Հանգստյան օրերին՝ հունվարի 10–11-ին, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կապ է հաստատել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիֆ Ուիթքոֆի հետ, հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի զրուցակիցները չեն հստակեցրել, թե Արաղչին եւ Ուիթքոֆը ինչպես են շփվել՝ հեռախոսազրույցի միջոցով, թե տեքստային հաղորդագրություններով։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ շփման ընթացքում նրանք քննարկել են առաջիկա օրերին հանդիպում անցկացնելու հնարավորությունը։
Axios-ի զրուցակիցների կարծիքով՝ Իրանի ԱԳ նախարարի շփումները Ուիթքոֆի հետ կարող են վկայել լարվածությունը նվազեցնելու կամ ժամանակ շահելու Թեհրանի փորձերի մասին։
Axios-ը նաեւ նշում է, որ Արաղչիի եւ Թրամփի հատուկ բանագնացի միջեւ շփումը ցույց է տալիս, որ, չնայած միջուկային բանակցություններում ստեղծված փակուղային իրավիճակին, Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ ուղիղ կապը պահպանվում է։
Տես նաեւ` Իրանը չի ընդունում թելադրանքներ, բայց պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ․ Արաղչի




