
ՆԱՏՕ-ի «Արկտիկական պահապան» նախաձեռնությունը, որն անցյալ շաբաթ պաշտոնապես հայտարարվել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի կողմից , առաջադրվել է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև Գրենլանդիայի շուրջ լարված հարաբերությունների ֆոնին։ BBC-ին գրում է, որ Ռյուտեն չի բացահայտել նախաձեռնության մանրամասները, սակայն ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների ոչ պաշտոնական մեկնաբանությունները ենթադրում են, որ «ԱՄՆ-ն ապահովում է իր սեփական անվտանգությունը՝ վերահսկելով Գրենլանդիան» սկզբունքի փոխարեն Վաշինգտոնին առաջարկվել է նոր սկզբունք. «ՆԱՏՕ-ն ապահովում է իր բոլոր անդամների, նաև՝ ԱՄՆ-ի անվտանգությունը ամբողջ Արկտիկայում, այդ թվում՝ Գրենլանդիայում»։
Այսպիսով, ՆԱՏՕ-ն՝ մասնավորապես կառույցի եվրոպական անդամները, արձագանքում են Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության երկու առաջարկներին. որ նրանք պետք է ավելի մեծ պատասխանատվություն կրեն անվտանգության համար, և որ առանց Գրենլանդիայի ԱՄՆ-ն չի կարող իրեն անվտանգ զգալ։
Մարկ Ռյուտեն նախաձեռնության մեկնարկի մասին հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը չի մասնակցել։
Վաշինգտոնը դեռևս չի արձագանքել այս նախաձեռնությանը։
Դոնալդ Թրամփը սկսել է քննարկել Գրենլանդիայի ԱՄՆ-ին միանալու հարցը 2025 թվականից։ Հունվարի 6-ին Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «նախագահը և նրա թիմը քննարկում են արտաքին քաղաքականության այս կարևոր նպատակին հասնելու մի շարք եղանակներ, և գերագույն գլխավոր հրամանատարի կողմից ԱՄՆ ռազմական ուժի կիրառումը միշտ դիտարկվում է որպես տարբերակ»։
Այս պնդումները վրդովմունք էին առաջացրել եվրոպական երկրների՝ ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում։ ԱՄՆ նախագահը հետագայում մեղմացրել էր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Դանիայի, եվրոպական դաշնակիցների և Կանադայի հետ հանդիպումներից հետո քննարկում է գործարքը։
Ըստ Թրամփի՝ Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է Ամերիկայի անվտանգությունն ապահովելու համար՝ Արկտիկայում Ռուսաստանի և Չինաստանի կողմից աճող ակտիվության ֆոնին։




