
Միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Օմանի միջնորդությամբ Ժնևում տեղի ունեցած ԱՄՆ-Իրան բանակցություններն են։ Չնայած դիվանագիտական ճանապարհով հարցերը կարգավորելուն ուղղված քայլերին՝ միմյանց հասցեին սպառնալիքներ են հնչեցնում թե՛ Վաշինգտոնը և թե՛ Թեհրանը։ Իսկ բանակցությունների և հայտարարությունների մյուս կողմում ամերիկյան ռազմանավերն են Պարսից ծոցում և Իրանի ծովային զորավարժությունները Հորմուզի նեղուցում։
Օմանի միջնորդությամբ Ժնևում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները, ըստ վերլուծաբանների, բարձր խաղադրույք ունեին։ Այդ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «անուղղակիորեն» կներգրավվի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեջ։ Նա այդ մասին լրագրողներին ասել է Air Force One ինքնաթիռում․
«Այսպիսով, մենք անուղղակիորեն կմասնակցենք այդ բանակցություններին, և դրանք շատ կարևոր կլինեն, և կտեսնենք, թե ինչ կարող է պատահել: Դրանք շատ դժվար բանակցություններ են եղել: Ես կասեի, որ վատ բանակցողներ են, քանի որ կարող էինք համաձայնության հասնել ավելի վաղ, և մենք ստիպված չէինք լինի նրանց միջուկային ներուժը ոչնչացնելու։ Հուսով եմ, որ նրանք ավելի խելամիտ կլինեն: Նրանք ուզում են համաձայնություն ձեռք բերել»:
Համաձայնության հեռանկարի մասին խոսելով՝ Թրամփն ասել էր, որ Իրանի համար թերևս դաս է եղել անցյալ տարվա հունիսին իր կոշտ դիրքորոշումը, երբ ԱՄՆ-ն միացավ Իրան–Իսրայել 12-օրյա պատերազմին և ռմբակոծեց իրանական երեք միջուկային օբյեկտները։
«Կարծում եմ՝ նրանք ուզում են համաձայնություն ձեռք բերել: Ես չեմ կարծում, թե նրանք ուզում են զգալ գործարք չկնքելու հետևանքները»։
Միջազգային մամուլը նկատում է, որ բանակցությունների երկրորդ փուլն ու քաղաքական հայտարարությունները տեղի են ունենում Պարսից ծոցի շրջանում բարձր լարվածության պայմաններում, քանի որ Միացյալ Նահանգները երկրորդ ավիակիրն է ուղարկել տարածաշրջան, իսկ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին զգուշացրել է, որ Իրանի վրա յուրաքանչյուր հարձակում կհանգեցնի տարածաշրջանային պատերազմի։ Նա այդ հայտարարությունն արել էր Ժնևի հանդիպումից առաջ․
«ԱՄՆ նախագահը անընդհատ ասում է՝ իրենց բանակը աշխարհի ամենաուժեղ բանակն է։ Սակայն աշխարհի ամենահզոր բանակը երբեմն կարող է այնպիսի ապտակ ստանալ, որ այլևս չկարողանա ոտքի վրա մնալ։ Նրանք անընդհատ ասում են, որ ռազմանավեր են ուղարկել Իրանի ուղղությամբ: Լավ, իհա՛րկե, ռազմանավը վտանգավոր սարք է, բայց դրանից ավելի վտանգավոր է այն զենքը, որը կարող է այդ ռազմանավը ծովի խորքն ուղարկել»:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ բանակցություններից առաջ X-ում գրել էր, որ Ժնև է գնացել «արդար և հավասար գործարքի հասնելու իրական գաղափարներով, իսկ այն, ինչ սեղանին չէ, հնազանդությունն է սպառնալիքների դիմաց»։
Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ ունի, և պատրաստ է քննարկելու իր ծրագրի սահմանափակումները միայն պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Թեհրանը չի դիտարկում ուրանի «զրոյական հարստացման» տարբերակը և իր հրթիռային հնարավորությունների քննարկումները։
Իրանի գլխավոր դիվանագետը Ժնևում հանդիպել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ տեխնիկական հարցեր քննարկելու համար։ ԱԷՄԳ-ն ամիսներ շարունակ Իրանին կոչ էր անում ներկայացնելու, թե ինչ վիճակում է իր 440 կգ բարձր հարստացված ուրանը իսրայելա-ամերիկյան հարվածներից հետո։ Գործակալությունը պահանջում էր լիովին վերսկսել ստուգումները նաև ռմբակոծված երեք հիմնական վայրերում՝ Նաթանզիում, Ֆորդոյում և Սպահանում։
Թեհրանը, սակայն, գործակալությանը թույլ է տվել մուտք գործել միայն որոշ չվնասված օբյեկտներ՝ պատճառաբանելով ռմբակոծված տարածքներում ճառագայթահարման վտանգը։
Ժնևի բանակցություններից առաջ Իսրայելում գտնվող ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել էր, որ Իրանի հարցում որոշում կայացնելը ոչ թե ամիսների, այլ շաբաթների հարց է․
«Իմ՝ այսօրվա ներկայությունը այստեղ նպատակ ունի հավաստիացնելու իսրայելցի ժողովրդին, որ Թրամփի և Նեթանյահուի միջև տարակարծություն չկա, թե ինչ և ինչպես արվի դա: Այժմ երկու ճանապարհ կա՝ դիվանագիտական գիծը և ռազմական տարբերակը։ Հիմնականն այն է, որ որոշումների կայացման առումով հարցը շաբաթների և ոչ թե ամիսների հարց է»:
Միջազգային մամուլը նկատում է, որ Վաշինգտոն–Թեհրան բանակցությունները տեղի են ունենում տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության և Իրանի խոշոր ծովային զորավարժությունների պայմաններում։
AP գործակալությունը գրում է, որ տարածաշրջանով անցնող նավերը նախազգուշացում են ստացել, որ Հորմուզի նեղուցի հյուսիսային հատվածում, որն Իրանի ջրային տարածքում է, մարտական կրակով զորավարժություններ են անցկացվում։ Իրանի պետական հեռուստատեսությունը, սակայն, չի հիշատակել մարտական կրակի հանգամանքը։
Վերջին շաբաթներին սա երկրորդ դեպքն է, երբ նավերը նախազգուշացում են ստանում մարտական կրակով զորավարժությունների մասին։ Հունվարի վերջին հայտարարված նախորդ զորավարժությունների ժամանակ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը խիստ նախազգուշացում էր տվել Իրանին, որ եթե ամերիկյան ռազմանավերին կամ առևտրային նավերին մոտ սպառնալիք նկատվի, համապատասխան քայլերի կդիմի։
Իրանի և ԱՄՆ ռազմածովային ուժերի միջև լարվածությունն ավելի սրվեց, երբ ամերիկյան կործանիչը Արաբական ծովում խոցեց իրանական անօդաչու մի սարք, որը մոտենում էր Abraham Lincoln ավիակրին: Իրանը նաև հետապնդել էր ԱՄՆ դրոշով նավարկող առևտրային նավ՝ Հորմուզի նեղուցում։
Իրանը, ի պատասխան ամերիկյան սպառնալիքների, բազմիցս հայտարարել է, որ կփակի Հորմուզի նեղուցը, որը կենսական նշանակություն ունի Պարսից ծոցի արաբական երկրներից նավթի արտահանման համար։ Իրանը նաև սպառնացել է հարվածել տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։




