Վերնատուն

Սեր և թվային անատոմիա․Նանա Արամյանի «Սիրո ԴՆԹ» ցուցահանդեսը. «Վերնատուն»

Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Նանա Արամյանի «Սիրո ԴՆԹ» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Սիրո թեման արվեստագետի համար շարժիչ ուժ է արվեստում ստեղծագործական կյանքում, կենսակերպում, իսկ վերջին տարիների աշխատանքներում առանցքային տեղ է զբաղեցնում էմոցիոնալ գերակայությունը՝ արտացոլելով կին-տղամարդ փոխհարաբերությունների բարդ ու բազմաշերտ աշխարհը։ Ցուցահանդեսում ներկայացված են նաև հատուկ այս նախագծի համար արված նոր գործեր։ Կենտրոնում մոնումենտալ եռապատկերն է «Սիրո ԴՆԹ» մեծամաշտաբ ստեղծագործությունը։

Ցուցահանդեսի արդիական գործերից է մեկը՝ «Կիբերպանկ Վեներան» է։ Հեղինակը պատմում է, որ իրեն միշտ գրավել է Վեներայի դիցաբանական կերպարը, որն արվեստի պատմության մեջ հայտնի է բազմաթիվ դասական մեկնաբանություններով։ Այսօր, ստեղծագործելով թվային տեխնոլոգիաների տիրույթում, Նանա Արամյանը փորձում է կերտել նորագույն դարաշրջանի Վեներային՝ ցույց տալով, թե ինչպես է սերը վերափոխվում և շարունակում գոյություն ունենալ անգամ թվային տիրույթում։ Աշխատանքի սկզբնական ներշնչանքի աղբյուրը Երվանդ Քոչարի հայտնի «Կիբերնետիկայի մուսան» քանդակն է։

Այս գործում հեղինակի պատկերացումները թվային աշխարհի մասին ստացել են ինքնատիպ լուծում. թվային տեխնոլոգիաներով ստեղծված աբստրակտ «կաթեցման» (dripping) տեխնիկան համադրվել է կիբերպանկ ոճի մետաղական մարմնով կնոջ կերպարի հետ։ Չնայած մետաղական առարկաներին ու համակարգչային դետալներին՝ նորագույն անատոմիա ձեռք բերած կիբորգի մարմինը պահպանում է իր էսթետիկան և գեղեցկությունը, որի վրա թիթեռներ են սավառնում։ Այս ուրբանիստական ու կիբորգացված մարդու գաղափարը դեռ 20-րդ դարի սկզբին արծարծում էին իտալացի ֆուտուրիստները։ Նանա Արամյանի մեկնաբանության մեջ, սակայն, տեխնոլոգիաների հանդեպ հիացմունքից զատ առկա է նաև ներքին դրամա՝ բնության, մարդկային զգացմունքայնության և տեխնոլոգիական սառը աշխարհի բախման ու համակեցության մասին։

Ժամանակակից արվեստի թանգարանում Նանա Արամյանի ցուցահանդեսը կտևի մինչև փետրվարի 8–ը։

Կարդացեք նաև

Back to top button