
Հեղուկ գազը շարունակում է թանկանալ, դեֆիցիտն էլ պահպանվում է։ Սպառողները դժգոհում են, պատասխանատուները տնտեսվարողներին ուղիներ են առաջարկում ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Չի բացառվում, որ առաջիկայում հեղուկ գազը Հայաստան հասնի նաև երկաթուղով։ Այս թեմային այսօր անդրադարձել են կառավարության նիստում։
Հայաստանը հեղուկ գազ ներկրում է Ռուսաստանից ու Իրանից։ Երկու ուղղություններով էլ այս պահին խնդիրներ կան։ Լարսի անցակետը փակ է եղանակի պատճառով, Իրանում էլ ներքաղաքական անհանգիստ իրավիճակ է։ Այս ամենին գումարվել է նաև հեղուկ գազի թանկացումը բորսաներում։ Այս խնդրին կառավարության նիստին անդրադարձավ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը․
«Մեծ աղմուկ է բարձրացրել։ Այսօր էլ դրա տարածումը շատ եղավ։ Մենք հստակ պարզաբանում ենք տվել այդ առիթով , որ ամեն տարի, երբ ճանապարհային հանգույցի խնդիր ենք ունենում, թանկանում են։ Սովորական պրոցես է ապրիլ, մայիս ամիսներին էժան է լինում, դեկտեմբեր ամսին՝ թանկանում է։ Այստեղ որևէ լուրջ պրոբլեմ գոյություն չունի և դեֆիցիտ ևս գոյություն չունի»։
Հենց դա արդեն խնդիր է՝ վարչապետն այսպես է արձագանքում է Գեղամ Գևորգյանի հայտարարությանը․
«Այն ինչ նկարագրեցիք, արդեն լուրջ պրոբլեմ է։ Այդ հարցերը պետք է լուծվեն, այդ թվում՝ տարածաշրջանային խնդիրների լուծման համատեքստում։Պետք է այդ հարցը լուծվի, և որպեսզի ՀՀ–ում մատակարարումների տարբեր ուղիներ և տարբեր աղբյուրներ ունենանք»։
Մատակարարումների նոր ուղիներ բենզինի ու ցորենի համար արդեն կան։ Առաջիկայում գուցե հեղուկ գազի համար էլ նոր ուղիներ բացվեն։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հստակեցնում է․
«Այս պայմաններով պայմանավորված՝ բոլոր գործարարներին մեր առաջարկը հետևյալն է եղել՝ ժամանակն է արդեն օգտվել երկաթուղային հաղորդակցությունից։ Կարծում ենք, որ առաջիկայում այդ հարցը մեկընդմիշտ կկարողանանք լուծել,
որովհետև երկաթուղային հաղորդակցությունը այդպիսի խնդիրների առաջ չի կանգնում, ինչպիսին, օրինակ Վերին Լարսը»։
Կառավարությունը պայմաններ է ստեղծում, որպեսզի մասնավոր հատվածը հնարավորություններ ստանա՝ արձանագրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդգծում է՝ այստեղ նաև առևտրի խնդիր է, ուստի առաջիկայում հստակ հայտարարություններ կլինեն, թե ի՞ նչ ձևաչափով ու ո՞ր երկրից է ներկրվելու հեղուկ գազը․
«Վստահեցնում եմ ձեզ՝ շատ հավանական է, որ շարժը տեղի ունենա երկաթգծով, գնորդից մինչև վաճառող, որովհետև, այնուամենայնիվ, վերադառնալով թեմային, մենք իրականության մեջ տեղափոխում ենք այդ ձևով, ինչի վրա կոնսենսուսով աչք ենք փակում, բայց կարելի է ասել, որ սա անթույլատրելի է։ Վերին Լարսով ենք ներկրում գազը, հետո տեղափոխում մեքենաներով։ Սա լավագույն ձևաչափը չէ, և ես բազմաթիվ վերապահումներով կարող եմ ասել դրա հետ կապված։ Նկատի ունեմ, որ քաղաքակիրթ ճանապարհով պետք է կազմակերպվի։ Կարծում եմ՝ մոտ ժամանակներում շուկան կադապտացվի այսօրվա իրականությանը, և ներմուծումները կիրականացվեն շատ ավելի սիստեմատիկ ու ճիշտ տրանսպորտային ուղիով»։
Պատասխանատուները խոստանում են, որ տարեվերջին գազի թանկացման կամ դեֆիցիտի խնդիր չի առաջանա։
Մինչև այդ՝ խնդիրները պահպանվում են սպառողների համար։ Մինչդեռ Հայաստանը փորձում է սպառողների շահերի պաշտպանությունը մոտեցնել եվրոպական չափանիշներին։ Այդ ոլորտում նախագծերի հերթական փաթեթը ևս հաստատված է։ էկոնոմիկայի նախարարը ընդգծում է․
«Սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ հրահանգի մոտարկման դեպքում սպառողների հետ կնքվող պայմանագրերում չեն կարող դրանք ներառել։ Անարդար բնույթի պայմաններ․ խոսքը գնում է այնպիսի պայմանների մասին, երբ սպառողը, ելնելով իր շահերից, չէր ընդունի այդ պայմանը, եթե հնարավորություն ունենար մասնակցելու պայմանագրի պայմանների որոշմանը։ Նախագծով սահմանում ենք անարդար բնույթի պայմանների տեսակները, նախատեսելով, որ պայմանագրում որևէ անարդար պայմանի առկայության դեպքում նման պայմանն առ ոչինչ է։ Հահանգի մոտարկման արդյունքում սպառողները պաշտպանված կլինեն նրանով, որ իրենց հետ կնքվող միանալու պայմանագրերում վաճառողները կամ ծառայություն մատուցողները չեն կարող ներառել անարդար պայմաններ, իսկ ներառելու դեպքում այդպիսի պայմանները կհամարվեն առ ոչինչ։ Կարգավորումները տարածվելու են այն տնտեսվարողների վրա, որոնք առաջարկում են սպառողին կնքել ստանդարտ ձևով սահմանված պայմաններում միանալու պայմանագիր»։
Սպառողները նաև ամբողջովին պաշտպանված կլինեն մոլորեցնող գովազդից, քանի որ համեմատող գովազդի դեպքում տնտեսվարողները հնարավորություն կունենան որոշակի դեպքերում գովազդում նշելու մրցակից ընկերությանը։Առցանց հարթակներում պայմանագրեր կնքելիս սպառողները կոնկրետ տեղեկություններ կունենան առաքման ժամկետի մասին, վաճառողի ու սպառողների իրավուքններն ու պարտականությունները ավելի հստակ գրվեն։ Տնտեսվարողները ստիպված կլինեն հետևելու պայմանագրի դրույթներին։




