ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Աշխատավարձի բարձրացման և պայմանների բարելավման պահանջ․ Ախթալայում գործադուլ է

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի մի քանի տասնյակ հանքափորներ հունվարի 15-ից գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Գործադուլի դիմած աշխատողներն ակնկալում են կառուցողական  բանակցություններ կոմբինատի ղեկավարության հետ,  ինչը դեռ չի կայացել։

Հունվարի 15-ից Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի 50-ից ավելի աշխատող գործադուլ է  անում։ Հայտարարում են՝ աշխատավարձերի բարձրացման ու աշխատանքային պայմանների բարելավման իրենց պահանջը շարունակում է անտեսել կոմբինատի ղեկավարությունը։

«Պղինձը  մի քանի տարի առաջ վեց ու քանիս էր,  դարձել է տասներեք, ամեն ինչը թանկանում է, սիգարետը 300 դրամ էր, դարձել է 800 դրամ, ամեն ինչը թանկանում է, մեր աշխատավարձը չի բարձրանում։ Ինչո՞ւ։ Վերանայում չկա, որ գոնե ոսկե միջինը գտնեն»։

«Փոփոխություն չկա։ Մենք չենք գնում գործի, իրենք էլ չեն բարձրացնում աշխատավարձը»։

Գործադուլավորները, որ հիմնականում հանքափորներ են, ասում են՝ իրենց  աշխատանքի ծավալն անհամարժեք է աշխատավարձի չափին։ Շատ հաճախ իրենց հիմնական աշխատանքից զատ այլ աշխատանք են կատարում, բայց չեն վճարվում դրա դիմաց։

«Թվեր ենք իրենց ներկայացրել, իրենց կողմից ոչ մի պատասխան չի եկել, որ էսքան չենք կարող, էսքան ենք կարող։ Իրենք մի դրամ անգամ պատրաստ չեն բարձրացնել»։

Կոմբինատի ղեկավարությունը գործադուլավորներին առաջարկել էր բանակցողների խումբ կազմել, հանդիպել և քննարկել  նրանց պահանջները, բայց հանդիպումն այդպես էլ չի կայացել։ Այս ընթացքում գործադուլի 45 մասնակցի ծանուցում է ուղարկվել անհարգելի բացակայությունների պատճառով աշխատանքից ազատվելու վերաբերյալ։

Գործադուլ հայտարարած աշխատողները վերադառնալ չեն պատրաստվում, քանի դեռ, իրենց ձևակերպմամբ, տնօրինությունն անտեսում է իրենց պահանջները։ Արշալույս Մատինյանն ասում է՝ 2․5 մետր խորության վրա են աշխատում՝ վտանգելով կյանքն ու առողջությունը, արտադրական ծավալների ավելացման դեպքում լրացուցիչ չեն վճարվում, մինչդեռ պղնձի գները համաշխարհային շուկայում կրկնակի աճել են, ըստ այդմ՝ հանքի եկամուտն էլ պետք է ավելացած լինի՝ ասում են։

«Պղինձը թանկացել է 100 %-ով։ 4 տարի առաջ եղել է 6700, հիմա 12700։ Եթե այս օր էլ հանեն այդ այլ աշխատանքները, մենք էլ պատրաստ ենք գնալ։ Խոստանում են՝կհանենք քիչ-քիչ, բայց չեն անում»։

Ֆեյսբուքյան գրառմամբ իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը նկատել է, որ, ըստ էության, այս հանքերի աշխատողները չունեն իրենց իրավունքների պաշտպանության  մեխանիզմ տեղական մակարդակում։  Գտնում է, որ այս պայմաններում նրանց աշխատանքից ազատելը խնդրահարույց է։

Կոմբինատն այս ընթացքում պաշտոնապես չի անդրադարձել խնդրին։ Աշխատանքային մեկ այլ հայտարարությամբ աշխատանքի են հրավիրվել հորատանցողների՝ ստորգետնյա հանքում աշխատելու համար՝ խոստանալով կայուն աշխատանք և մրցունակ աշխատավարձ։  

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց, որ որևէ հանգուցալուծման դեռ չի հաջողվում գալ,  կոմբինատի ղեկավարությունը հրաժարվում էր բանակցություններից․

«Այս պահին նաև մեր ոլորտային ճյուղային միության նախագահն է այնտեղ, փորձում է աշխատողների իրավունքները ներկայացնել, բայց 1 ժամ առաջվա դրությամբ դեռ գործատուի հետ հնարավոր չէր լինում բանակցային սեղանի շուրջ նստել։ Իրավիճակը դեռ սուր է։ Եթե գործատուն կհրաժարվի բանակցությունների սեղանի շուրջ նստել, բնականաբար, աշխատողները և մեր ոլորտային ճյուղային միությունը միասին կորոշեն իրենց հետագա քայլերը»։

Մանասերյանի խոսքով՝ աշխատողներին աշխատանքից ազատելը խնդրի լուծում չէ։ Եթե  նման բան կլինի, պատրաստ են դատական կարգով օգնել աշխատողներին։

Ախթալայի կոմբինատից պարզաբանումներ ստանալ «Ռադիոլուր»-ին չհաջողվեց։ Արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանն ասաց՝ խորհրդակցության է, ապա անպատասխան թողեց մեր զանգերը։

Կարդացեք նաև

Back to top button