ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Խստացումների նպատակը ոչ թե պատժելն է, այլ կյանքեր փրկելը․ ՃՏՊ պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազել է

Ճանապարհային անվտանգության հարցերի շուրջ վերջին տարիներին հանրային սուր բանավեճ է ընթանում։ Մի կողմում մտահոգություններն են ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի առնչությամբ, մյուս կողմում՝ դժգոհությունները վարորդական իրավունքից զրկվելու խստացումների վերաբերյալ։

Հայաստանի վարչապետն այս երկու իրողությունները միմյանց կապող տվյալներ է հրապարակել․ 2024 և 2025 թվականներին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազել է 95-ով, ինչը գործադիրը կապում է հատկապես ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեմ կիրառված խիստ քաղաքականության հետ՝ ընդգծելով, որ սահմանափակումների նպատակը ոչ թե պատժելն է, այլ կյանքեր փրկելը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում խոսում է ՀՀ կառավարության հասցեին ժամանակ առ ժամանակ հնչող քննադատության մասին՝ կապված ճանապարհատրանսպոտային պատահարների թվի աճի հետ։ Վարչապետը նկատել է, որ վերջին տարիներին շատ կարևոր փոփոխություն է արձանագրվել։

«Ճանապարհատրանսպոտային պատահարների զոհերի թիվը կայուն ձևով նվազում է։ Եթե համեմատենք 2023-ի հետ, ապա 2024-ին 45 զոհ պակաս է եղել, իսկ 2025-ին՝ 50-ով պակաս։ Եվ սա այն պայմաններում, երբ ավտոմեքենաների թիվն ամեն օրվա հետ աճում է։ Ընդհանուր առմամբ 2 տարում շուրջ 95 կյանք է խնայվել ճանապարհատրանսպոտային պատահարներից»։

Վարչապետը խոսել է նաև պատճառների մասին՝ նշելով, որ դրական դինամիկան վերլուծվել է։

«Պատճառներից մեկը ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարող վարորդներին վարորդական իրավունքից զրկելն է։ Այսինքն՝ խմած վարորդներին վարորդական իրավունքներից զրկելն է։ Պարզ է, որ դա ոչ մեկի համար հեշտ որոշում չէ»։  

Օրերս «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ բազմաթիվ մարդիկ «անիմաստ» խախտման պատճառով զրկված են տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և «չեն կարողանում ընտանիք պահել»։ Այդ մարդկանց խոստանում են «երկրորդ շանս են տալ և վերադարձնել վարորդական վկայականները»։ Այս հայտարարության վերաբերյալ պարզաբանում է տարածել ՆԳՆ ոստիկանությունը՝ ներկայացնելով փաստեր։ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մանրամասնում է․

«Միայն 2025 թՆԳՆ ոստիկանությունը կայացրել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու 5435 որոշում, որից 4899-ը կամ 90,1 %-ը տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերն են։

Վերոնշյալը ոչ թե «անիմաստ» խախտումներ են, այլ ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ, որոնց հետևանքով վտանգվում է երթևեկության բոլոր մասնակիցների կյանքն ու առողջությունը»։  

Ոստիկանությունը տարածած պարզաբանմամբ կոչ է արել նաև նման հայտարարություններով չխեղաթյուրելու իրական պատկերը և զերծ մնալու վարելու իրավունքից զրկված քաղաքացիներին մոլորեցնելուց։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությամբ՝ ոչ սթափ վիճակում՝ մեքենա վարելու համար սահմանված իրավական խստացումները ինքնանպատակ միջոցներ չեն․ կիրառվող քաղաքականության նպատակը ոչ թե վարորդական իրավունքից զրկելն է, այլ վարքագծային փոփոխության հասնելը՝ նվազեցնելով ալկոհոլի ազդեցությամբ վարելու դեպքերը և դրանց հետևանքով արձանագրվող մահվան ելքով պատահարները։

«Ես կարծում եմ, որ մեր հանրության շրջանում պետք է լինի կոնսենսուս՝ համաձայնություն, որ խմած՝ ոչ սթափ վիճակում, ավտոմեքենա վարողները պետք է զրկվեն վարորդական իրավունքից»։

Օրենսդրական կարգավորումների համաձայն՝ եթե արյան մեկ լիտրում էթանոլի քանակությունը բարձր է մեկ գրամից, վարորդը մեկ տարի ժամկետով զրկվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից: Համեմատության համար ասենք, որ 2023-ին մեկ գրամից ավելի էթանոլ հայտնաբերվել է 93 անձի, իսկ 2024-ի միայն առաջին կեսին 60 անձի արյան մեջ: Միայն այս տարվա սկզբին՝ տոնական օրերին, պարեկները հայտնաբերել են ոչ սթափ վիճակում մեքենա վարող 417 վարորդի։

Կարդացեք նաև

Back to top button