Միջազգային

Մենք կարող ենք շատ լավ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կարող է լավ գործարք կնքել Իրանի հետ ։

«Մենք կարող ենք շատ լավ գործարք կնքել Իրանի հետ», — ասել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ Թեհրանը «ցանկանում է գործարք»։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ հնարավոր համաձայնագրերը, բացի Իրանի միջուկային ծրագրից, կարող են նաև անդրադառնալ նրա հրթիռային ծրագրին։ Նա այս դիրքորոշումը ներկայացրել է Axios-ին տված հարցազրույցում։

Ավելին, Թրամփը վստահություն է հայտնել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես ցանկանում է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքներով գործարք կնքվի։ «Նա ուզում է լավ գործարք», — Axios-ը մեջբերել է ԱՄՆ առաջնորդի խոսքերը։

Հունվարի 26-ին Վաշինգտոնը հայտարարել էր, որ «մեծ նավատորմ» է շարժվում դեպի Իրան։ Ամերիկյան կողմը հույս էր հայտնել, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կհասնի «արդար» գործարքի, որը կենթադրի միջուկային զենքից լիակատար հրաժարում։ ԱՄՆ-ն զգուշացրել է, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի վատը», նկատի ունենալով 2025 թվականի ամռանը Իրանին հասցված հարվածները, և կոչ է արել «կանխարգելել դա»։

Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ բանակցությունների նոր փուլը փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում էր։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։

Կարդացեք նաև

Back to top button