
2025 թվականն առողջապահության ոլորտի համար պատմական է եղել․ գնահատականը առողջապահության նախարարինն է։ Անահիտ Ավանեսյանը տարվա գլխավոր ձեռքբերում համարել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը: Արդեն մեկուկես ամիս գործող համակարգը շուրջ 1,6 միլիոն մասնակից ունի։ Ակնկալվում է, որ մինչև 2028 թվականն ընդգրկվածությունը փուլ առ փուլ կընդլայնվի՝ դառնալով համընդհանուր: Նախարարը նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունք է համարել նաև Հայաստանում կյանքի միջին տևողության ցուցանիշի փոփոխությունը։ Այն ավելացել է՝ հասնելով 78.6 տարեկանի։
Հայաստանում կեղծ դեղերի հնարավոր շրջանառության վերաբերյալ վերջին ահազանգին անդրադառնալով՝ առողջապահության նախարարը հորդորում է լինել զգոն, միաժամանակ վստահեցնում, որ վերահսկողական մեխանիզմները գործում են ամբողջ ծավալով։
Վերջին ահազանգը վերաբերում էր հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի հնարավոր կեղծմանը։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնել էին, որ ահազանգի վերաբերյալ տեղեկություններ ստացել են «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։
«Մենք և Դեղերի փորձագիտական կենտրոնը արտադրողների հետ իրականացնում ենք ամենօրյա աշխատանք։ Ցանկացած ահազանգի կամ մտահոգության դեպքում տեսչական մարմնի հետ անցնում ենք օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը։ Ժամանակ առ ժամանակ լինում են դեղեր, որոնց հետկանչի վերաբերյալ որոշումներ են կայացվում։ Սա նորմալ, վերահսկվող գործընթաց է»։
Շվեյցարական հայտնի Հոֆման-Լա Ռոշ դեղագործական ընկերությունից տեղեկություն էր ստացվել «Ավաստին»-ի կեղծման դեպքի վերաբերյալ։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից նախազգուշացրել էին քաղաքացիներին լինել ուշադիր, խուսափել նշված սերիայի դեղի օգտագործումից:
Նախարարի խոսքով՝ վերջերս գործարկվել է Դեղերի փորձագիտական կենտրոնի նոր, ամբողջությամբ վերազինված լաբորատորիան։ Ավանեսյանը վստահեցնում է՝ փորձաքննությունների իրականացման համար համակարգը լիարժեք ապահովված է սարքավորումներով, և պետությունը երաշխավորում է դեղերի անվտանգությունը։
Նախորդ տարվա գլխավոր բարեփոխումն առողջապահության համընդհանուր ապահովագրության ներդրումն էր։ Նախարարն այս առումով տարին պատմական է որակում։

Առողջապահության համընդհանուր ապահովագրության շրջանակում դիմելիությունը փետրվարի 11-ի դրությամբ կազմել է շուրջ 600 հազար։ Դրանց գերակշիռ մասը՝ 500 հազարից ավելին՝ ամբուլատոր այցեր են, 28 հազարը Շտապ օգնության կանչ, շուրջ երկուսուկես հազարը՝ ցերեկային ստացիոնար բուժում։
Համակարգը ներդրման փուլում է, և բնական են նաև դժգոհությունները։ Դրանցից մեկը վերաբերում է դեղատներից անվճար դեղ ստանալու գործընթացին։ Քաղաքացիների այն մտահոգությունները, որ դեղատոմոսով դուրս գրված դեղերի համար ստիպված են մի քանի դեղատուն գնալ, նախարարն այսպես է մեկնաբանում՝ համակարգի ներդրման առաջին ամիսն է, և դեղագործական ընկերությունները դեռևս չունեն կուտակված բավարար վիճակագրական տվյալներ՝ հասկանալու, թե տարբեր դեղերի մասով ամսական ինչ ծավալի սպառում է ձևավորվելու։
«Արդյունքում մատակարարումները կատարվում են կանխատեսումներով, որոնք դեռ ճշգրտման փուլում են։ Ընկերությունները պետք է որոշ ժամանակ ունենան՝ միջին շրջանառությունն ու պահանջարկը գնահատելու, դեֆիցիտները հաշվարկելու և պահեստային պաշարները համապատասխան չափաքանակներով համալրելու համար։ Ակնկալվում է, որ առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում, երբ սպառման միջին ցուցանիշները հստակ ձևավորվեն, դեղատներում քաղաքացիները այլևս չեն բախվի նույն դեղատոմսի դեղերը տարբեր վայրերից ձեռք բերելու անհրաժեշտությանը»։
Առողջապահական համակարգում ընթացող փոփոխությունների և բժիշկների աշխատավարձերի կրճատման շուրջ քննարկումների ֆոնին գերատեսչության ղեկավարը վստահեցնում է՝ դրանց մասին խոսք լինել չի կարող։ Որևէ բուժաշխատողի աշխատավարձ չի կրճատվել, ընդհակառակը, պայմանները բարելավվել են։
«Ես չունեմ որևէ տվյալ այն մասին, թե վիրահատություններ իրականացնող բժիշկը կարող է չնչին աշխատավարձ ստանալ․ նման իրավիճակ պարզապես չկա»։
Ըստ Ավանեսյանի՝ պետական քաղաքականությունը միտված է աշխատավարձերի փուլային բարձրացմանը։ Վերջին տարիներին ընտանեկան բժիշկների, թերապևտների և մանկաբույժների վարձատրությունն աճել է բոնուսային համակարգի միջոցով։ Ապահովագրական համակարգի ներդրմամբ նախատեսվում է փոխել ֆինանսավորման տրամաբանությունը։ Եթե նախկինում ընտանեկան բժիշկներն ու թերապևտները վարձատրվում էին հիմնականում ֆիքսված ֆինանսավորման սկզբունքով՝ անկախ մատուցված ծառայությունների ծավալից և արդյունավետությունից, ապա այժմ ներդրվում է նաև դեպքային ֆինանսավորում։ Սա նշանակում է, որ եթե բժիշկը կարողանում է առաջնային օղակում արդյունավետ վարել դեպքը և ապահովել արդյունք, նա տվյալ դեպքի համար ստանում է հավելյալ վարձատրություն։
«Նախկին ֆինանսավորումը պահպանվել է, ավելացել է ապահովագրվածների պերկապիտացիոն գումարը, ինչպես նաև ներդրվել է դեպքային ֆինանսավորում։ «Ինչպե՞ս կարող է սա հանգեցնել աշխատավարձի կրճատման։ Պարզ է՝ չի կարող»։
Նախարարը նորից է շեշտում, որ համակարգն անցումային փուլում է։ Առաջին ամիսներին բժշկական կենտրոնները կատարում են ներքին վերաբաշխումներ, վերանայում ծառայությունների համամասնությունները և կազմակերպչական մոդելները։ Ընդգծում է՝ սա կառուցվածքային վերադասավորման գործընթաց է, ոչ թե աշխատավարձերի նվազեցման քաղաքականություն։
«Արմֆարմացիա» ընկերության սեփականատերերից մեկը նախարարի մայրն է՝ Մարգուշ Վարդանյանը։ Լրագրողների հարցին, թե արդյոք այդ փաստը նախարարը հայտարարագրել է պաշտոնը ստանձնելիս կամ այն պետական գնումների գործընթացում շահերի բախում չի առաջացնում, նախարարը պատմական ակնարկով է արձագանքում։ «Արմֆարմացիա» ընկերությունը պետական մրցույթներին մասնակցում է դեռևս 1993 թվականից և մյուսների հետ՝ հավասար պայմաններով։
«Մենք որևէ դեղորայքի կամ բժշկական նշանակության ապրանքների ուղիղ գնումներ չենք իրականացնում։ Բոլոր գործընթացներն իրականացվում են մրցութային կարգով։ Որևէ շահերի բախում չկա և չի կարող լինել։ Ես թափանցիկ կերպով, իմ նշանակումից ի վեր, հայտարարագրել եմ այս հանգամանքը»։
ԱՀԿ-ի՝ 2026‑ին հրապարակած որոշմամբ՝ մի քանի երկրներ դուրս են եկել կարմրուկից լիովին զերծ երկրների ցանկից։ Հայաստանը դրանց թվում է, մինչդեռ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը վերջերս հայտարարել էր, որ մեր երկրում պատվաստումների կայուն աճ է արձանագրվել։ Նախարարը համոզված է, որ Կարմրուկի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։
«Կարմրուկի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։ 2025 թվականին պատվաստումների ծածկույթը հասել է ռեկորդային 95.2 տոկոսի, ինչը գնահատվում է որպես շատ դրական արդյունք։ Կարևորվել է նաև տեղեկատվական աշխատանքը ծնողների և հանրության հետ՝ պատվաստանյութերի վերաբերյալ վստահության բարձրացման ուղղությամբ։ Նշվում է, որ հանրության վերաբերմունքի փոփոխությունն ու բուժաշխատողների հետևողական աշխատանքը էական դեր են ունեցել այս արդյունքների ապահովման գործում»։
Պատասխանատուները վստահեցնում են՝ Հայաստանն առայժմ կարողանում է խուսափել կարմրուկի լայնածավալ տարածումից։ Չի բացառվում առանձին դեպքերի ի հայտ գալը, սակայն շեշտվում է, որ նույնիսկ նման իրավիճակներում արագ արձագանքման և օջախների մեկուսացման միջոցով հնարավոր է լինում կանխել բռնկումները։




