ԿարևորՀասարակություն

Ռուբեն Վարդանյանի դատավճիռը էթնիկ հայ առաջնորդների դեմ դատավարական «ծաղրի» գագաթնակետն է. Amnesty International

Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Սթրաթերսը Ռուբեն Վարդանյանի դեմ նախօրեին Բաքվում կայացած 20 տարվա ազատազրկման դատավճիռը որակել է «իսկական ծաղր» եւ 16 ամբաստանյալների դատապարտման «գագաթնակետ»։

«Այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանը և մյուսները՝ իր պես քաղաքացիական մի քանի անձինք, դատվել են ռազմական դատարանում, ինքնին լուրջ մտահոգություններ է առաջացնում և անհամատեղելի է արդար դատաքննության սկզբունքների հետ: Տասնամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածները՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, արժանի են ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման և չկրկնվելու երաշխիքների, մինչդեռ այս դատավճիռները վիրավորանք են միջազգային իրավունքով արգելված հանցագործությունների բոլոր զոհերի համար»,- ասել է նա:

Ըստ Amnesty International-ի՝ չափազանց լուրջ բազմաթիվ հանցագործությունների համար մեղադրվող Ռուբեն Վարդանյանի և մյուս ամբաստանյալների դատավարություններն անցել են փակ ձևաչափով։

«Մեղադրանքները հիմնված են եղել «ապացույցների» վրա, որոնք մեղադրյալներին ներկայացվել են իրենց համար անհասկանալի լեզվով, և որոնք պատշաճ ձևով չեն թարգմանվել։ Միայն Վարդանյանին առաջադրված ավելի քան 40 մեղադրանքները, այդ թվում՝ «ահաբեկչություն»-ը և «մարդկության դեմ հանցագործություններ»-ը, դատավարության ընթացքում հրապարակային ձևով նույնիսկ չեն էլ բացահայտվել»։

Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններից տեղեկատվություն է խնդրել դատավարության և ապացույցների մասին, բայց պատասխան չի ստացել։

Կարդացեք նաև

Back to top button