
Հայոց բանակում չծառայած 27-37 տարեկան հայ երիտասարդները Հայաստան վերադառնալիս ոչ թե կձերբակալվեն ու դատարանի առջև կկանգնեն, այլ ընտրության հնարավորություն կունենան. տարբերակ 1` ծառայել բանակում, տարբերակ 2` վճարել մի քանի միլիոն դրամ կամ տարբերակ 3` անել երկուսը միաժամանակ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի առաջարկած օրենդրական փոփոխությունը, որ ամիսներ առաջ որակվեց իբրև գումարի դիմաց չծառայելու խայտառակ նախագիծ, փոփոխված տարբերակով դարձյալ ԱԺ նիստերի օրակարգում է և արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Պատգամավորները, սակայն, դեռ համակարծիք չեն, թե բանակից խուսափած տղան որքան գումար պետք է փոխանցի պետբյուջե և ինչքան ծառայի։ Զուգահեռ՝ Հայաստանից դուրս իրականությունում հազարավոր երիտասարդներ պարբերաբար երկարաձգում են տվյալ երկրում իրենց կեցության իրավունքն ու, այնուամենայնիվ, մնում առանց հստակ կարգավիճակի, այն է` ոչ Հայաստանի, ոչ էլ իրենց բնակության երկրի քաղաքացի, փաստացի մարդիկ «2 երկրների արանքում»։
Ծառայությունից խուսափող հայ տղաները կվերադառնան Հայաստան ու չեն դատվի, նոր կյանք կսկսեն, կամուսնանան հայ աղջկա հետ ու օտար ափերում հայրենիք չեն փնտրի. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն արդեն 2 տարի այս ձևակերպումներով է հիմնավորում իր առաջարկած օրենքի նախագիծը։ Երկարատև ու տարաբնույթ սուր քննարկումներից, պաշտպանության նախարարության ու պատգամավորների մի մասի բացասական կարծիքներից ու 2024-ին նման առանցքային շեշտադրումներով ձեւակերպված օրինագծի մերժվելուց հետո Սարգսյանը նորից ԱԺ ամբիոնի մոտ է․
«2024 թվականի հունվարից անցել է ուղիղ 2 տարի։ Այժմ ունենք 1200–ից ավելի տղաներ, ովքեր չունեն որևէ այլընտրանք, քան Հայաստան վերադառնալու դեպքում դատապարտվելն է։ Ներկայացված փոփոխությամբ այս հարցը կլուծվի մեկընդմիշտ։ Բոլորը, ում 27 տարին լրացել է կամ կլրանա, կկարողանան օգտվել իմ առաջարկած 5 տարբերակներից որևէ մեկից և ազատվել քրեական պատասխանատվությունից, քանի որ ծառայության սահմանային տարիքը այլևս 37 տարին կլինի»։

Այսպես, նախագիծը ծառայությունից դիտավորյալ կամ հանգամանքների բերումով խուսափած 27-37 տարեկան տղաներին ընտրության հինգ հնարավորություն է տալիս․ ինքնակամ Հայաստան վերադառնալ ու 24 ամիս ծառայել, 12 ամիս ծառայել և պետական բյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս և բյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս և պետությանը վճարել 8 մլն դրամ։ Իսկ ընդհանրապես չծառայելու այսպես ասենք արժեքը 15 միլիոն դրամ է։ Հայկ Սարգսյանի խոսքով՝ նախորդիվ պաշտպանության նախարարությունն անընդունելի է համարել 27-ից բարձր տարիքի զինվորական ծառայությունը և նշել, որ դեմ է նման կարգավորմանը․
«Դեմ կարծիքը պաշտպանության նախարարությունը արտահայտեց. «ինչպե՞ս կարող է 27 տարին լրացած տղան ծառայել բանակում»։ Իմ պատասխանը շատ պարզ էր, այնպես, ինչպես այլ երկրներում, մասնավորապես, Ադրբեջանում պարտադիր զինվորական ծառայության են մեկնում 18–40 տարեկան տղաները, Թուրքիայում 20–41 տարեկան, Իրանում` 18–50, Սիրիայում 18–42, Հունաստանում 19–50 տարեկան տղաները»
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ասում է՝ նախագծի վերանայված տարբերակով ընդունմանը դեմ չեն․
« Կառավարությունը ևս նախագծի ընդունման վերաբերյալ առարկություններ չունի։ Ուղղակի, օգտվելով առիթից, կխնդրեմ գործընկերոջս` պատգամավոր Հայկ Սարգսյանին, նաև հիշել, թե ինչ գործընկերային մթնոլորտում են անցել մեր բոլոր քննարկումները։ Ավելին, բացի պաշտպանության նախարարությունից, այդ ժամանակ այլ գերատեսչությունները ևս ունեցել են նկատառումներ, որոնք դուք ընդունել եք։ Ընդունել եք նաև պաշտպանության նախարարության նկատառումները, մեր դիտարկումները, և ինձ համար ուղղակի տարակուսելի է, որ, ունենալով քննարկումների հնարավորություն, այս ամբիոնից վերհիշել և նախապատմության մեջ նաև դժգոհության էլեմենտներ ներառող ելույթով եք հանդես գալիս»։
«Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանին հետաքրքրում է՝ ի՞նչը փոխեց պաշտպանության նախարարության կարծիքը․
«-Այդուհանդերձ, ինչի՞ն էր դեմ պաշտպանության նախարարությունը, ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել, որից հետո, փաստորեն, դուք կողմ եք արտահայտվել պատգամավորի առաջ քաշած նախաձեռնությանը։
-Հայկ Սարգսյանը ելույթում նշեց, որ ես ներկայացրել եմ լրացուցիչ հիմնավորումներ, և մեր տրամադրած լրացուցիչ տեղեկատվության, ինչպես նաև Հայկ Սարգսյանի լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պատգամավորը ներկայացրել է իր պարզաբանումները, իր լրացուցիչ հիմնավորումները, որոնք պաշտպանության նախարարության համար դարձել են ընդունելի։ Նաև նպաստել են մի շարք քաղաքացիների խնդրանքները, դիմումները, ովքեր օրենքի անցումային դրույթում ժամկետի առկայության պատճառով հնարավորություն չեն ունեցել դառնալ այս օրենքից օգտվելու շահառուն։ Այդ իսկ պատճառով մենք ևս գնացել ենք ընդառաջ» ։
Թեմայի վերաբերյալ երկար տարիների սեփական դիտարկումների արդյունքում իր գնահատումն ունի Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է` հայկական բանակում ծառայելու խնդրի առաջ հազարավոր, տասնյակ հազարավոր հայ տղաներ կան, որոնց կյանքում սա լրջագույն հարց է` որոշելու նրանց ապագան։
«Որևիցե կազմակերպություն, որևիցե հաստատություն, որևիցե միգրացիոն ծառայություն չի կարող մոտավոր տվյալներ փոխանցել։ Չեմ խոսում կոնկրետության մասին։ Ես կարծում եմ, որ այս պահին խոսքը վերաբերում է տասնյակ հազարավոր հայ երիտասարդների, որովհետև հատկապես 1997-98-99 թվականի ծնվածները, մինչև երկուհազարականներ ծնված տասնյակհազարավոր հայ երիտասարդներ կան աշխարհում, ովքեր ունեն զինակոչիկ լինելու պարտականությունը, բայց հանգամանքների բերումով հայտնվել են տարբեր երկրներում և սոցիալական մեծ խնդրի առաջ են կանգնած»։
Օրդուխանյանը «ազգային մեծ սոցիալական խնդիր» ձևակերպմամբ ընդգծում է՝ եթե շուտով Հայաստանն այս հարցը վերջնականապես չլուծի, բազմաթիվ երիտասարդների ճակատագրեր կմնան ծանր հարցականի տակ.
«Արտերկրում մեծացած հայ երիտասարդներն ունեն ինքնության այլ, էականորեն տարբերվող բաղադրիչներ, քան Հայաստանում մեծացած երիտասարդները։ Շատերի համար դա վերջանում է անձնական ողբերգությամբ։ Մենք դեպքեր ունենք, երբ համալսարանի 2-րդ, 3-րդ կուրսից հետո միգրացիոն ծառայություններն այլեւս չեն երկարացրել տվյալ երիտասարդի` տվյալ երկրում ապրելու իրավունքը, չնայած նա 2, 3 կամ 4 տարեկանից գտնվել է Գերմանիայում։ Այդ երիտասարդը ընդհատել է համալսարանը, եկել Հայաստան, ծառայության է անցել և «ջարդված» հոգեբանությամբ վերադարձել է, և ճակատագրերը փոխվել են, այլևս չեն կարողացել շարունակել համալսարանները, իրենց կրթությունը»։

Արտերկրում ապրող զորակոչային տարիքի տղաներին Օրդուխանյանը հարաբերականորեն երկու խմբի է բաժանում. նրանք, ովքեր ծնվել են Հայաստանում և վաղ մանկության տարիներին տեղափոխվել արտերկիր, և նրանք, ովքեր ծնվել ու մեծացել են Հայաստանից դուրս։ Երկու դեպքում էլ, գերմանաբնակ պատմաբանի դիտարկմամբ, դժվար է վերաինտեգրումը, հայկական վարքուբարքին հարմարվելը։ Անգամ եթե այդ տղաները որոշում են չվերադառնալ հայրենիք, ուսանելու, սոցիալական, իրավական ու առողջապահական բազմաթիվ խնդիրներ են ունենում իրենց բնակության երկրներում․
«Այս մարդիկ գոյություն ունեն, բայց չունեն կայուն կեցության իրավունք կամ կարգավիճակ։ Նրանց` տվյալ երկրում ապրելու իրավունքը կարող է երկարացվել ամեն ամիս, դու պիտի գնաս ամեն ամիս կամ 2 ամիսը մեկ կամ 3 ամիսը մեկ քո կեցության իրավունքը երկարացնես, իսկ դա բավականին-բավականին լարված գործընթաց է։ Պիտի արթնանաս վաղ, գնաս հերթ կանգնես, երկարացնես, հաջորդ ամիս նորից գնաս, մյուս ամիս նորից գնաս, և էդպես կարող է ձգվել տարիներ»։
Օրդուխանյանը չի կարծում, թե այս չափազանց զգայուն հարցը կարելի է լուծել խիստ պահանջներով ու դատական որոշումներով։ Վստահ է` օրենքները կարող են հարթել տարատեսակ հանգամանքների բերումով երկրից կտրված երիտասարդների` հայրենիքի հետ կապ հաստատելու ուղին։
«Ես կարծում եմ` այդ խիստ մոտեցումները կխորացնեն Հայաստան -Սփյուռք անտագոնիզմը, որ հիմա գնալով մեծանում է։ Ես կարծում եմ, որ լուծումներ կան, պետք է ուսումնասիրենք հաջողված երկրների փորձը»։
Օրդուխանյանն, օրինակ, հաջողված է համարում շվեյցարական մոդելը։ Ասում է՝ հենց այս խմբի տղաների համար կարող են վարժական հավաքներ կազմակերպվել, երբ կարգավորումներն էլ ըստ իրավիճակի կտրվեն։
Զուգահեռ իրականությունում՝ Հայաստանի խորհրդարանում որոշ պատգամավորներ առաջարկում են ավելի խիստ պատժել բանակից խուսափածներին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյան․
«Ինչի՞ պիտի 15 միլիոն տա, թող 50 միլիոն տա, որովհետև էդ մարդը կապ չունի այլևս քո երկրի հետ, ցանկություն չունի շփվելու քո բանակի հետ։ Մի օր, մի ամիս չի ուզում բանակի նիստուկացը հասկանալ, և եթե այդ աստիճան հնարավորություն ուներ, թող 50 միլիոն վճարի, որ ավելի էֆեկտիվ լինի»։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հաձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյան․
«Հարցից զգում եմ, որ Դուք շատ բացասական վերաբերմունք ունեք բանակից ազատվելու հանգամանքների հետ, և դա բնական է, բայց հաշվարկ է արվել։ Այս նախագծի նախնական տարբերակում հաշվարկ էր արվել, թե եթե 2 պայմանագրային զինծառայող 2 տարի ծառայի և առավելագույն կամ միջին աշխատավարձ եթե տրվի, ինչքան գումար է լինելու։ Այսինքն` իր չծառայելը հնարավորություն է տալիս 2 պայմանագրայինի 2 տարի ծառայության մեջ պահել։ Այս հաշվարկն է կատարվել ի սկզբանե»։

Իսկ մինչ պատգամավորներն ուղիներ են որոնում ու քննարկում` ինչպես ու երբ վերադարձնել Հայաստանից դուրս ապրող երիտասարդներին, որոնք ծառայելու պարտք ունենք երկրին, վերջիններս իրենք էլ ծանր կամուկացի առաջ են։ Ազատ Օրդուխանյանը, ով սերտ շփումներ ունի եվրոպական երկրների հայկական համայնքների հետ, նկատում է` հայ երիտասարդները Հայաստանից դուրս ոչ ապրում են արժանապատիվ կյանքով` չունենալով օրինական կարգավիճակ, ոչ էլ ուզում են վերադառնալ։ Փաստացի, այդ երիտասարդները կարող են կանգնել դատարանի առջեւ` իրենց ընտանիքների` իրենց երկրից դուրս մեծացնելու որոշման բերումով, ոչ թե հանցավոր որեւէ արարքի։
«Եթե գան, պիտի ձերբակալվեն և ուղարկվեն բանակ, իսկ դա շատ մեծ, շատ մեծ հոգեբանական ճեղք կառաջացնի, նաեւ` խնդիր Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, ընտանիքների մեջ։ Եւ ուրիշ բան էլ կա` երիտասարդներն էդպես կտրվելու են հայրենիքից։ Մեծ հանցագործություն կլինի այս երիտասարդների նկատմամբ, որովհետև պիտի գան երիտասարդները, հող ու ջրի հետ կապը չկտրեն, իսկ զինապարտության խնդիրը խանգարում է նրանց, և նրանք ստիպված պիտի լինեն էստեղ մնալ, իրենց ապագան կառուցել օտարազգի աղջիկների հետ և այլն, և այլն»։
Բանակից խուսափած 27-37 տարեկան հայ տղաները կազատվեն քրեական պատասխանատվությունից, եթե Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական առաջարկը:




