Հիմա իրավիճակը փոխվել է։ Սա պայմանավորված է ինվազիվ մոծակի տարածմամբ և կլիմայի փոփոխությամբ»։

Գիտնականների տվյալներով՝ փոփոխությունները արագ տեմպ ունեն։ Ֆրանսիայում մինչև անցյալ տարի՝ վերջին տասնամյակում, գրանցվել էր չիկունգունյայի շուրջ 30 դեպք։ Սակայն միայն անցյալ տարի արձանագրվել է ավելի քան 800 դեպք։ Մասնագետները նշում են, որ հիմնական տարածողը առանձին տեսակի մոծակ է, որը հայտնի է նաև որպես ասիական վագրային մոծակ։ Այն ակտիվ է հիմնականում ցերեկային ժամերին և, ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, աստիճանաբար տարածվում է դեպի հյուսիս՝ Եվրոպայով մեկ։ Մոծակը հայտնաբերվել է նաև Միացյալ Թագավորությունում, թեև դեռևս հաստատված չէ դրա կայուն տեղակայումը։

Չիկունգունյայի դեմ կան պատվաստանյութեր, սակայն դրանք թանկարժեք են և լայն կիրառություն դեռևս չունեն։ Մասնագետների խոսքով՝ լավագույն պաշտպանությունը մնում է մոծակների խայթոցներից խուսափելը՝ պաշտպանիչ հագուստի, ցանցերի և վանող միջոցների կիրառմամբ։ Գիտնականները զգուշացնում են, որ կլիմայի փոփոխության պայմաններում նման վարակների աշխարհագրական տարածումը կարող է շարունակվել, և եվրոպական երկրները պետք է պատրաստ լինեն համաճարակաբանական նոր մարտահրավերների։

Մինչև այժմ Եվրոպայում բռնկումները հիմնականում սկսվել են արևադարձային շրջաններից վերադարձող վարակված ճանապարհորդներից։ Նախկինում ցուրտ ձմեռները սահմանափակում էին մոծակների ակտիվությունը, սակայն Հարավային Եվրոպայում արդեն նկատվում է վագրային մոծակների ակտիվություն ողջ տարին։ Մասնագետները կոչ են անում շարունակելու վերահսկողական միջոցառումները, քանի որ կանխարգելիչ քայլերը կարող են նվազեցնել չիկունգունյայի, ինչպես նաև դենգեի և Զիկա վիրուսի հնարավոր տարածումը Եվրոպայում։

Հայաստանի առողջապահության նախարարությունը հիշեցնում է ճանապարհորդներին՝ վերջին ժամանակահատվածում Սեյշելյան կղզիներում, Շրի Լանկայում, Սուրինամում, Բոլիվիայում և Կուբայում արձանագրվել են չիկունգունյա տենդի բռնկումներ։ Նշված տարածաշրջաններից վերադառնալիս նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է դիմել բժիշկ-վարակաբանի։

Կարդացեք նաև

Back to top button