
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Անդրադառնալով ԼՂՀ զինված ուժերի ուղղաթիռը խոցելու դեպքից հետո պատերազմի վերսկսման հավանականությանն առնչվող հարցին՝ լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմը ներկայումս անհնար է: Վերլուծաբանի խոսքով՝ նման զարգացման համար բոլորովին այլ պայմաններ պետք է լինեն, մինչդեռ՝ մեր տարածաշրջանում խաղացողների շարքում լրջորեն պատերազմ ցանկացողներ չկան: Քաղաքագետի խոսքով, սակայն, հնարավոր են տարբեր կտրուկ արձագանքներ մի կողմից, հետո մյուս կողմից: «Այսինքն, սահմանին կլինի ճգնաժամի անցում կրակոցների ու միջադեպերի նոր փուլի, բայց ոչ լայնամասշտաբ պատերազմի»,-շեշտել է «Կովկաս» ինստիտուտի տնօրենը: Ըստ նրա՝ Ադրբեջանական բանակի կողմից ԼՂՀ ԶՈՒ ուղղաթիռի խոցումը օգոստոսյան դեպքերի արձագանքն է եւ զինադադարի ռեժիմի խախտումը պատահական չէ:
«Դա ներվային արձագանք էր եւ Բաքվի ներվային արձագանքն էր ու ոչ թե՝ ինչ-որ մի սերժանտի կամ լեյտենանտի: Բնականաբար, նա ունի ջղաձգվելու բազմաթիվ պատճառներ, մասնավորապես՝ այն պարտությունը, որ Ադրբեջանը կրեց օգոստոսի սկզբներին:
Փորձը ցույց է տալիս, որ հայկական կողմերի արձագանքը նման դեպքերին մշտապես լինում է բավականին կոշտ: Սովորաբար, միշտ էլ զոհվածների ընդհանուր թիվը ադրբեջանական կողմում շատ է լինում: Բայց եթե հայկական կողմերի արձագանքը լինի զուտ ռազմական բնույթի, ապա արդյունքի չի հանգեցնի: Արձագանքը չպետք է լինի նաեւ զուտ դիվանագիտական:
Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքներին: Դրանք լիովին բնական էին: Նրանց խնդիրը ինչ որ մեկին պատժելը չէ, եւ ճշմարտությունը աչքերի մեջ ասելը չէ: Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների խնդիրը ստատուս-քվոն պահպանելն ու Մինսկի /բանակցային/ գործընթացը շարունակելն է»:




