Հայաստանի պատմաքաղաքական իրողություններն անմիջական ու խորքային ազդեցություն են թողնում երկրի մշակութային կյանքի վրա՝ ձևավորելով արտահայտչական նոր լեզու, գեղարվեստական թարմ մեկնաբանություններ և ինքնության վերաիմաստավորման գործընթացներ։ Արվեստագետ Սամվել Սաղաթելյանը, անդրադառնալով քաղաքական զարգացումների և մշակույթի փոխազդեցությանը, նշում է է, որ շատ երևույթներ, նախքան քաղաքական դրսևորում ստանալը, երբեմն նախապես ձևավորվում են արվեստի դաշտում։ Այս համատեքստում նա հիշատակում է վարչապետի այն միտքը, թե գաղափարները չեն ծնվում կաբինետներում, այլ սկիզբ են առնում մշակութային հարթակներում։
Արվեստագետի համար «Խաղաղության խաչմերուկ» կոնցեպտը բացառիկ քաղաքակրթական ու մշակութային արժեք ունեցող գաղափար է, որն ամրապնդում է Հայաստանի դիրքերը։ Մարտարվեստի օրինակով նա ընդգծում է, որ հակառակորդին ատելությամբ վերաբերվելը պարտության տանող ուղի է, իսկ խաղաղության հաստատումից հետո հաջորդ կարևոր քայլը սեփական մշակութային հարթակի ամրապնդումն է։
Ըստ Սաղաթելյանի՝ ոչ գենը, ոչ էլ ազգային ժառանգությունն այնքան վճռորոշ չեն, որքան սեփական ինքնության նրբին շերտերը, որտեղից կարելի է դուրս բերել բաներ, որոնք երբևէ չեն արտահայտվել կամ չեն բարձրաձայնվել, քանի որ հակասել են «գոյատևման» սկզբունքին, որ «քեզնից ոչինչ կախված չէ։ Պարզվում է շատ բան է կախված։
Արցախը կորցրեցինք, որովհետև չստեղծվեց ուժեղ մշակութային հարթակ, քանի որ մենք մեր իրավունքները հանձնել էինք ուրիշին, մեր քաղաքակրթական իրավունքները։ Մենք պարտավոր ենք մեր ձեռքում ունենալ «Խաղաղության խաչմերուկի» քաղաքակրթական ու մշակութային հիմնավորումն ու հաստատումը, եթե չենք ուզում որ խաչմերուկը դառնա «բոշի մայլա»։ Պատմությունը ցույց է տալիս, որ կայացած պետությունները միշտ կարևորել են ժամանակակից արվեստը։ Դրա վառ օրինակն ԱՄՆ-ն է, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արվեստի կենտրոնը Եվրոպայից տեղափոխեց իր մոտ՝ օգտագործելով այն Սառը պատերազմի դեմ՝ հզոր «փափուկ ուժ»։ Այդ ամենը մարդու ազատության մասին էր։




