Մշակույթ

Ս. Սարգսյան. Ներկա կոնգրեսը կդառնա նոր ծրագրերի ու նախագծերի իրականացման հարթակ. մեկնարկեց ԹՄԻ կոնգրեսը

«Թատրոնի միջազգային ինստիտուտի կոնգրեսի կազմակերպումը Երևանում նշանակալի իրադարձություն է մեր երկրի մշակութային կյանքում, և ես ջերմորեն ողջունում եմ կոնգրեսի բոլոր մասնակիցներին»,- ասված է ՀՀ նախագահի՝ Թատրոնի միջազգային ինստիտուտի 34- րդ կոնգրեսի մասնակիցներին հղած ուղերձում։ Կոնգրեսն աշխատանքն սկսել է այսօր Երեւանում։

«Վստահ եմ, որ տասնյակ տարիների գործունեությամբ ինստիտուտը եղել է մշակութային կամուրջ տարբեր ազգերի ու երկրների միջև՝ նպաստելով ժողովուրդների հոգևոր մերձեցմանը և փոխադարձ ճանաչմանը: Ուրախ եմ, որ Հայաստանի թատերական գործիչների ազգային կենտրոնը նույնպես այս հեղինակավոր կազմակերպության մասն է, և պատահական չէ, որ Թատրոնի միջազգային ինստիտուտի կողմից ընդունվել է կենտրոնի հրավերը՝ իր հերթական՝ 34-րդ կոնգրեսը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ:

Հայաստանը վաղնջական ժամանակներից ունի թատերական ավանդույթներ, ինչպես նաև մշակույթը համամարդկային բարոյական որակների բարձրացմանը, ժողովուրդների բարեկամությանը և աշխարհի խաղաղությանը ծառայեցնելու խորապես գիտակցված սկզբունքներ:

Համոզված եմ, որ ներկա կոնգրեսը կդառնա համագործակցության, նոր ծրագրերի ու նախագծերի իրականացման հարթակ, կնպաստի արդի թատրոնի զարգացման միտումներին և առկա խնդիրների լուծմանը»,- ասված է ուղերձում։

Back to top button