ԿարևորՄիջազգային

Ռուսաստանը և Իրանն ապրիլի 1-ին կսկսեն «Ռաշթ-Աստարա» երկաթուղային նախագծի իրականացումը

Ռուսաստանը և Իրանը 2026 թվականի ապրիլի 1-ից կսկսեն «Ռաշթ-Աստարա» երկաթուղային նախագծի իրականացումը, որը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մաս է կազմում, երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը։

Նրա խոսքով՝ կողմերը հաջողությամբ լուծել են նախագծի մեկնարկին խոչընդոտող բոլոր վիճելի հարցերը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը և Իրանը գրեթե ավարտել են բոլոր անհրաժեշտ աշխատանքները։ Ռուսաստանում «տրանսպորտային շաբաթվա» ընթացքում, Ցիվիլևի խոսքով, նախատեսվում է ապրիլի 1-ին նախագծի իրականացումը սկսելու վերաբերյալ վերջնական համաձայնագրի ստորագրումը։

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել այս նախագծի վրա աշխատող մեր բոլոր աշխատանքային խմբերին։ Այն շատ բարդ է, բայց մեզ հաջողվել է լուծել բոլոր խնդիրները։ Կարող ենք վստահորեն ասել, որ ապրիլի 1-ին մենք կսկսենք այս խոշոր ենթակառուցվածքային նախագծի իրականացումը», — նախարարի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

Ռաշթ-Աստարա հատվածը, որի արժեքը գնահատվում է 1,6 միլիարդ եվրո, սկսվել է 2023 թվականի մայիսին Թեհրանում Իրան-Ռուսաստան միջկառավարական համաձայնագրի ստորագրումից հետո։ Այս համաձայնագրի համաձայն՝ Մոսկվան պատրաստ է նախագծի ֆինանսավորման համար տրամադրել 1,3 միլիարդ եվրո վարկ, իսկ մնացած գումարը կծածկի իրանական կողմը։

Կարդացեք նաև

Back to top button