ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ե՞րբ ու ի՞նչ գրքեր նվիրել․ Արմավիրի երիտասարդները դա անում են ամեն հարմար առիթով

Գիրք նվիրելու մշակույթը վերականգնվում ու շարունակվում է ոչ միայն Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Աստիճանաբար մարդիկ սովորում են գիրք նվիրել նաև այլ առիթներով: Ի՞նչ գրականություն է նախընտրում մեր օրերի ընթերցողը, հատկապես,մարզերում։

Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում գիրք նվիրելու օրը հետաքրքիր ավանդույթ են ձևավորել՝ դպրոցի գրադարանին գիրք են նվիրում: Բարձր դասարանցիներ Արտյոմն ու Եվգենյան գիրք գնելու համար եկել էին Արմավիր:

«Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը մեր դպրոցում մի փոքրիկ անկյուն ենք սարքել, ու ամեն դասարան դպրոցին նվիրելու է ցանկացած գիրք: Ես գնել եմ Հովհաննես Թումանյանի հեքիաթները: Մենք ամեն տարի կազմակերպում ենք միջոցառումներ, դասարանի կողմից մի գիրք նվիրում ենք գրադարանին, բայց նաև միմյանց ենք փոխանցում գրքեր: Այսինքն՝ մեկս մյուսի համար գրքեր ենք ընտրում»:

 «Ես անգլերենի գրքեր եմ առել ու նորից նվիրելու եմ դպրոցին»:

Այս նախաձեռնությամբ աշակերտները հարստացնում են դպրոցի գրադարանը: Ուսումնական գրականությունից բացի, դպրոցի գրադարանում կան նաև գեղարվեստական գրքեր, որոնք Եվգենյան հաճախ է կարդում: Ասում է՝ ժամանակակից գրականություն չի կարդում, առայժմ իրեն հետաքրքրում են դասական գրողները:

Երիտասարդները ընթերցում են ժամանակակից գրողների գործերը՝ համոզված է մանկավարժ, գրքերի խորհրդատու Լիլիթ Եփրեմյանը: Նա փոքր գրախանութ ունի, որի գրադարակին հայտնված յուրաքանչյուր գիրք կարդում է և հետո առաջարկում ընթերցողներին:

«Սովորաբար մեզ դիմում են այն մարդիկ, ովքեր ուղղորդված են գրքից տեղեկատվություն ստանալ, ոչ թե պարզապես գիրք գնելու կամ նվիրելու: Ես լավ ընթերցող եմ, և գիրքն իմ մշտական ուղեկիցն է: Երբեք մի գիրք մի ընթացքում չեմ կարդում, այլ զուգահեռ կարդում եմ 2-3 գիրք, որովհետև մի գիրքը կարող է զուտ գեղագիտական իմ պահանջմունքները բավարարի, մյուսը անձնական աճին ուղղված լինի, մյուսը՝ հաղորդակցման հմտություններին, մասնագիտականին»:

Ասում է՝ ես լավ գրավաճառ չեմ, միտված չեմ գրքերի արագ սպառմանը: Գիրքը համեմատում է սերմի հատիկի հետ, որի արժեքը ժամանակի ընթացքում է երևում:

«Կան կարդալու գրքեր և ունենալու գրքեր, որոնք պարզապես պետք է կարդալ ու իմանալ, և գրքեր, որոնք մշտապես պետք է վերընթերցել, որովհետև դրանց մեջ շատ ավելի բյուրեղացած ճշմարտություններ կան: Դրանք երբեք իրենց արդիականությունը չեն կորցնում և բոլոր իմաստներով շատ ավելի արժեքավոր են»:

Գիրքը զարգացնում է մարդու աշխարհահայացքը, հարստացնում՝ բառաբաշարը, ձևավորում՝ մտածողություն: Երիտասարդները հաճախ նախընտրում են դասական ու մասնագիտական գրականություն, երբեմն՝ ժամանակակից: Զրուցակիցներս մանկավարժական համալսարանի ուսանողներ են, գիրք նվիրում են ամեն հարմար առիթով:

«Գիրք, իհարկե, նվիրում ենք: Ճիշտ է, հնարվոր է՝ գրքի տոնին չնվիրենք, բայց լինում են օրեր, թեկուզ, ամանորին, երբ «Գաղտնի ընկեր» ենք խաղում, մեր նախընտրած գրքերն ենք նվիրում մեկս մյուսին: Ժամանակակից գրողներից կարդացել եմ Սյունե Սևադայի «Կախվածությունը», որը հավանել եմ, հատվածներ կան , որ շատ դուր եկան ինձ: Գիրքը սիրո մասին է»:

«Մասնագիտական լոգոպեդիայի վերաբերյալ եմ շատ ընթերցում, որոնք ավելի նպատակահարմար են հենց մեր մասնագիտության համար, քանի որ ավելի շատ միտումն ուղղված է մանկավարժական մոտեցումներին՝ կապված երեխայի հետ շփվելու գործընթացի հետ. կարողանալ նրանց հետ գտնել շփման եզրեր: Շատ նուրբ մոտեցում պետք է ցուցաբերի մասնագետը»:

Գրախանութներն ու գրադարանները հիմա շատ հարուստ են բազմաժանր գրականությամբ, նոր թարգմանություններով: Լիլիթ Եփրեմյանը խորհուրդ է տալիս չանտեսել ժամանակակից գրողներին ու աջակցել նրանց՝ ընթերցելով: Սիրում է նաև մանկական գրականություն, որոնց թարգմանության հետ այնքան էլ հաշտ չէ:

«Հաճախ է լինում ՝գիրքն ընթերցելուց հետո հրատարակչական ընկերություններին հետադարձ կապ եմ տալիս ու, որպես մանկավարժ, զուտ իմ կարծիքը հայտնում: Օրինակ՝ այս գիրքը երեխաների համար է, ինչ եք մտածել, որ թարգմանել եք նման բարդ բառապաշարով: Ես ընդունում եմ, որ գիրքը պետք է հարստացնի բառապաշարը, այո՛, որոշակի իմաստով պետք է լինի բարդ, մտածելու տեղիք տա, բայց դա պետք է լինի հաղթահարելի»:

Լիլիթը նկատել է, որ երիտասարդները քիչ են հետաքրքրված պոեզիայով, ու այդ գրքերի պահանջարկը քիչ է։ Բայց նա հույս ունի, որ դա ժամանակավոր է:           

Կարդացեք նաև

Back to top button