
Փետրվարի 10-ի «դատական ֆարս»-ում Ռուբեն Վարդանյանը փաստաբանին արգելել է ներկայացնել պաշտպանական փաստարկներ, քանի որ տեղի ունեցողը «ոչ թե դատ, այլ դատական ֆարս» է, «դատական նորմալ գործընթացի որևէ հնարավորություն չի եղել»։
Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ հրաժարվելով մասնակցել արդարադատության իմիտացիային՝ խոսել է արժանապատվության, պատասխանատվության և խաղաղության մասին, որը հնարավոր է միայն հավասարների միջև։
Նա մեջբերել է 16-րդ դարի սկզբի ադրբեջանցի գրող Ֆիզուլիի բանաստեղծությունը Վլադիմիր Լուգովսկոյի թարգմանությամբ։
Այն ավարտվել է «Մի կտոր անցողիկ հացի համար ծառա մի՛ եղիր» խոսքերով։
«Եթե մեկը ստորանալու է մյուսի առաջ, ոչինչ չի ստացվի, ոչ մի խաղաղություն չի լինի։ Հույս ունեմ, որ մենք սա կգիտակցենք ու կհասկանանք, որ ամեն ինչ կախված է միմիայն մեզնից, ինքնավերականգնվելու, ինքներս մեզ հարգելու մեր կարողությունից՝ չկորցնելով այն գիտակցումը, որ մենք իսկապես պետք է ապրենք խաղաղության մեջ մեր տարածաշրջանում»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։
Նա նշել է, որ իրեն փորձել են ընդհատել, սակայն ինքն ասել է. «Արցախը եղել է, Արցախը կա և Արցախը կլինի հենց գոյաբանական առումով։ Այն, որ Արցախը եղել է, կա և կլինի»։
Ըստ նրա՝ ոչ ոքի չի կարելի վերցնել եւ ջնջել։ «Ասել եմ, որ ամեն ինչ կանեմ, որպեսզի դեռ մեր, դեռ իմ, հուսով եմ, կյանքի ընթացքում հակամարտության երեք կողմերի ղեկավարները միասին ծաղիկներ խոնարհեն ամեն մի ազգի ու կրոնի ներկայացուցիչների շիրիմներին և ներողություն հայցեն բոլոր մայրերից իրենց զոհված զավակների համար»,- ընտանիքին հայտնել է Ռուբեն Վարդանյանը։




