Արդեն100 տարի

Վահան Տերյան․ Հանրային ռադիոյի ձայնադարանում պահպանված ընթերցումներ, կյանքի ժամանակագրություն և սերեր․ «Արդեն100 տարի»

Վահան Տերյանի ծննդյան հրաշալի կախարդանքի մեջ ենք:  Թե՛ հունվար, թե՛ փետրվար ամիսները, կարծես նույնանում են նրա անվան հետ: Հանրային ռադիոյի ձայնադարանում Տերյանի բանաստեղծությունների հոյակապ և բազմաթիվ ընթերցումներ կան: Դրանցից մեկում հնչում է հանճարեղ դերասան Վահրամ Փափազյանի ձայնը: Նա, կարծես, ոչ թե արտասանում է, այլ պատմում է մեզ Տերյանի «Անդարձություն»ը:

Հայկական ռադիոյի ձայնադարանը, տերյանական ընթերցումներով, հարստացրել է նաև տաղանդավոր դերասան, ասմունքող Սուրեն Քոչարյանը: 72 տարի առաջ՝ 1954 թվականին, կատարված այս ձայնագրությունները իսկապես բացառիկ են, գուցե՝ մի քիչ մոռացված: Իսկ 40 տարի առաջ Հայաստանի ռադիոյի ձայնադարանը համալրվեց թատրոնի և շարժանկարի տաղանդավոր դերասանուհի Վերջալույս Միրջանյանի խոր, զգացական ընթերցումներով:

«Յօրինաւոր ամուսնութենէ Սուքիաս քահանայի Տեր-Գրիգորեան ընդ Իւղաբերի Գրիգորեան ծնեալ է ուստր ի քսանութն հունվարի հազար ութն հարիւրութսունհինգ ամի (1885 ամի) և մկրտեալ ի 2 փետրվարի նոյն ամի ի ձեռն Արիստակես քահանայի Դիւգերեանց: Անուանեալ է Վահան, կնքահայրն լեալ է Փիլիպոս Ղունկիանոսեան Կիւրգեանց»:

Այսպես է սկսվում Վահան Տերյանի կյանքի փաստագրումը 1885-թվականի հին տոմարով հունվար 28-ին, նորով՝ փետրվար 9-ին: Այն տևում է, ցավոք սրտի, շատ կարճ, ընդամենը 34 տարի: Բայց այն աննկարագրելի հարուստ է գրական գլուխգործոցներով և ազգային խիզախումների պատմություններով, նաև՝ սերերով: Բոլորին են հայտնի Տերյանի մեծ սերերի պատմությունները: Առաջին անկառավարելի զգացումը, որ նա ունեցավ Անթառամ Միսկարյանի հանդեպ էր, որին նա մտերմաբար Անտյա, Անտենկա էր անվանում:

Այս աղջիկը, որ բնակվում էր Ցարիցինում և հարուստ գործարանատեր Միսկարյանի դուստրն էր, Մոսկվա էր եկել եղբորն հանդիպելու և ահա Մոսկվայի Հայկական եկեղեցու բակում Վահանը տեսավ նրան և սիրահարվեց: Նրանց սիրավեպը տխուր ավարտ ունեցավ: Վահանին, այսպես ասած, տարավ մեկ ուրիշ կին՝ Սուսաննան: Բայց Անթառամի հետ նամակագրությունը շարունակվեց: Այս կինը երբեք չմոռացավ Վահանին: Անթառամ Միսկարյանը՝ Տերյանի քնքուշ սերը, երկար տարիներ աշխատեց «Սովետսկի պիսատել» հրատարակչությունում, բաժանվեց իր ամուսնուց՝ ոմն Մորոզովից, միակ որդուն կորցրեց 2-րդ աշխարհամարտում: Մահացավ 1969թ-ին միայնության մեջ: Երբեք չմոռացավ Վահան Տերյանին: 

Ստավրոպոլի հայերից Սուսաննա Պախալովան դարձավ Տերյանի ճակատագիրը: Այս կինը փոխեց Վահանի կյանքը կտրուկ և անդառնալիորեն: Սուսաննան Անթառամի հակապատկերն էր: Այնքան հմտորեն սողոսկեց Տերյանի և Անթառամի հարաբերությունների մեջ, այնքան խորամանկորեն Տերյանին նետեց իր հյուսած ցանցի մեջ: Բայց շուտով, առանց հրաժեշտ տալու, բաժանվեց ամուսնուց: Երկրորդ անգամ ամուսնացավ Տերյանի մտերիմ ընկերոջ՝ քաղաքական գործիչ Ալ. Մյասնիկյանի հետ: Վերջինիս մահից հետո ջերմ հարաբերություններ հաստատեց Օրջոնիկիձեի և Կիրովի հետ: Մահացավ 1937-ին  կամ 1938-ին:

Անահիտ Շահիջանյանը Տերյանի ամոքիչ սերն էր: Ավարտել էր Դերբենդի և Թիֆլիսի օրիորդաց գիմնազիաները, ուսանել Մոսկվայի կոնսերվատորիայում: Նրանց համատեղ շատ կարճ կյանք էր նախանշված: 1920-ի հունվարի 7-ին Օրենբուրգում՝ Անահիտի ձեռքերի մեջ մահացավ թոքախտով հիվանդ Վահան Տերյանը: Նրա մահից երեք ամիս անց՝ 1920թ. ապրիլին Անահիտ Շահիջանյանը դուստր ունեցավ և կոչեց  իր ամուսնու վաղանցիկ սերերից մեկի՝ Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդի անունով: Անահիտ Շահիջանյանը մահացավ 1950-ին։

Կարդացեք նաև

Back to top button