
Լիանա Եղիազարյան
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Ռուսաստանը հանել է Հայաստանից մսամթերքի ներկրման արգելանքը, որը դրվել էր 2007 թվականից՝ պայմանավորված Հայաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտի տարածմամբ: Նոյեմբերի 12-ից մսամթերք արտադրող և վերամշակող հայաստանյան 11 արտադրող իրավունք ունի գառի, խոզի, տավարի և հավի մսից պատրաստված մսամթերք արտահանել Ռուսաստանի Դաշնություն:
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան տեղեկացրել է, որ արտահանման պայմանների նոր խստացումներ չկան, պարզապես կան պահանջներ, որոնց պարտադիր պետք է համաատասխանի արտահանվող արտադրանքը: Իսկ հարցին, թե արտահանման ծավալների ավելացումն արդյո՞ք չի հանգեցնի ներքին շուկայում մսամթերքի թանկացման, Մկրտչյանը վստահեցրել է, որ գների բարձրացում չի լինի, քանի որ հումքի 90 տոկոսից ավելին ներկրվում է, իսկ ներկրման շուկաներում մսամթերքի հումքն, ավելին, էժանացել է։
Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը խոսել է նաեւ Ամանորին ընդառաջ տեղական շուկայում ստուգումների խստացման ու գների հնարավոր փոփոխությունների մասին՝ չհամաձայնվելով սպառողների շահերի պաշտպանների այն հայտարարության հետ, թե շուկայում բարձիթողի վիճակ է:




