
14 ժամ տևած դատական նիստից հետո դատարանը մերժել է Սամվել Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ իրավապահների միջնորդությունը՝ կիրառելով տնային կալանք, ֆեյսբուքի իր էջում հայտնել է իրավապաշտպան Արամ Վարդևանյանը։
Նա նշել է, որ հանվել է Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը նախօրեին բեկանել էր «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու Հակակոռուպցիոն դատարանի վճիռը։
Դատարանի նոր որոշմամբ՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել էր կալանք՝ երկու ամիս ժամկետով։
Դեկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանը փոխել էր Կարապետյանի կալանքը տնային կալանքով և գրավով։
Գործարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։




