Դիվանագիտական գործ

Պետք է հասկանալ՝ աշխարհում ինչ երաժշտություն է հնչում․ ՀՀ ամենաերիտասարդ դեսպանի դիվանագիտությունը․ «Դիվանագիտական գործ»

Երիտասարդությունը դիվանագիտության մեջ տարիք չէ, այլ ժամանակի զգացողություն․ այն կարողությունն է, որով մարդը հասկանում է՝ երբ խոսել ժամանակի լեզվով, երբ լռել նրա անունից, ինչպես համընթաց քայլել փորձառության հետ՝ առանց հրաժարվելու սեփական ձեռագրից։

Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը Հայաստանի Հանրապետության ամենաերիտասարդ դեսպանն է։ Նրա համար տարիքն անընդհատ սովորելու առիթ է, իսկ ժամանակը՝ ամենավստահելի խորհրդատուն։ Սոս Ավետիսյանի հետ զրուցել ենք տարիքային առավելությունների,  թագավորական պալատում հնչած ՀՀ հիմնի և Ռեալ Մադրիդի մասին։

***

-Ես, թերևս, Հայաստանի Հանրապետության՝ այս պահին գործող ամենաերիտասարդ դեսպանն եմ։ Ես իմ տարիքի հետ շատ հաշտ եմ, այն շատ օգտակար է ու որոշակի ակտիվության է քեզ բերում։ Ես «ի ծնե»-ին չեմ հավատում, կամ որ մարդը հենց սկզբից այդպիսին է։ Վստահ եմ, որ ուշադիր մարդը առնվազն վեց ամիս անց կնկատի, թե ինչպես է պետք իրեն պահել։

Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սոս Ավետիսյանի ժամանակացույցում երիտասարդությունը սահմանափակում չէ, այլ՝ առավելություն․ այն լավագույն ժամանակն է՝ կարիերան սկսելու, և լավագույն պատճառը՝ հարցնելու, կասկածելու ու շարունակաբար սովորելու համար։

-Ես իմ գործընկերների հետ շատ անգամ եմ օգտագործել իմ երիտասարդության փաստը։ Ես չեմ ամաչում ասել, որ գուցե երիտասարդ եմ, դեռ լավ չեմ հասկանում՝ մեկ անգամ էլ կասե՞ք։ Եվ սա ես ասում եմ թե՛ Երևանի, և թե՛ Մադրիդի հետ խոսելիս։ Եվ որպես կանոն, դրանից օգուտները մեծ են, և դա է ճիշտ ճանապարհը։

Երևանի պետական համալսարանի, ապա՝ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և այնուհետև Օքսֆորդի համալսարանի նախկին ուսանող Սոս Ավետիսյանի համար ամենամեծ բացահայտումը հենց Օքսֆորդն էր․ մի միջավայր, որտեղ բոլոր զրույցների առանցքում մշտապես կրթությունն էր՝ որպես գործընթաց և որպես մտածողություն։

Սոս Ավետիսյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը

-Այդ միջավայրում խելացի լինելը կամ կրթվելը պարտադիր պայմաններ են։ Դու կարող ես չլինել շատ սպորտային, չլինել շատ հարուստ, չլինել շատ ինչ ուզում ես, բայց չլինել կրթության մեջ, չուսումնասիրել, չկարդալ,այ դա պախարակելի էր։ Քաղաքը քեզ ստիպում էր, որպեսզի դու, որտեղ էլ գտնվես՝ գրադարանում, սրճարանում, թե՝ բարում, միևնույն է, խոսես գրքերից։

Օքսֆորդում Սոս Ավետիսյանին սպասվում էր ևս մեկ կարևոր բացահայտում քննադատական մտածողության մասին․ այն ավելի շատ անմիջականություն,  քան բացառիկ ընդունակություն է պահանջում։

-Քննադատական մտածողությունը հասանելի և մարդամոտ երևույթ է։ Դու կարող էիր քո դասախոսների, քո ընկերների հետ քննել ցանկացած հարց։ Չկար որևէ տեքստի սրբագրում, որ այս մարդը սա ասել է,ասենք՝ 20 տարի առաջ, նա հայրն է կամ մայրն է այս գիտության, և նրա ասածը չի քննարկվում։ Դու տեսնում էիր մարդկանց, որոնք, լինելով համաշխարհային գիտնականներ, շատ մարդամոտ էին և պատրաստ էին այդ քննարկումներին։ Օրինակ՝ մենք ունեինք քննարկումների օր, երբ դասախոսներն ու գիտնականներն ուղարկում էին իրենց գրքերի սևագրերը՝ դեռ չտպագրված, և մենք դրանք կարդում էինք ու հանգիստ քննարկում, քննադատում։

***

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, հայ-իսպանական խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սոս Ավետիսյանն Իսպանիայում դեսպան դառնալու առաջարկը պատասխանատվությամբ է ընդունել ու միանգամից գործի անցել։

-Առաջին աշխատանքային օրը, որքան էլ տարօրինակ չթվա, այսպիսին Է եղել է՝ ես և տիկինս ժամանեցինք Մադրիդ, գնացինք տուն, փոխվեցինք, և գնացինք մասնակցելու Սուրբ Ծննդյանը նվիրված մի ճաշի, որին ներկա էր ամբողջ դիվանագիտական կորպուսը՝ նաև Իսպանիայի ազնվական ընտանիքների ներկայացուցիչներ: Այսինքն՝ հենց առաջին օրը, երբ ես իջել եմ Մադրիդ, հանդիպել եմ իմ գործընկերների հետ, որոնք դիմավորել են՝ ելնելով դեսպանին դիմավորելու արարողակարգից: Գնացել ենք կեցավայր, փոխվել ու միանգամից անցել գործի։  Սա կարևոր է, որովհետև չկան առաջին օրեր։ Առաջին օրը մեր ծննդյան օրն է, մնացած օրերը շարունակվում են տարբեր ենթագրերի ներքո։

Իսկ Սոս Ավետիսյանի կյանքի այդ ենթագիր կոչվում էր հանդիպում Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդի հետ։ Ավելորդ է նշել, որ յուրաքնչյուր քաղաքացու, առավել ևս դիվանգետի համար հանդիպումը թագավորի հետ միշտ հուզիչ է․ չէ որ մի երկրի պետական ներկայացուցիչը հանդիպում է այլ երկրի պետական խորհդանիշի հետ։

Սոս Ավետիսյանն ու Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդը

-Մենք ունեինք հատուկ արարողակարգով նախատեսված հագուստ։ Արարողակարգի սկզբում դեսպաններին տանում են իրենց Արտաքին գործերի նախարարություն, այնտեղից գնում ենք թագավորական պալատ, որը մեր դեսպանությունից մոտ 100-200 մետր հեռավորության վրա է գտնվում։ Ցավոք սրտի, քովիդի պատճառով, մենք կառքով չէինք, բայց տրված էին հատուկ ներկայացուցչական մեքենաներ, որով մենք գնում էինք դեպի թագավորի պալատ։ Մեզ ուղեկցում էին, իհարկե, ձիավորներ, և դա շատ գեղեցիկ ու հուզիչ արարողություն էր։ Բայց ամենահուզիչ պահն այն էր, որ երբ մեքենաները մտնում էին թագավորի պալատի դարպասներից ներս, հնչում էր Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Չհուզվել անհնար է, ու դու շատ լավ հասկանում ես, որ դա քեզ համար հնչեցվող հիմն չէ, դա քո պետության համար հնչեցվող հիմն է։ Ու հենց այդ պահին զգում ես պահի սակրալությունն ու պատասխանատվությունը։

Այդ օրվանից անցել է արդեն չորս տարի, և այս ընթացքում Սոս Ավետիսյանը հասցրել է ոչ միայն ճանաչել իսպանացիներին, այլև առանձնացնել մի քանի հատկանիշներ, որոնք, նրա համոզմամբ, հայերիս կյանքի ռիթմը կարող էին մի փոքր ավելի մոտեցնել սիեստայի մշակույթին։

-Նրանց համար շատ կարևոր է ինքնահայեցումը և խնամքը, իրենց արձակուրդային օրերը, իրենց  հանգստի ժամը, իրենց ուտելու ժամը, դրանք սուրբ ժամեր են։ Այդ պահերին ուրիշ բանով չեն մտահոգվում։ Սա ինձ համար շատ տարօրինակ էր, որովհետև ես իմ պետության ներկայացուցիչն եմ, իսկ մեզ մոտ, գիտեք, նյարդայնացած լինելը, ամենանորմալ վիճակն է, իսկ այստեղ, դա ամենատարօրինակն է։ Սկզբում ես շատ տանջվում էի դրանից։ Պատկերացրեք, որ դեսպան նշանակվել ես Հայաստանի համար ծանրագույն պահի, ասում էի՝ ժողովուրդ ջան, տենց չի լինի, մենք պետք է գործ անենք։

***

Բոլոր ֆուտբոլասերները գիտեն, որ Մադրիդն ու համաշխարհային ֆուտբոլը վաղուց հոմանիշներ են դարձել։ Ռեալ Մադրիդի երկրպագու Սոս Ավետիսյանն այս ընթացքում հասցրել է մասնակցել ֆուտբոլային տոնի, բացահայտել, որ Մարդրիդ քաղաքում մարդիկ ավելի շատ Ատլետիկո Մադրիդ են երկրպագում և հավատում ֆուտբոլին՝ անկեղծությամբ ու նվիրումով։

-Սա մի կաթոլիկ երկիր է, որտեղ Աստծո պաշտամունքից հետո երկրորդ պաշտամունքը ֆուտբոլն է։ Այսինքն՝ դու տեսնում ես հազարավոր երկրպագուների՝ իրենց դրոշներով, ընտանիքներով, ընտանեկան ավանդույթներով, որ սերունդներ շարունակ նույն թիմին են երկրպագում։ Ի դեպ, Մադրդում ավելի շատ Ատլետիկո Մադրիդին են երկրպագում։ Ռեալ Մադրիդն ավելի փոքր, ավելի նեղ, ավելի էլիտար, չգիտեմ՝ բառը Դուք ընտրեք, շրջանակի համար է։ Ինչպես եկեղեցական արարողության ժամանակ են սրբապատկերները դուրս հանում, այնպես էլ՝ ֆուտբոլի ժամանակ։ Եթե դու պահի տակ վերացարկվես, որ սա եկեղեցի է, իսկ սա՝ մարզադաշտ, կտեսնենք նույն երկրպագությունը։

Ձախից աջ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախկին նախագահ Մերիչել Բատետը և Սոս Ավետիսյանը

Դիվանագիտությունը մի քիչ ֆուտբոլի է նման․ խաղի կանոնները բոլորի համար նույնն են, սակայն արդյունքը կախված է նրանից, թե ինչ երկիր ես ներկայացնում՝ ինչ տնտեսական կարողությամբ, ինչ տարածքով ու ինչ հնարավորություններով։ Բայց ֆուտբոլի նման լինելուց զատ, դիվանագիտությունը նաև երաժշտություն է․ մի արվեստ, որի ձայնը պետք է հնչի համաշխարհային միտումներին համահունչ։

-Ինձ համար դիվանագիտության մեջ շատ կարևոր է երաժշտական պահը, նոտաները, որոնք պատահական բաներ չեն։ Դու պիտի հասկանաս՝ աշխարհում ինչ երաժշտություն է։ Այս սա է կարևոր, որովհետև երբ որ դու չես հասկանում այդ երաժշտությունը, մեկ անգամ կնախազգուշացնեն, երկրորդ անգամ կնախազգուշացնեն, իսկ ահա երրորդին՝ լավ չեն նախազգուշացնի։ Այսինքն՝ դու պետք է իմանաս՝ ի՞նչ երաժշտություն է աշխարհում, ճիշտ փոխանցես դա քո մայրաքաղաքին՝ առանց ֆիլտրերի։ Մենք պետք է անկեղծ լինենք մեր մայրաքաղաքի հետ, որպեսզի ճիշտ որոշում կայացնենք։ Սա, ես կարծում եմ, որ դեսպանի ամենակարևոր հատկանիշներից մեկն է՝ պիտի ունենաս որոշակի միջազգային երաժշտական ականջ։

Կարդացեք նաև

Back to top button