ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

ՀՀ-ում ջրծաղկի ու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման համար ավելի շատ են դիմում

Հայաստանում պատվաստումների ընդհանուր ցուցանիշի աճը ոլորտի պատասխանատուները անչափ կարևոր են համարում՝ վստահության ավելացում նկատելով պլանային պատվաստումների ցանկում ավելացած նոր պատվաստումների և մանկական հիվանդությունների կանխարգելման ծրագրերի, այդ թվում՝ մարդու պապիլոմավիրուսի (HPV) և ջրծաղկի դեմ պատվաստումների դեպքում։ Իրազեկման հետևողական աշխատանքի կողքին բուժաշխատողների պատրաստվածության բարձրացումն ու ծնողների ներգրավումն է կարևորվում։ Այս առումով որոշակի տարակարծություններ են առաջ եկել այն հրապարակումների ֆոնին, որ ԱՄՆ–ն որոշել է կրճատել երեխաների համար խորհուրդ տրվող պատվաստումների ցանկը՝ 17–ից դարձնելով 11–ը։

Վերջին տարիներին Հայաստանում պատվաստումների կայուն աճ է արձանագրվել, ընդ որում՝ բոլոր պատվաստումների դեպքում՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը։ Օրինակ՝ ջրծաղկի դեմ երկփուլ պատվաստումը 2025-ի հունվարից է ներդրվել  և նախատեսված է 12 ամսական և նախազորակոչային տարիքի անձանց համար: Այս պատվաստման 2–րդ դեղաչափը ներդրվելու է 2027 թվականին։

«Թիրախային խմբում 2025 թվականի ընթացքում ջրծաղկի դեմ պատվաստումների կատարողականը  767% է։ Բավական լավ ցուցանիշ է, որովհետև սահմանված ցուցանիշը 50% է»։

Այս արդյունքը  ոչ միայն պատվաստանյութերի հասանելիությամբ, այլև աշխատանքի ձևաչափի փոփոխությամբ է պայմանավորում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ծնողների հետ տեղեկատվական աշխատանքին և մասնագետների կարողությունների զարգացմանը՝ հաշվի առնելով պատվաստումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածման վտանգները»։

Առողջապահության նախարարի փոխանցած տվյալներով՝ Հայաստանում պատվաստումների ցուցանիշը մոտ է 96 տոկոսի։ Հրաժարվողների փոքր տոկոսի մոտ ինչ-ինչ վախեր են․ մասնագետները դա տեղեկացվածության  պակասին են վերագրում։ Ադելինա Ղազարյանը, սեփական դիտարկումները և որոշակի գնահատումներ հիմք ընդունելով,  17-ամյա դստերը պապիլոմավիրուսի դեմ պատվաստման չի տարել։ Դեռ կամուկացի մեջ է՝ ասում է։

ՀՎԿԱԿ-ում հանգամանորեն դիտարկում են այս պատվաստանյութի կիրառման դինամիկան։ Սվետլանա Գրիգորյանը հիշում է՝ 2017-ին «Գարդասիլ» դեղամիջոցի կիրառմամբ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման  ներդրումն առաջին շրջանում  զգուշավորությամբ և հակաքարոզչությամբ ուղեկցվեց, սակայն  ընթացքում  իրազեկման աշխատանքը փոխել է վերաբերմունքը, կա ընդգրկվածության աճ։

«Արդեն 2025 թվականի դրությամբ պատվաստումներում ընդգրկման ցուցանիշը մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ կազմել է 48 %։ Սա նշանակում է, որ այդ տարիքի աղջիկների 48 %-ը ստացել է իրենց անհրաժեշտ պատվաստումը։ Բավական լավ ցուցանիշ է, քանի որ եթե համեմատենք 2019 թվականի հետ, ընդգրկվածությունը այդ ժամանակ կազմում էր ընդամենը 55 %»։

Եվրոպական արտադրության քառավալենտ պատվաստանյութի շուրջ բազմաբնույթ մեկնաբանություններ եղան, մասնավորապես, որ այն ձեռք է բերվել մեծ քանակով, իսկ ավելցուկը ժամկետը սպառվելուն մոտ լինելու պատճառով առաջարկվել է նաև ավելի բարձր տարիքային խմբերին։ ԱՆ ներկայացուցիչը պարզաբանում է՝ տարիքային շեմն  ընդլայնվել է 2019 թվականին՝ նախարարի հրամանով։ Շատ երկրների օրինակն է Հայաստանը հիմք ընդունել և 13 տարեկանը դարձրել մինչև 45։ Իսկ պատվաստանյութի ավելցուկ ՀՀ-ում երբևէ չի եղել՝ ասում է ՀՎԿԱԿ ներկայացուցիչն ու բացատրում պատվաստանյութի ներմուծման կարգը։

«Պատվաստանյութի ձեռքբերումը ինքնանպատակ չի լինում, հաշվի է առնում նախորդ ժամանակահատվածում պատվաստանյութերի պահանջարկը, կատարված պատվաստումները։ Այնպես որ պատվաստանյութի ավելցուկ չենք ունենում, և էդ քանակների արդյունավետ կիրառումը սահմանված գործիքակազմով կառավարվում է»։

Այս ընթացքում միջազգային մամուլում լայնորեն քննարկվում է ԱՄՆ կառավարության աննխադեպ որոշումը՝ 17-ից 11-ի հասցնել երեխաների համար խորհուրդ տրվող պատվաստումները՝ հանելով գրիպի, ռոտավիրուսային վարակի, A և B հեպատիտների, մենինգիտի որոշ ձևերի և շնչառական սինցիցիալ վիրուսի (RSV) դեմ ներարկումները։ Դա հիմնավորվեց գնահատումներով, թե պատվաստումը կարող է թուլացնել երեխաների սեփական պաշտպանությունը մի շարք վարակիչ հիվանդություններից։ Փոփոխությունն ուժի մեջ է մտել անմիջապես։ Ամերիկյան  նոր ուղեցույցներով՝ նշված հիվանդություններից պաշտպանությունն առաջարկվում է միայն բարձր ռիսկի խմբի երեխաների համար կամ երբ բժիշկներն ու ծնողները համատեղ հայտարարի են գալիս։ ԱՄՆ-ը  չի սահմանափակի պատվաստումներն այն ընտանիքների համար, որոնք ցանկանում են պատվաստվել․ ապահովագրությունը կշարունակի ծածկել այդ ծախսերը։

Պարտադիրի ցանկում են մնում կարմրուկի, կապույտ հազի, պոլիոմելիտի, փայտացման, ջրծաղկի,  պապիլոմավիրուսի (HPV) դեմ պատվաստումները։

Սակայն միջազգային առողջապահական համակարգում՝ ԱՀԿ-ում, որից Թրամփը դուրս բերեց իր երկիրը, զգուշացնում են, որ որոշումը կարող է շփոթ առաջացնել և  հանգեցնել կանխարգելելի հիվանդությունների տարածման աճին։ 

Սվետլանա Գրիգորյանը նկատում է՝ ԱՄՆ–ն հանում է մանկական մահացությունը կրճատող հիվանդությունների դեմ պատվաստումներ։ Իսկ Հայաստանը շարունակում է առաջնորդվել ԱՀԿ ուղեցույցներով։ Երկրում վարակիչ 20  հիվանդություն համարվում է կառավարելի հենց կիրառվող 17 պատվաստման արդյունքում՝ շեշտում է մասնագետը։

«Յուրաքանչյուր  ժամանակացույց՝ սահմանված է ԱՀԿ–ի կողմից, ինքնանպատակ չէ։ Դա այն ժամանակահատվածն է, երբ նորածնի ծնվելուց հետո մորից ստացած հակամարմինները կարող են իրեն որոշ չափով պաշտպանել։ Դրանից հետո արտաքին աշխարհի հետ իր շփումները մեծանում են, և պետք է պաշտպանություն ապահովել։ Իսկ անվտանգ պաշտպանություն ապահովելու ամենաարդյունավետ տարբերակը  պատվաստանյութերի կիրառումն է, հետևաբար,  սահմանված ժամկետում պետք է կատարել պատվաստումը, որպեսզի չունենանք այնպիսի հիվանդությունների հետ վերադարձ, ինչպիսիք են, օրինակ, դիֆթերիան, փայտացումը, պոլիոմելիտը»։

Առողջապահության նախարարությունում էլ են ընդունում, որ դեռ անելիք կա հանրության այն հատվածի հետ, որը դեռ վերապահումներ ունի պատվաստումների հանդեպ։ Վստահեցնում են՝ դրա պատասխանը վարակներից պաշտպանությունն է, որն ապացուցվում է տասնամյակների վիճակագրությամբ։

Կարդացեք նաև

Back to top button