ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Նախ բանակցել, հետո հարվածել․ միջազգային լրահոսը լի է Իրանի մասին տագնապալի հրապարակումներով

Իրանին մասշտաբային ռազմական հարված հասցնելու որոշումն ընդունված է. Միացյալ Նահանգները, հնարավոր է, առաջիկա հանգստյան օրերին անի դա՝ գրում է միջազգային մամուլը։ CNN-ի, CBS News-ի, Axios-ի, Wall Street Journal-ի և շատ այլ լրատվականների տեղեկություններով՝ ԱՄՆ-ն կարող է հարվածել Իրանին փետրվարի 21-22-ին։ Փորձագետների եզրակացությունները ևս լավատեսական չեն։

Հարվածելու մասին ծայրահեղ լարված ձևակերպումներից մինչև բանակցություններ ու դրանց հաջող ընթացքի մասին հայտարարություններ․ ԱՄՆ-Իրան հարաբերություններում վաղուց բնական է դարձել իրադարձությունների նման հաջորդականությունը։

Առավոտյան աշխարհը մամուլում կրկին կարդում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է հարվածելու Իրանին արդեն այս շաբաթ։ CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առանձնազրույցներում քննարկել է և՛ ռազմական գործողությունների, և՛ դրանք չկիրառելու հնարավոր հետևանքները, որպեսզի կարողանա գտնել գործողությունների լավագույն տարբերակը: Axios-ն էլ գրում է, որ Թրամփը հոգնել է բանակցություններում առաջընթացի բացակայությունից, այդ իսկ պատճառով, 90 % հավանականությամբ, առաջիկա շաբաթներին լայնածավալ գործողություն կսկսի Իրանի դեմ։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ չափազանց մեծ է առաջիկա օրերին հարվածի ռիսկը․

«Բանակցությունները կարծես արդյունք չեն տալիս։ Իրանի շուրջ ամերիկյան ռազմական ներկայությունը հասել է պատմական ամենաբարձր կետերից մեկին։ Տեսականորեն ամերիկյան բանակն արդեն վաղը կարող է ռազմական գործողություններ սկսել։ Դատելով ռազմական ներկայության կառուցվածքից, Պենտագոնը չի դիտարկում (գոնե այս պահին) ցամաքային որևէ գործողություն, և օպերացիան կրելու է հրթիռային հարվածների բնույթ»։

Քաղաքագետի կարծիքով՝ եթե պատերազմը սկսվի, կլինի պատմության մեջ ԱՄՆ-Իրան այս մասշտաբի առաջին ուղիղ առճակատումը, և դրա հավանականությունը պատմական մաքսիմումի վրա է։

CBS News–ը նույնպես տագնապալի լուրեր է տարածում։ Իր հավաստի աղբյուրներին հղումով՝ պարբերականը գրում է, որ ԱՄՆ ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները Թրամփին հայտնել են, որ զինված ուժերը պատրաստ են արդեն շաբաթ օրը հարվածելու Իրանին։

Պարբերականը, սակայն, նկատում է, որ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել։

Wall Street Journal-ը գրում է, որ ԱՄՆ-ն ծրագրում է Սիրիայից դուրս բերել ամերիկացի բոլոր զինծառայողներին՝ մոտավորապես հազար մարդու:  

Թե ուր են տեղափոխվելու նրանք, դեռ պարզ չէ։

Արդեն տևական ժամանակ է՝ ամերիկյան Abraham Lincoln ավիակիրը տարածաշրջանում է՝ Իրանի ջրային տարածքի մոտ։ NYT-ը մի քանի օր առաջ հաղորդեց, որ  Gerald R. Ford ավիակրի հարվածային խումբը  շուտով Պարսից ծոցում կմիանա Abraham Lincoln-ին։

Բացի այդ, ըստ լրատվամիջոցների, ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում տեղակայել է F-35 և F-22 կործանիչներ։ Նշվում է, որ տարածաշրջանում ամերիկյան մեծաքանակ ռազմաօդային ուժեր են կենտրոնացվում։

Թեհրանը ևս պատրաստվում է պատերազմի՝ միաժամանակ բանակցություններ վարելով Վաշինգտոնի հետ, գրում է The Wall Street Journal–ը:

Ըստ պարբերականի՝ Իրանը ամրացնում միջուկային օբյեկտները և պատրաստվում հնարավոր ռազմական բախմանը, եթե բանակցությունները ձախողվեն։

Լրագրողները Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթին հարցրել են, թե ինչ է մտածում Թրամփը Իրանին հարվածելու մասին, և թե ինչու է խոսվում միջուկային ծրագրի մասին, եթե այն, ինչպես ավելի վաղ նշվում էր, ոչնչացվել է ԱՄՆ վերջին հարվածներից։

«Դե, կան բազմաթիվ պատճառներ և փաստարկներ, որոնք կարելի է բերել Իրանի դեմ հարված հասցնելու համար: Նախագահը՝ որպես գլխավոր հրամանատար, շատ հաջող գործողություն է կատարել՝ «Կեսգիշերային մուրճ»–ը։ Ինչպես գիտեք, ամբողջությամբ ոչնչացվել են Իրանի միջուկային օբյեկտները: Նախագահը միշտ շատ հստակ է եղել․ նրա համար դիվանագիտությունը միշտ առաջին տեղում է, և Իրանը շատ իմաստուն կլինի, եթե գործարք կնքի նախագահ Թրամփի հետ: Թրամփը միշտ մտածում է, թե ինչն է համապատասխանում ԱՄՆ ու ամերիկյան ժողովրդի շահերին և ըստ այդմ է ռազմական գործողությունների վերաբերյալ որոշում կայացնում»:

Այս լարված հայտարարությունների ֆոնին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է, որ Իրանի վրա նոր հարվածները վատ հետևանքներ կունենան միջազգային հանրության համար։

ԱԷՄԳ տնօրեն Ռաֆայել Գրոսին Foreign Policy ամսագրին ասել է, որ հնարավոր է՝ Իրանը թաքցրել է միջուկային ծրագրի կամ դրա նպատակների մի մասը գործակալության փորձագետներից։ Նրանք  ստուգումներ ես անցկացրել Իրանում և հարստացված ուրանի հետքեր են հայտնաբերել միջուկային ծրագրի հետ կապ չունեցող վայրերում։

Ըստ Գրոսիի՝ դա ենթադրում է, որ Թեհրանը ինչ-որ բան թաքցնում է։ Ըստ այդմ՝ փորձագետները կարծում են, որ Իրանը դեռ ունի մինչև 60 % հարստացված մոտ 440 կգ ուրան։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը ևս կարծում է, որ հարձակումն Իրանի վրա ավելի կանխատելի է դառնում։

«Վերջին օրերին ԱՄՆ–ն ահռելի ծավալի քաղաքական, քարոզչական, ռազմական բնույթի ճնշում է գործադրում Իրանի դեմ, որի նպատակն է բանակցային հարթությունում Իրանին պարտադրել ամերիկյան կողմի վերջնագրային մոտեցումները։ Իսկ նման պայմաններում իրանական կողմի` ժամանակ ձգելու մարտավարությունն իր հերթին հայտնվել է փակուղում։ Այս պահին Իրանի հարևանությամբ ամերիկյան ներկայությունը հասել է պատմական առավելագույնի։ Մեծ է հավանականությունը, որ Վաշինգտոնն առանց փոխզիջման և իր առաջ քաշած պայմաններին չհամաձայնելու դեպքում կսկսի բազմաշերտ ռազմական գործողություն Թեհրանի դեմ»։

Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ աստիճանաբար հաստատվում է այն սցենարը, ըստ որի՝ Օմանի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների երկու փուլերն ընդամենը քարոզչական և քաղաքական ֆոն են։

Կարդացեք նաև

Back to top button