«Ստուդիո 20» կոլեկտիվը մի ինքնատիպ հարթակ է, որտեղ արվեստն ու առօրյան գործում են անբաժանելի միասնության մեջ՝ նույն միջավայրում։ Այստեղ արվեստագետներն ապրում են, ստեղծագործում և հենց այդ կենսական տարածքում էլ ծնվում են նոր ցուցադրություններ, գաղափարներ ու փորձարարական նախագծեր։
Այս համատեքստում առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում «Դանդաղ կապույտ» մուլտիդիսցիպլինար ցուցահանդեսը, որի հեղինակը արվեստագետ և կուրատոր Բէլա Պողոսյանն է։ Նա արվեստի կրթություն է ստացել Ռուսաստանում, սակայն, արդեն շուրջ հինգ տարի բնակվում և ստեղծագործում է Վանաձորում։ Ցուցադրության համադրողը «Studio 20» կոլեկտիվի համահիմնադիր Մոմիկ Վարդանյանն է։
Ժամանակակից աշխարհի աղմուկի ու սրընթաց տեմպի մեջ հաճախ առաջանում է այնպիսի միջավայրերի կարիք, որոնք արվեստը չեն դիտարկում սոսկ որպես շուկայական ապրանք կամ սովորական պրեզենտացիա։ Փոխարենը՝ ստեղծվում է մի տարածք, որտեղ այցելուն հնարավորություն ունի զբաղվելու ինքնախնամքով և հանգստությամբ։ Բէլա Պողոսյանն իր աշխատանքներում կենտրոնանում է գույնի, ձայնի և ռիթմերի վրա։ «Ստուդիո 20»-ում ստեղծված միջավայրը հնարավորություն է տալիս դիտողին երկար մնալ, վերականգնել շնչառությունը և լսել սեփական մարմնի զգացողությունները։ Արվեստագետը կարողանում է ոչ միայն հույզեր արթնացնել, այլև կառավարել ներքին լարումները՝ դրանք վերածելով շարժման։ Ինչպես նշում է Մոմիկ Վարդանյանը, ցուցահանդեսի «դանդաղությունը» հենց խնամքի և ներդաշնակության համար է։
Հեղինակի համար գունային աշխարհի բացահայտումը սկսվել է հենց կապույտից։ Վենետիկում ճամփորդելիս Բէլան ոգեշնչվել է ջրի գույնի փոփոխություններով, ինչն էլ հիմք է դարձել սեփական գունապնակի ստեղծման համար։ Կապույտի միջոցով վերագտնելով իրեն՝ արվեստագետն այսօր արդեն ազատորեն աշխատում է բոլոր գույների հետ՝ ստեղծելով մտերմիկ ու համերաշխ միջավայր։




