
Ալբերտ Ավետիսյան
«Ռադիոլուր»
2025 թվականը պետական եկամուտների կոմիտեի համար և՛ բարձր հարկեր հավաքելու, և՛ բուռն քննադատությունների տարի էր։ Աճող մուտքերի ֆոնին բիզնես միջավայրից նաև դժգոհություն կար հարկային ճնշումների մասին։ Տարվա արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է հարկեր-տուրքերի հիմնական պատկերն ու անդրադարձել մտահոգություններին։
Ավելի քան 2.7 տրիլիոն դրամի հարկ և պետական տուրք՝ 2024-ից 334 մլրդ դրամով կամ 14 տոկոսով ավելի․ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը 2025-ին ապահովված պատկերը համարում է սպասվածից էլ լավը։ Միայն հարկերը՝ 2.2 տրլն դրամ, ավելացել են 14.5 տոկոսով, իսկ մաքսային մարմիններն ապահովել են 503 մլրդ դրամի մուտք, աճը՝ 11.6 տոկոս։ Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն ավելացել է մոտ 1 տոկոսով։
Մինչ ՊԵԿ-ում բարելավվող ցուցանիշներն են մատնանշում, խորհրդարանական ընդդիմությունն ու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ դեռ տարեվերջին դժգոհել էին, թե ՊԵԿ նախագահի առջև խնդիր է դրված եղել 2025-ի համար նախատեսված հարկային մուտքերով ապահովել նաև 2024-ի 224 միլիարդ դրամ պակասուրդը ու դա բնութագրել էին «հարկային տեռոր»։ «Ռադիոլուր»-ը ՊԵԿ նախագահից հետաքրքրվեց՝ արդյոք նման հրահանգ ունեցե՞լ են։
«Կարճ պատասխանը «ոչ» է, այսինքն` չկա նման հրահանգ։ Բազմիցս խոսել եմ նրա մասին, որ այս տերմիններն իրականում ճիշտ չեն կիրառել, իրականում պակասուրդ ասածը ճիշտ չէ, որովհետև մենք պետք է գործոնների համախմբի մեջ նայենք` ինչ է դա նշանակում։ Ես եկա Պետական եկամուտների կոմիտե 2024 թվականի վերջին ու ստիպված եղա ինքս բոլոր հարթակներում բացատրել, թե ինչ է նշանակում այդ ցածր ցուցանիշը 2024 թվականի համեմատ։ Մենք աշխատում ենք պետական բյուջեի կանխատեսման ծրագրի շուրջ, և դա իրատեսական է, և այդ ձեր ասած հրահանգներն իրականության մեջ չկան»։
Տնտեսվարողների ու ոլորտի մասնագետների մտահոգությունների մասին «Ռադիոլուր»-ը դեռ տարեվերջին էր հարց ուղղել Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետն ընդգծել էր․
«Ես ասում եմ, որ ՀՀ որևէ հարկ վճարող չպետք է հիմք ունենա ասելու, որ կառավարությունը կամ հարկային մարմինները իրենցից գանձել են թեկուզ 1 լումա ավել։ Շատ հստակ հանձնարարական է։ Բայց, պատկերացրիք չէ՞, ես ասում եմ՝ չպետք է լինի տնտեսվարող, որը օբյեկտիվ հիմք ունենա ասելու, որ ՊԵԿ-ն իրենց ավել 1 լումա գումար է վերցրել, քան պետք է վերցներ օրենքով նախատեսված կարգով»։
Փաշինյանը նաև մանրամասնել էր, որ հանձնարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, այնուամենայնիվ, ուշադրության տակ պահել հարցը, քանի որ կառավարությունն էլ է ստանում նույնաբովանդակ նամակներ։
Հարկերի հավաքումն ավելի սահուն կազմակերպելու նպատակով ՊԵԿ-ը շարունակել է զարգացնել վերլուծական գործիքակազմը, որ տնտեսվարողի «դուռը թակի» ավելի շատ գնահատված ռիսկերի հիմքով, ոչ թե ուղիղ ստուգումներով։ Հակոբյանը հենց հարկային վարչարարության փոփոխությանը և հարկ վճարողների կարգապահության բարձրացմանն է վերագրում ցուցանիշը, ըստ որի՝ անցյալ տարի հարկ վճարողների հանդեպ տուգանքները նվազել են շուրջ 6 տոկոսով՝ կազմելով 142 մլրդ դրամ։
Հայտարարվող հարկային վարչարարության լավարկման ֆոնին բիզնեսից այլ դժգոհություն էլ կա․ ասում են՝ մինչ փորձում են հարմարվել «Հարկային օրենսգրքի» փոփոխություններին, օրենքները կրկին փոխվում են։ «Ռադիոլուր»-ը հետաքրքրվել է՝ իսկ ՊԵԿ-ը հասցնո՞ւմ է գործադիրից եկող փոփոխությունների պահանջները կյանքի կոչել ու գործնականում սահուն կիրառել։
«Այդ մասով էլ ենք աշխատելա ոճ փոխել, ու ֆինանսների նախարարությունն էր այդ մոտեցմամբ հանդես եկել, որ շատ շուտով ընդհանրապես «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները լինեն տարին 1 անգամ, ու որ հնարավորություն տան բիզնեսին՝ հարմարվել այդ նոր խաղի կանոններին։ Մենք այդ մոտեցումը հիմնական մասով կիրառեցինք Պետական եկամուտների կոմիտեում։ Նաև կուտակված խնդիրներ կային տարիներ շարունակ, գույքագրեցինք։ Եւ ձեր ասածը՝ արդյոք հասցնո՞ւմ ենք մասնավորի հետևից, շատ բարդ հարց է։ Իրականում ես չէի ասի, որ մենք հասցնում ենք, բայց առնվազն փորձում ենք համընթաց շարժվել»։
Ոլորտային խնդիրներին տեղեկանալու և այդ խնդիրներն ամբողջությամբ հասկանալու նպատակով մի խումբ տնտեսվարողների հետ իրականացվել են ոլորտային հանդիպումներ՝ վստահեցրեց ՊԵԿ նախագահը։
Անցած տարի կառույցին տրված ամենատարբերվող առաջադրանքը TRIPP-ին առնչվող կարգավորումների ապահովումն էր, դեռ միայն պատկերացումներում հստակեցնել, թե ինչպես կստուգվեն ադրբեջանական բեռները, եթե դրանք սկսեն տարանցվել ՀՀ տարածքով։
«Մենք Եվրասիական տնտեսության մեջ ենք, եւ գործում է Եվրասիական տնտեսական միության մաքսային իրավական համակարգը, հետեւաբար Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվելիք TRIPP ճանապարհի վրա, ինչպես Հայաստանի ամբողջ տարածքում, գործելու են ԵԱՏՄ մաքսային իրավական համակարգերը»,- հայտնեց ՀՀ Էդուարդ Հակոբյանը:
Front office, Back Office արտահայտությունները շատերի մոտ հարցեր են առաջացրել, դա ապագա է մաքսային ծառայության համար՝ ասաց Հակոբյանը։ Հայաստանն առաջիկա ամիսներին ունենալու է մոնիտորիգի կենտրոն, որը միանալու է ցամաքային կետերում գործող ռենտգեն համակարգերին, ինչը թույլ է տալու հեռավար տարբերակով վերլուծել անցնող բեռները: Այսինքն, բեռը անցնելու է համապատասխան ռենտգենի միջով, եւ այդ համակարգը վերլուծելու է եւ ընտրելու թիրախները, թե ինչն է պետք զննել:
Էդուարդ Հակոբյանը խոսեց նաև մի շարք խոշոր բացահայտումների մասին։ Ամենախոշորը թաքնած սերվերների հայտնաբերումն էր դեղատնային ոլորտում։
Լրագրողները հիշեցին դեպքը և ՊԵԿ նախագահից հետաքրքրվեցին, թե ինչու՞ տուգանվեց հենց այն մեկ կազմակերպությունը, որում արձանագրված խնդիրները մատնանշել էր Փաշինյանը և հրահանգել փակել այն։ Էդուարդ Հակոբյանը վստահեցրեց՝ նման խնդիրներով շատ այլ տնտեսվարողներ են վարչարարության ենթարկվել։
«Ակնհայտ է, որ եթե հանրապետության վարչապետը ինչ-որ բան ասում է, ուրեմն՝ գիտի ինչ-֊որ բաներ, որոնք տվյալ պահին չեն հնչեցվել։ Հիմա որ ասում եք` ինչու՞ մի մի կազմակերպություն տուժեց, մյուսները չտուժեցին այդ խոսակցության արդյունքում։ Հանուն արդարության պետք է նշեմ, որ նույնիսկ մինչև այդ պահը, թե այդ կազմակերպություններում, թե բազմաթիվ այլ կազմակերպություններում այդ նույն անկանխիկի մասին օրենքի դրույթը, որով ասվում է, որ կանխիկ և անկանխիկ գները սպառողին ներկայացնելիս չեն կարող իրարից շեղվել, դրա մասով ստուգումներ միշտ եղել են։ Հետևաբար թիրախում մի կազմակերպություն չի, թիրախում բոլորն են, ովքեր էդ կանոնը խախտում են, և էն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բացառապես օրենքի շրջանակում»։
Շարունակական թվայնացում, վերլուծական և վարչարարական գործիքների զարգացում՝ ՊԵԿ նախագահը սրանք է համարում իր ղեկավարած կառույցի այս տարվա առաջնահերթությունները՝ նաև ԱԲ գործիքների կիրառումը կարևորելով։ Իսկ հարկ վճարողին ասելիքը պարզ է՝ հետևել «Հարկային օրենսգրքով» սահմանված խաղի կանոններին, այլապես վարչարարական հետևանքները չեն ուշանա։




