Քաղաքական

Ադրբեջանը նոր պատերազմի պատրաստ չէ, ասում է ռուս վերլուծաբանը

Որոնք են նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ողբերգական միջադեպի պատճառներն ու նպատակները: Հարցի վերաբերյալ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին իր պարզաբանումներն է ներկայացրել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Ալեքսանդրովը։

Վերլուծաբանը նշում է, որ հայկական ուղղաթիռի խոցման միջադեպը ծրագրված սադրանք է՝ սահմանին տիրող իրավիճակը լարելու ադրբեջանական քաղաքականության հետևանք։

Ալեքսանդրովը փաստում է, որ տարիներ շարունակ Ադրբեջանի բնակչությունը դաստիարակվում է հայերի նկատմամբ ատելություն ոգով, գաղափարախոսական ներարկումները հատկապես ինտենսիվ են բանակում: Պատահական չէ, որ հային կացնահարած Սաֆարովին ոչ թե պատժում են, այլ՝ ազգային հեռոս հռչակում։

Նույնն է արվում նաև հայկական ուղղաթիռը խոցած զինվորի նկատմամբ։ «Շարքային ադրբեջանցիների մոտ այն տպավորությունն է, որ հայի սպանությունը փառքի տանող ուղիղ ճանապարհ է»,- նշում է ռուս վերլուծաբանը: Ինչ վերաբերվում է Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանը, ապա նրանց նպատակն է լարվածության մեջ պահել թշնամուն, պարտադրել զիջումներ բանակցություններում։

Միխայիլ Ալեքսանդրովի համոզմամբ՝ կողմերին այսօր ձեռնտու չէ լայնամասշտաբ հակամարտությունը։ «Ադրբեջանը նոր պատերազմի պատրաստ չէ, քանի որ Բաքվի համար հետևանքները սարսափելի կլինեն, տեղի կունան Ադրբեջանի վերջնական պառակտում: Եթե 90-ականների սկզբին ազգային փոքրամասնությունները, օրինակ՝ թալիշները, պատրաստ չէին առանձնանալու, ապա այսօր տրամադրությունները այլ են: Եթե գործը դրան հասնի, Ալիևին չի պաշտպանի ոչ Իրանը, ոչ էլ Ռուսաստանը»,- նշում է վերլուծաբանը՝ ընդգծելով, որ պատերազմի դեպքում հարցականի տակ է հայտնվում նաև Ալիևների կլանի ճակատագիրը:

Եթե պատերազմը ձգձվի՝ առանց հաջողությունների, Ադրբեջանում չի բացառվում լիբիական սցենարը:

Back to top button