ԿարևորՄիջազգային

Պուտինը Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհրդին» մասնակցելու հրավեր է ստացել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գազայի հարցով զբաղվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդին» մասնակցելու հրավեր է ստացել, հունվարի 19-ին հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ներկայում մենք ուսումնասիրում ենք այս առաջարկի բոլոր մանրամասները՝ այդ թվում ամերիկյան կողմի հետ շփումների միջոցով՝ պարզելու բոլոր նրբությունները»,-«Ինտերֆաքսի» փոխանցմամբ նշել է Պեսկովը։

Թրամփը հրավիրել է նաև Օրբանին և Տոկաևին

Հունվարի 18-ին Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ վարչապետ Վիկտոր Օրբանը ստացել է Թրամփի հրավերը՝ միանալու նոր միջազգային խորհրդին։ «Նա շոյված է այս հրավերով և, բնականաբար, կմասնակցի խորհրդի աշխատանքներին»,- ասել է Սիյարտոն։

Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն էլ «անկեղծ երախտագիտությամբ» ընդունել է նույն հրավերը։

Ինչպես հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը, Տոկաևն արտահայտել է իր ցանկությունը՝ ներդրում ունենալ Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության, միջպետական վստահության և համաշխարհային կայունության ամրապնդման գործում։

Bloomberg-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահը հրավիրել է ևս մի քանի համաշխարհային առաջնորդների միանալ Խաղաղության խորհրդի գործադիր խորհրդին, այդ թվում՝ Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլիին և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին։

Կարդացեք նաև

Back to top button