
Ազգային ժողովի 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն կորոշվի ներկուսակցական քվեարկության արդյունքում։ Այս մասին փետրվարի 13-ին լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
Փետրվարի 1-ից սկսվել են ՔՊ կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովի կազմակերպման միջոցառումները։ Երեկ տեղի է ունեցել ընտրական ցուցակի ձևավորման փակ, գաղտնի, վարկանիշային քվեարկության առաջին փուլը։
Փետրվարի 13-ին ՔՊ կուսակցության վարչությունում տեղի է ունեցել ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու՝ կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման փակ, գաղտնի, վարկանիշային քվեարկության առաջին փուլը։
Այս փուլում քվեարկելու իրավունք են ունեցել կուսակցության 1057 անդամներ։ Առաջադրված է եղել 274 թեկնածու։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել է, որ առաջին փուլի արդյունքների ամփոփումից հետո տեղի կունենա երկրորդ փուլը, որին մասնակցելու հնարավորություն կունենան առաջին փուլի արդյունքներով առաջին 50 հորիզոնականը զբաղեցրած թեկնածուները։ Երկրորդ փուլի քվեարկության արդյունքներով տեղի կունենա նաև վարչապետի թեկնածուի ընտրություն։
«Ապրիլի սկզբին տեղի կունենա համաժողովի լիագումար նիստը, որտեղ արդեն բաց քվեարկությամբ կհաստատվի կուսակցության ամբողջական համամասնական ցուցակը և կընդունվի առաջիկա ընտրություններում կուսակցության նախընտրական ծրագիրը»։
Ընդհանուր առմամբ, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ներքաղաքական և հանրային կյանքում պետք է առողջացնել մթնոլորտը և խոսույթը։
«Ես էլ ինձ, եղել է, այդ թվում՝ էմոցիաների տակ, թույլ եմ տվել արտահայտություններ, որոնցով չեմ հպարտանում և որոնց համար նաև ներողություն եմ խնդրել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ իմ դեմ վարույթ է հարուցել և որոշում է կայացրել, որ մեղավոր եմ։ Առաջիկայում էլ ընտրություններ են, նաև ընդդիմության դաշտի մեր գործընկերները պետք է համոզված լինեին, որ, եթե անցում կատարվեր որևէ բառապաշարի, մենք բառապաշարից չենք խեղճանա։ Պետք է առողջացնել միջավայրն ու մթնոլորտը։ Աղմուկի և այդ ամենի մեջ բովանդակությունը կորում է։ Մեզ պետք է ավելի շատ բովանդակության վրա կենտրոնանալ, որ նախ դիմացինի ասածը հասկանանք, երկրորդ՝ սեփական ասածը դիմացինին հասկանալի դարձնենք»։
Խոսելով խորհրդարանական ընտրությունների պատրաստվող և իշխանություն ստանձնելու հավակնություն ունեցող այլ քաղաքական ուժերի հնարավորությունների մասին, Փաշինյանը բոլոր նախկին իշխանությունների և օլիգարխների պարտություն է կանխատեսել։
«Թույլ տվեք վստահություն հայտնել, որ իմ նշած բոլոր ուժերն իրար հետ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ստանալու են ջախջախիչ փոքրամասնություն։ Բոլոր նախկին իշխանություններն ու օլիգարխները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։ 2026-ից հետո այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ կամ նախկին նախագահ։ Հունիսի 8-ին մենք արթնանալու ենք մի Հայաստանում, որի պատմությունը միանում է այն պատմությանը, որն ընդհատվել է 374 թվին՝ Պապ թագավորի սպանությամբ»։
Վարչապետն անդրադարձել է նաև ընդդիմության այն մեղադրանքներին, թե Հայաստանի իշխանությունը պրոթուրքական և պրոադրբեջանական քաղաքականություն է վարում։ Նա ընդգծել է նաև, որ երբեմն այդ բովանդակությամբ հայտարարություններ են հնչում նաև Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաների որոշ շրջանակներից։
«Ռուսաստանի Դաշնությունում կան որոշակի շրջանակներ, որոնք առաջնորդվում են հետևյալ տրամաբանությամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղությունը ձեռնտու չէ իրենց, որովհետև այդ դեպքում Հայաստանը կդառնա լիարժեք անկախ պետություն, իսկ, եթե թշնամանք և հակամարտություն կա Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Հայաստանը ստիպված կլինի ավելի ամուր գրկել Ռուսաստանին։ Մենք այս տարածաշրջանում ենք ապրում և մենք ունենք չորս հարևան երկիր. ո՞վ է արդյունավետ ղեկավարը, ով ուզում է այդ չորս հարևան երկրի հետ ունենալ լավ հարաբերություններ և խաղաղությո՞ւն, թե՞ նա, ով ուզում է այդ չորս հարևան երկրի հետ անընդհատ հրահրի հակամարտություններ։ Ո՞ր երկիրն է ավելի ինքնիշխան ու զարգացած, նա ով հարևանների հետ ունի բնականոն հարաբերություննե՞ր, թե՞ նա, ով հարևանների հետ ներքաշված է կոնֆլիկնտերի մեջ»։
Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինն ու ՌԴ կառավարության բազմաթիվ բարձրաստիճան ներկայացուցիչներ նույնպես համարում են, որ խաղաղությունը օգտակար է և՛ ՀՀ-ին, և՛ ՌԴ-ին, և՛ տարածաշրջանի երկրներին։
Խոսելով Ադրբեջանի հետ հաստատուն խաղաղություն կնքելու և հետագայում հարաբերությունները զարգացնելու մասին, վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում համատեղ առևտրային հարթակ ստեղծելու որոշում կկայացվի երկու երկրների միջև սահմանազատված հատվածներից որևէ մեկում։
«Սահմանազատված հատված կա, և ինչո՞ւ չի կարող դառնալ անցման կետ երկու կողմերից։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում Ադրբեջանի հետ համատեղ մենք այդ սահմանազատված հատվածներից որևէ մեկում, ամեն մեկս մեր կողմում, համատեղ շուկա կամ առևտրի պլատֆորմ ստեղծելու որոշում կկայացնենք և կիրականացնենք այդ որոշումը։ Նախադեպը կա, ցամաքային հատում է տեղի ունեցել սահմանազատված հատվածի՝ երկու երկրների օրենսդրությանը համապատասխան, ինչը շատ լավ է»։
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև տարածաշրջանի մյուս երկրների, մասնավորապես, Իրանի հետ ՀՀ հարաբերությունների մասին։ Նա նշել է, որ Հայաստանն ու Իրանը բանակցում են Ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրելու շուրջ։ Առայժմ, սակայն, համաձայնագրի ստորագրման համար հստակ ժամկետ չկա, ասել է վարչապետը։
«Մենք քննարկումներ ունենք և բանակցում ենք հնարավոր համաձայնագիրը։ Երբ որ համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, բնականաբար, դրանից հետո պետք է ստորագրվի»։
Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի, անդարադարձել է նաև Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակին, որին վերջերս արժանացել են ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը։ Նա տեղեկացրել է, որ մրցանակը նաև գումարային պարգև է նախատեսում՝ 1 մլն դոլար։
«Քանի որ կիսել ենք մրցանակը, ենթադրվում է, որ յուրաքանչյուրիս 500 հազար դոլար կտրվի։ Գումարը դեռ փոխանցված չէ, բայց վստահ եմ՝ կփոխանցվի, և ես մտածում եմ այդ գումարն ի՞նչ հանրային կարիքի կամ նպատակի է պետք ուղղել։ Երբ կլինի կոնկրետ որոշում, առիթ կլինի, կհայտնենք»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը հանձնվել է փետրվարի 4-ին Աբու Դաբիում։ Երկու պետությունների ղեկավարներն այդ մրցանակին արժանացել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։
Վերադառնալով ՔՊ կուսակցության ընտրացուցակի ձևավորման թեմային, հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին։
Լենա Բադեյան
Ներսես Մատինյան
Ռադիոլուր




