ԿարևորՄիջազգային

Իրանը պատրաստ կլինի փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը. ԱԳ փոխնախարար

BBC-ին տված հարցազրույցում Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին ասել է, որ Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումային տարբերակներ՝ Միացյալ Նահանգների հետ միջուկային համաձայնագրի հասնելու համար, եթե ամերիկացիները պատրաստ լինեն քննարկել պատժամիջոցների վերացման հարցը։

Ամերիկացի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ ձգձգվող բանակցային գործընթացում Իրանն է դանդաղեցնում առաջընթացը, մինչդեռ, BBC-ին տված հարցազրույցում Թախտ-Ռավանչին նշել է, որ գնդակն այժմ «Ամերիկայի դաշտում է, և նրանք պետք է ապացուցեն, որ ցանկանում են համաձայնագրի հասնել»։ Նա հավելել է. «Եթե նրանք անկեղծ են, վստահ եմ, որ մենք համաձայնագրի ճանապարհին կլինենք»։

Թրամփը սպառնացել է հարվածել Իրանին, եթե չհաջողվի համաձայնության գալ իրանական միջուկային ծրագիրը սահմանափակող համաձայնագրի շուրջ, միևնույն ժամանակ ԱՄՆ-ն մեծացնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։

Փետրվարի սկզբին ԱՄՆ-ն և Իրանը անուղղակի բանակցություններ են վարել Օմանում։ Թախտ-Ռավանչին ասել է, որ նրանք «ընդհանուր առմամբ շարժվում են դրական ուղղությամբ, բայց դեռ վաղ է դատողություններ անելու համար» և հաստատել է, որ երկրորդ փուլը նախատեսված է երեքշաբթի օրը Ժնևում։

Իրանցի դիվանագետը հիշեցրել է ուրանը մինչև 60% հարստացնելու վերաբերյալ Թեհրանի առաջարկը որպես փոխզիջման գնալու պատրաստակամության ապացույց։

«Մենք պատրաստ ենք քննարկել այս և մեր ծրագրին վերաբերող այլ հարցեր, եթե նրանք պատրաստ լինեն խոսել պատժամիջոցների մասին», — BBC-ին ասել է Թախտ-Ռավանչին։

Հարցին, թե արդյոք Իրանը կհամաձայնի երկրից դուրս բերել բարձր հարստացված ուրանի իր պաշարները, որոնք գերազանցում են 400 կիլոգրամը, ինչպես նախատեսված է 2015 թվականի միջուկային համաձայնագրով, Թախտ-Ռավանչին ասել է. «Դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ կլինի բանակցությունների ընթացքում»։

Կարդացեք նաև

Back to top button